Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ և ԱՀ երիտասարդության կրթական, ընկերային և քաղաքական խնդիրները շարունակում են անհանգստացնող մնալ. ՀՅԴ երիտասարդական միություններ

Ապրիլ 01,2018 20:54

2018 թ. Մարտի 28-30-ը, Երևանում տեղի ունեցաւ Հ.Յ.Դ. երիտասարդական և ուսանողական միութիւնների ներկայացուցիչների համահայկական խորհրդաժողովը։ Խորհրդաժողովին մասնակցում էին 35 ներկայացուցիչներ 16 երկրներից (Աւստրալիա, Արգենտինա, Ուրուգուայ, Կանադա, Ա.Մ.Ն. Արևելեան և Արևմտեան շրջաններ, Ֆրանսիա, Հոլանդիա, Լիբանան, Սիրիա, Իրան, Հայաստան, Արցախ և այլուր)։

Բացման խօսքով հանդէս եկաւ Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի պատասխանատու ընկեր Սարգիս Մկրտչեանը։

Եռօրեայ խորհրդաժողովում մասնակցիները նախ զեկուցեցին անցնող երկու տարիների իրենց պատկան միութեան գործունէութեան և դիմագրաւած դժուարութիւնների մասին, ապա ունկնդրեցին Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի գործունէութեան զեկոյցը։

Այնուհետև տեղի ունեցաւ քննարկում «Հանրային կապի հարցը Հ.Յ.Դ. երիտասարդական դաշտում», «Հ.Յ.Դ. Երիտասարդականի արտաքին-յարաբերական աշխատանքները», «Հ.Հ. 100-ամեակ», «Պատանեկան ճամբարներ», «Դաստիարակչական նիւթեր» և այլ հարցերի շուրջ։ Մանրամասնօրէն վերհանուեցին Հ.Յ.Դ. Երիտասարդականի առջև ծառացած մարտահրաւէրները և առաջարկներ հնչեցին լուծումների ու հետագայ անելիքների վերաբերեալ։

Մարտի 29-ին խորհրդաժողովի մասնակիցները հանդիպում ունեցան Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ ընկեր Հրանտ Մարգարեանի հետ, ով խօսեց «Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական իրավիճակն ու Հ.Յ.Դ. դերն ու անելիքները» նիւթի մասին և պատասխանեց երիտասարդների բազմաթիւ հարցումներին։

Առանձին զեկոյցներով Հ.Յ.Դ. Բիւրոյի Հանրային կապի գրասենեակի պատասխանատու ընկեր Արտակը Սարգսեանը ներկայացրեց «Հ.Յ.Դ. հանրային կապի ռազմավարութեան հիմնադրոյթները» և Հ.Յ.Դ. Մամլոյ դիւանի պատասխանատու ընկեր Արտաշէս Շահբազեանը «Հ.Հ. 100-ամեակ» թեմաները։

Խորհրդաժողովը տեղի ունեցաւ ընկերական ջերմ մթնոլորտում։

Վերջում խորհրդաժողովի մասնակիցներն ընդունեցին Յայտարարութիւն, որը ներկայացւում է ստորև։

Հ.Յ.Դ. Բիւրոյի

Երիտասարդական գրասենեակ

30 Մարտ, 2018 թ.

Հայտարարություն

ՀՅ Դաշնակցության երիտասարդական և ուսանողական միությունների համահայկական խորհրդաժողովի

30.03.2018թ.

Երևան

ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների համահայկական խորհրդաժողովը.

– Լսելով Հայաստանի Հանրապետության ներքաղաքական, արտաքին քաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ համապարփակ զեկույց,

– Քննարկելով հայրենիքի և սփյուռքի երիտասարդության առջև ծառացած ազգային, կրթական և ընկերային խնդիրները,

– Քննարկելով ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների առջև ծառացած մարտահրավերները,

– Անդրադառնալով միությունների կազմակերպական կարողականությունների շարունակական զարգացման ու արդիականացման խնդիրներին,

– Արձանագրելով արտաքին-հարաբերական ոլորտում ՀՅԴ Երիտասարդականի ձեռք բերած հաջողությունները,

– Քննարկելով միությունների կողմից Հայաստանում և Արցախում իրականացվող պատանեկան ճամբարների հարցերը,

– Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության հիմնադրության 100 ամյակի առիթով ՀՅԴ Երիտասարդականի անելիքներին,

Հայտարարում է

– Հայաստանի և Արցախի հանրապետությունների երիտասարդության կրթական, ընկերային և քաղաքական խնդիրները շարունակում են անհանգստացնող մնալ՝ նպաստելով երիտասարդների կրթական մակարդակի ոչ բավարար լինելուն, սոցիալական դժվարություններին, աշխատաշուկայի անհամաչափությանը և քաղաքական հնարավորությունների անհավասարությանը, որոնք պետության բացթողումն են: Ուստի այս խնդիրները շարունակում են մնալ ՀՅԴ Երիտասարդականի սևեռուն ուշադրության կենտրոնում։

-Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը ՀՅԴ Երիտասարդականի արտաքին-հարաբերական աշխատանքների հիմնական քաղաքական առաջնահերթություններից է։

-Հայաստանի Հանրապետության 100 ամյակի առթիվ ՀՅԴ Երիտասարդականը պետք է կազմակերպի միջոցառումներ՝ թե տեղային, թե համահայկական մակարդակներում։

– Հայրենիք-սփյուռք համագործակցության առավելագույն արդյունավորման գործում երիտասարդությունը, և հատկապես ՀՅԴ Երիտասարդականն ունեն իրենց ուրույն հանձնառությունը։

– Անհրաժեշտ է սփյուռքի համայնքներում մեծացնել հայ երիտասարդության համայնքային, կազմակերպական և քաղաքական ներգրավվածության մակարդակը։

– Կարևոր է համարվում միությունների աշխատանքների պատշաճ լուսաբանումը՝ հանրային կապերի ժամանակակից գործիքակազմի լայն կիրառմամբ։

– Սփյուռքի ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների կազմակերպմամբ՝ Հայաստանի և Արցախի հանրապետություններում իրականացվող պատանեկան ճամբարները գնահատվում են դրական ու պետք է շարունակվեն՝ այդ և այլ ճանապարհներով նպաստելով հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանը, փոխճանաչողության բարձրացմանը՝ երիտասարդական-պատանեկան հարթությունում:

ՀՅ Դաշնակցության երիտասարդական և ուսանողական միությունների խորհրդաժողովն ավարտեց իր աշխատանքները՝ հառաջիկա երկու տարվա համար նախանշելով ՀՅԴ Երիտասարդականի հիմնական կազմակերպական և քաղաքական անելիքները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30