Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես առանց ներդրումների բիզնես սկսել

Ապրիլ 10,2018 17:26

Դրախտը Հայաստանում է, եւ սա խայծն է, որի միջոցով կարելի է զբոսաշրջիկներ հրավիրել մեր երկրի գյուղական բնակավայրեր: Այս կարծիքին են «Դրախտիկ» նախաձեռնության անդամները: Նրանք այսօր «Նոյյան տապան» ակումբում ներկայացնելով իրենց ծրագրերը, վստահեցրին՝ առանց ներդրումների հայկական գյուղերում հնարավոր է զարգացնել զբոսաշրջությունը ու գյուղացիներին մասնակից դարձնել այդ գործում: Նախաձեռնությունը Սեւանա լճի ափին հարակից Դրախտիկ գյուղում սկսել է գյուղացիների հետ աշխատանքը եւ ինչպես իրենք են վստահեցնում՝ «Երազանքների գյուղ»-ն են կյանքի կոչել:

Նախաձեռնության անդամ Կարինե Փանոսյանն ասաց, որ գյուղացիները կարող են զարգացնել իրենց համայնքը, ամենքն իր տանը զբոսաշրջիկ կարող է ընդունել. «Մեր խնդիրն իրենց աջակցելն է, կրթել զբոսաշրջության տեսանկյունից եւ ձեռք բերել այն հմտությունները, որոնք կօգնեն իրենց ոչ միայն գրավել զբոսաշրջիկներին, այլեւ ներդրողներին: Մենք տեսնում ենք՝ ինչպիսի չքնաղ տեսարաններ ունի Հայաստանը, եւ ոչ միայն Սեւանի ափին, այլեւ ցանկացած գետի ափին, սարի լանջին, բայց մենք չենք կարողանում մեր ռեսուրսներն օգտագործել: Մենք տեսնում ենք եվրոպական գեղեցիկ, կանաչ գյուղեր. Ինչպե՞ս է սա ստացվել՝ մարդկային ներդրումների միջոցով»:

Մանրամասն՝ տեսանյութում

Բանախոսներն ասացին, որ «Դրախտիկ» գյուղում դասընթացներ են կազմակերպում, եւ գյուղացիներին ուսուցանում ինչպես ներգրավվել զբոսաշրջության բնագավառում. Նախ՝ համայնքը պետք է մաքուր ու կանաչ պահեն, մաքուր սնունդ ունենան: Հետո՝ ամեն գյուղացու տուն հնարավորություն ունի հյուր ընդունելու:

Նախաձեռնության անդամ Ստելլա Սարուխանյանն ասաց, որ գյուղացիներն ամաչում էին իրենց հին կահույքից եւ հին սպասքից, եւ կարծում էին, թե այդ ամենով ամոթ է զբոսաշրջիկ ընդունել. «Բացատրեցինք, որ այդ հին կահույքը կարելի է առանց խոշոր գումար ծախսելու նորոգել ու թարմացնել»:

Կարինե Փանոսյանն էլ ավելացրեց՝ «Իրենց բացատրեցինք, որ օտարերկրացիները գյուղ չեն գալիս չեխական սպասքից օգտվելու համար, իրենց գրավում է, որ ամեն ինչ գյուղական է: Նաեւ բացատրում ենք, որ միակ ներդրումը, որ պետք է արվի, սանհանգույցն է: Օտարերկրացին գիշերը, այն էլ տանից դուրս զուգարան չի գնա, հատկապես որ գյուղերում տարբեր պատճառներով արջերն ու գայլերը ակտիվացել են»:

Ասուլիսի բանախոսներից մեկն էլ կատակեց. «Միգուցե դա հետագայում որպես էքստրեմալ տուրիզմ կիրառենք»:

Ստելլա Սարուխանյանն էլ ասաց, որ իրենք փորձում են կապել քաղաքաբնակին՝ գյուղաբնակի հետ, ասենք՝ մարդիկ, որոնք գյուղում բարեկամ-ազգական չունեն, բայց ցանկություն ունեն գյուղ գնալու:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30