Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին՝ «կարծրատիպերը մեզ համար պարտադիր չեն»

Մայիս 08,2018 13:14

Այսօր ԱԺ հատուկ նիստը շարունակվում է: Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը իր ելույթում երաշխավորեց բիզնեսի ազատագրումը կոռուպցիոն համակարգի առաջ ունեցած պարտավորություններից՝ ակնկալելով, որ այդ միջոցները ոչ թե դուրս կհանեն ու կտանեն դրսի բանկերում ծվարելու, այլ կդառնան ներդրումներ:

Նա ասաց, որ այսօր շատ է խոսվում այն մասին, որ գործարար դաշտում ստեղծված իրավիճակում որոշակի լարվածություն ու մտավախություններ կան: Փաշինյանն ասաց, որ ազգային զարթոնքը շանս է տալիս յուրաքանչյուրին, ով պատրաստ է լինել նոր Հայաստանի նոր քաղաքացի, չարհամարհել Հայաստանի պետական շահը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ չափազանց կարեւորում է տնտեսական զարգացման սոցիալական էֆեկտը, զուտ վիճակագրական տնտեսական աճը, որը որեւէ արդյունք չի տալիս, մնում է որպես սովորական վիճակագրություն: Նա ասաց, որ պետք է տնտեսական զարգացման այնպիսի մոդել ստեղծեն, որը կբերի գործազրկության կրճատման, աղքատության հաղթահարման: Պետք է կիրառեն այնպիսի մոդել, որը կտրուկ կմեծացնի բյուջեի եկամուտները, ինչը թույլ կտա մտածել կենսաթոշակի եւ աշխատավարձերի բարձրացման մասին:

Նա հրապարակեց տնտեսական զարգացման 3 առաջնահերթությունները՝ պետք է զարգացնել բարձր տեխնոլոգիաների ոլորտը, ռազմարդյունաբերական համալիրի կայացումը պետք է լինի ոլորտի զարգացման նպատակը: Պետք է մտածել հեղափոխական գաղափարների մասին, ինչը հնարավորություն կտա վերականգնել ՀՀ-Ադրբեջան խախտված ռազմական հավասարակշռությունը:

Առաջնահերթություն թիվ 2՝ ՀՀ-ում հեղափոխական տեմպով պետք է զարգացնել նաեւ գյուղատնտեսությունը, չմշակվող գյուղատնտեսական հողերի թիվը պետք է շեշտակի նվազեցնել, բացառել:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀ-ում զբոսաշրջության համար ահռելի հեռանկարներ են բացվել, Հայաստանի անունը մշտապես ներկա է համաշխարհային մամուլի գլխագրերում, թավշյա հեղափոխությունը լուսաբանվել է հիմնականում դրական լույսի ներքո, ուստի զբոսաշրջության աճ կարող ենք ունենալ, այն էլ՝ աննախադեպ: Հայաստանը հուզել եւ գրավել է համաշխարհային հանրության ուշադրությունը: ՀՀ-ում նաեւ ՓՄՁ-ների զարգացման հնարավորություն է դա բացելու:

Փաշինյանն ասաց, որ հյուրերին պետք է ընդունեն ինչպես հարկն է՝ ՀՀ-ի բարձր վարկը չգցելու համար: Զբոսաշրջության զարգացման համար նա շատ կարեւոր է համարում օդային տրանսպորտի գների նվազումը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀ-ն կշարունակի մնալ ԵԱՏՄ անդամ, պետք է արդյունավետ դարձնել այդ անդամակցությունը: ՀՀ-ն կշարունակի նաեւ մնալ ՀԱՊԿ անդամ՝ հետապնդելով այստեղ նույնպես առավել արդյունավետ դարձնել անդամակցումը:

Փաշինյանը, խոսելով ՀՀ-ՌԴ հարաբերությունների մասին՝ ասաց, որ այդ հարաբերությունները պետք է հիմնված լինեն բարեկամության, առկա խնդիրները համատեղ քննարկելու պատրաստակամության վրա. «ՌԴ-ի հետ ռազմական համագործակցությունը դիտարկում եմ որպես ՀՀ-ի անվտանգության համակարգի կարեւորագույն գործոն»:

Նա նշեց նաեւ, որ առաջնահերթություններից է նաեւ ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը, համաձայնագրի շուտափույթ կիրառումը բխում է մեր շահերից: Նա ասաց, որ ԱՄՆ-ի հետ բարեկամական հարաբերությունները նոր խթանի կարիք ունեն: Փաշինյանը խոսեց նաեւ այլ երկրների հետ հարաբերությունների կարգավորման մասին:

Խոսելով ղարաբաղյան խնդրի մասին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ղարաբաղյան խնդրի խաղաղ, միջազգային իրավունքի հիման վրա կարգավորման գործընթացում կարծրատիպերը մեզ համար պարտադիր չեն: Կենսական է Արցախի ժողովրդի՝ իր ճակատագիրը ինքնուրույն որոշելու անքակտելի իրավունքի եւ դրա իրացման միջազգային ճանաչումը: ԼՂ հիմնախնդրի կարգավորման առումով մենք հանձնառու ենք բացառապես խաղաղ կարգավորմանը, որի հիմքում պետք է ընկած լինի ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման սկզբունքը: Նոր լիցք պետք է հաղորդել Արցախի միջազգային ճանաչման գործընթացին, որը աշխարհասփյուռ հայության կարեւոր ուղղություններից պետք է լինի: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ես պատրաստ եմ բանակցել Ադրբեջանի ղեկավարի հետ ՝ որպես հիմք ունենալով վերը նշված սկզբունքը»:

Ի դեպ, ուշագրավ է, որ ելույթից հետո Փաշինյանին ԱԺ որեւէ պատգամավոր որեւէ հարց չուղղեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031