2018 թ. ապրիլի 17-25-ը քաղաքացիական անհնազանդության, ոչ բռնի, խաղաղ ցույցերի մասնակիցների և դրանք լուսաբանող լրագրողների նկատմամբ ոստիկանների և քաղաքացիական հագուստով անձանց կողմից բռնություն գործադրելու, ինչպես նաև ցուցարարների տեղաշարժը խոչընդոտելու դեպքերի վերաբերյալ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին 19 հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն:
Լրագրողների մասնագիտական գործունեությունը բռնությամբ խոչընդոտելու վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին 2 հաղորդում է ներկայացրել, երկուսով էլ, ըստ ՀՀ Քննչական կոմիտեի պաշտոնական կայքէջի, հարուցվել են քրեական գործեր ՀՀ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով, սակայն Կազմակերպությանը քրեական գործ հարուցելու մասին պատասխան չեն տրամադրել: Դրանք վերաբերում են 2018 թ. ապրիլի 17-ի լույս 18-ի գիշերը Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում factor.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր Արևիկ Սահակյանի ու նրան օգնության հասած օպերատորի նկատմամբ, ինչպես նաև ապրիլի 21-ին Արտաշատի ճանապարհին «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքերին:
Ցույցերին մասնակցությունը խոչընդոտելու վերաբերյալ հանցագործության մասին 3 հաղորդում ենք ներկայացրել, դրանցից ոչ մեկի վերաբերյալ պատասխան չենք ստացել: Հանցագործության մասին հաղորդումները վերաբերում են Երևանի 152-րդ դպրոցում աշակերտներին փակի տակ պահելուն, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի կողմից մարզի գյուղապետերին դասադուլներ թույլ չտալու հրահանգ տալուն, ապրիլի 22-ին Մասիսի քաղաքապետարանի և ոստիկանների կողմից Հովտաշեն և Խաթունարխ գյուղերի բնակիչների՝ դեպի Երևան երթը խոչընդոտելուն: Խաղաղ ցուցարարներին, առանց օրինական հիմքի, բերման ենթարկելու վերաբերյալ հանցագործության մասին 2 հաղորդում է ներկայացվել: Ապրիլի 17-ին շուրջ 2 տասնյակ խաղաղ ցուցարարներին ոստիկանական ավտոբուսով, առանց օրինական հիմքի, բերման ենթարկելու մասին հաղորդումն ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազություն: Երևանի Ֆրիկի փողոցից 34 TM 967 պետհամարանիշով դեղին գույնի Վազ 2124 մակնիշի ավտոմեքենայով 6 երիտասարդի, առանց օրինական հիմքի, բերման ենթարկելու մասին ահազանգի հիման վրա ներկայացված հաղորդումն ուղարկվել է ՀՀ Ոստիկանության ներքին անվտանգության վարչություն: 1 հաղորդում է ներկայացվել 2018 թ. ապրիլի 16-ին ոստիկանների կողմից անվտանգության կանոնների խախտմամբ հատուկ միջոցներ կիրառելու վերաբերյալ, որի հետևանքով 46 անձ բեկորային վնասվածքներ ստացավ: Մյուս հաղորդումները վերաբերում են խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանների և քաղաքացիական հագուստով անձանց կողմից բռնություն կիրառելու դեպքերին: 2018 թ. ապրիլի 16-ին Երևանի Հերացի փողոցում ոստիկանների աչքի առաջ ցուցարարներին ծեծելու վերաբերյալ հաղորդումը ծեծող քաղաքացիներին պատասխանատվության ենթարկելու մասով ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազություն, իսկ ոստիկանների անգործությանն իրավական գնահատական տալու մասով՝ ՀՀ Հատուկ քննչական ծառայություն: Հաղորդում է ներկայացվել նաև ապրիլի 20-ին Երևանի Այվազովսկու փողոցում Toyota Corolla մակնիշի CE. 109C արտասահմանյան պետհամարանիշով ավտոմեքենայից խաղաղ ցուցարարների վրա հարձակված քաղաքացիական անձանց պատասխանատվության ենթարկելու պահանջով: Եվս մեկ հաղորդում ներկայացվել է ապրիլի 20-ին ցուցարարներին հայհոյելով և սպառնալով ցույցը դադարեցնելու պահանջներ ներկայացրած ոստիկանության փոխգնդապետի գործողությունների վերաբերյալ: Հաղորդումներին կցվել են դեպքերը ներկայացնող տեսանյութեր:
Ինչպես այս, այնպես էլ նույն օրը ավտոերթի մասնակցին Երևանի Ավան թաղամասում դաժանորեն ծեծած քաղաքացիների գործողությունների, ինչպես նաև ցուցարարին Nissan մակնիշի VAR 0001 ավտոմեքենան նստեցնելու փորձ կատարած անձանց գործողությունների վերաբերյալ հաղորդմանը պատասխան չենք ստացել: Ապրիլի 21-ին Երևանի փողոցներից մեկում ցուցարարի Nissan Tida մակնիշի ավտոմեքենան, իսկ ապրիլի 20-ին՝ BMW մակնիշի ավտոմեքենան վնասած ոստիկանների, ինչպես նաև բերման ենթարկելիս ցուցարար աղջկան վահանով հարվածած ոստիկանի գործողություններին իրավական գնահատական տալու հարցով հաղորդմանը ևս պատասխան չենք ստացել: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել նաև ապրիլի 25-ին Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում ցուցարար երեխաներին ծեծելու վերաբերյալ:
Հիշեցնենք՝ ահազանգ էր ստացվել, որ ցուցարարներին ծեծել են գյուղապետի ուղարկած մարդիկ, սակայն ավելի ուշ գյուղապետ Տարոն Քոչարյանը հերքել էր իր կապը տեղի ունեցածի հետ: Ապրիլի 22-ին բերման ենթարկվող քաղաքացու նկատմամբ բռնություն կիրառած կարմիրբերետավոր ոստիկանին պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդմանը ևս պատասխան չենք ստացել: Բերման ենթարկված անձանց ոստիկանության բաժիններում սահմանված ժամանակից ավել պահելու և նրանց իրավական աջակցություն տրամադրելու համար բաժիններ այցելած փաստաբանների գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ 1 հաղորդում է ներկայացվել:
Ոստիկանների կողմից անօրինական գործողություններ կատարելու մասով հաղորդումն ուղարկվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայություն, իսկ սահմանված ժամանակից ավելու պահելու մասով՝ ՀՀ Ոստիկանության ներքին անվտանգության վարչություն: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018 թ. ապրիլի 16-25-ին տեղի ունեցած ցույցերին առնչվող քրեական գործերի, ձերբակալված և կալանավորված անձանց թվի, առաջադրված մեղադրանքների վերաբերյալ հարցումներ է ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազություն, ՀՀ Հատուկ քննչական ծառայություն և ՀՀ Ոստիկանություն: 2018 թ. ապրիլի 27-ին ուղարկված հարցումներին դեռևս պատասխան չենք ստացել:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ


















































