«Իշխանությունները նոր դավադրություններ են կազմակերպում Ժիրայր Սեֆիլյանի դեմ»,-այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը:
Նա ասաց, որ դատարանում իր վերջին խոսքում Սեֆիլյանը որոշ արտահայտություններ է արել, կանխատեսում է արել, որ շուտով հայ ժողովուրդը պետք է վերամիավորվի եւ հասնի ցանկալի արդյունքի ու հիմա իշխանությունները դրա հետ կապված նոր հոդվածով մեղադրանք են պատրաստում: Քննչական կոմիտեի հատկապես կարեւորագույն գործերով քննիչի վարույթում նյութեր են պատրաստվում. «Վերջին խոսքում չկա ուղղակի որեւէ բան, որ քրեական հետապնդման հարց առաջանար»:
Հայրապետյանն ասաց, որ այսօր Արմավիր քրեակատարողականում է եղել եւ քննիչի հայտնած տեղեկությունը փոխանցել Ժիրայր Սեֆիլյանին: Նա, տեղեկանալով, որ իր վերջին խոսքի հետ կապված նոր նյութեր են նախապատրաստվում, փոխանցել է. «Ցանկանում են մեզ լռեցնել, մեզ լռեցնել հնարավոր չէ: Գործող ռեժիմը Հայաստանը Հյուսիսային Կորեայի վերածելու ռեսուրս չունի, ուստի շատ շուտով հոգին ավանդելու է, պարզ է, որ սա հոգեվարքի գործողություններ են»:
Մեր հարցին, թե նախապատրաստվող նյութերի արդյունքում ի՞նչ է սպառնում Սեֆիլյանին՝ Հայրապետյանը պատասխանեց. «Հավանաբար 10.5 տարին մտածել են, որ քիչ պատիժ է, եւս 10-20 տարի կարող են տալ, կարող են ավելացնել Ժիրայր Սեֆիլյանի ազատազրկման ժամկետը մինչեւ 25 տարի»:
Սեֆիլյանի վերջին խոսքում նա ապագայի նկատմամբ կանխատեսում է անում ու քաղաքական վերլուծություն անում, որ հայ ժողովուրդը պետք է համախմբվի եւ ազատագրի Հայաստանը, իսկ թե կոնկրետ ինչ նյութեր են նախապատրաստվում, ըստ Սեֆիլյանի, դա ավելի շատ դրսի անձանց լռեցնելու համար է, որ բոլորը հասկանան՝ չի կարելի ազատ խոսք ունենալ:
Տիգրան Հայրապետյանն ասաց, որ Սեֆիլյանի դատավճիռը 5 օրվա ընթացքում պետք է ուղարկվեր կողմերին, բայց չի ուղարկվել, արդեն 3 շաբաթ է անցել՝ դատավճիռ չկա. «Սեֆիլյանը, երբ ամբողջ դատաքննության 10 ամսվա ընթացքում մեկ անգամ արտահայտվելու հնարավորություն չի ունեցել, վերջին խոսքը փոխանցեց փաստաբանին, պարզվում է՝ վերջին խոսքի հետ կապված էլ նյութեր են նախապատրաստվում եւ կարող է մեկ անգամ եւս դատապարտվի: Սա մեկ անգամ եւս հաստատում է, որ խոսել, թե անձը, հատկապես ընդդիմադիր քաղաքական գործիչներն ունեն խոսքի, արտահայտվելու կամ քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունք, սա ուղղակի պատրանք է, այդ իրավունքը չի իրացվում»:
Ինչ վերաբերում է Կարո Եղնուկյանին՝ նա ասաց, որ երբ նրա հիվանդության պատմությունը ներկայացրեցին՝ դատարանը նշանակել է փորձաքննություն՝ պարզելու, թե Եղնուկյանը կարո՞ղ է մասնակցել դատական նիստերին, թե՞ ոչ. «Պետությունը հստակ գնում է այն քաղաքականության, որ որեւէ ձեւով դատարանը, փորձագիտական կենտրոնը չի աշխատում, որեւէ բանի մենք ՀՀ-ում չենք կարողանում հասնել: Անձի կյանքին իրական վտանգ է սպառնում, հոգեբանական խոշտանգում է տեղի ունենում: Սա կարող է հանգեցնել անձի սպանության: Պետությունը պարտավոր է միջամտի, հնարավորություն ստեղծի, որ ամբաստանյալը իր իրավունքները սահմանված կարգով ներկայացնի: Որեւէ բան տեղի չի ունենում: Հետագայում, եթե դժբախտ դեպք տեղի ունենա, որեւէ մեկը թող չասի, որ ինքը նախապես տեղեկացված չի եղել, որովհետեւ բոլոր բժշկական փաստաթղթերն առկա են: 1 շաբաթ անընդմեջ շտապօգնություն է կանչվել, ճնշումը բարձրացել է կտրուկ 220, 260, հրաշքով ինսուլտ կամ կաթված չի եղել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ



















































պապամ… իբր փաստաբան, ո՞նց կարող ես չհասկանալ
ազատ խօսքի իրաւունքը չի վերաբերիր ապստամբութեան կոչին, ահաբեկչութեան արդարացման կամ ջատագովութեան, Պետութեան դէմ բռնութիւն գործադրելու խրախուսանքի կամ սպառնալիքների
այդ բոլորը յանցագործութիւններ են, հաստատ, աշխարհի որեւէ երկրում… գոնէ զանոնք կարդայ այն երկրի Քրէական Օրէնքին մէջ ուր որպէս «փաստաբան» հակաւնում ես գործել
քո հիմնական պատասխանատւութիւնն է քո յաճախորդին բացատրելը թէ իր այդ բնոյթի խօսքերը օրինական հետեւանքներ ունին, իրեն համար վնասակար… փոխանակ այսպիսի յայտարարութիւններով ձեւով մը քաջալերես որ նա շարունակէ ինքն իրեն օրինապէս վնասել…