Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտին և Փաշինյան. ո՞վ բաց թողեց հայկական հեղափոխությունը Կրեմլում. BBC

Մայիս 14,2018 23:15

Վլադիմիր Պուտինը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ մի քանի օր անց այն բանից հետո, երբ վերջինս ցույցերի հետևանքով նվաճեց Հայաստանի վարչապետի պաշտոնը: Կրեմլը զուսպ արձագանքեց Երևանում տեղի ունեցող իրադարձություններին` չհամեմատելով դրանք թավշյա հեղափոխությունների հետ: Ինչո՞ւ և ի՞նչ դեր այս անգամ խաղաց Մոսկվան: Նման հարցադրում է անում BBC-ի ռուսական ծառայությունը` «Պուտին և Փաշինյան. ո՞վ բաց թողեց հայկական հեղափոխությունը Կրեմլում» խորագրով հոդվածում, որը ներկայացնում ենք ստորև:

«Ցանկանում եմ հաջողություններ մաղթել ձեզ կառավարության ղեկավարի պաշտոնում և հույս ունեմ, որ մեր հարաբերությունները կզարգանան նույնքան հետևողական, ինչպես մինչև հիմա էր»,-ասել է Պուտինը Փաշինյանի հետ հանդիպմանը, որը տեղի ունեցել է երկուշաբթի Սոչիում:

Պուտինը մայիսի 8-ին շնորհավորել էր Հայաստանի նոր վարչապետին ընտրվելու կապակցությամբ, իսկ ցույցերի ժամանակ, որոնց առաջնորդը Փաշինյանն էր, զերծ էր մնացել գնահատականներ տալուց: Կրեմլն այնքան էր փորձում ընդգծել, որ չեզոք վերաբերմունք ունի երևանյան իրադարձությունների հանդեպ, որ մեկնաբանեց «Ռոսնեֆտ»-ի մամլո քարտուղար Միխայիլ Լեոնտևի հայտարարությունը, որը Հայաստանում իշխանափոխությունը համեմատել էր Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների հետ և Հայաստանին համարել «բեռ» Ռուսաստանի համար:

Հայտարարությունները «անհաջող են և անհարմար», ոչ մի ընդհանուր բան չունեն Մոսկվայի պաշտոնական դիրքորոշման հետ` անցած շաբաթ հայտարարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ավելի ուշ Լեոնտևը երկրի ղեկավարությանը պաշտոնական ներողություն ուղարկեց իր խոսքերի համար: Ռուսական հեռուստաալիքները ևս չքննադատեցին երևանյան ցույցերը և դրանց առաջնորդին, իսկ Պուտինը ցույցերը որակեց որպես «Հայաստանի ներքին գործ»:

Այս ամենը նման չէ այն բնութագրերին, որոնք Ռուսաստանը տվել է Վրաստանում տեղի ունեցած «վարդերի հեղափոխությանը» կամ 2014թ. Ուկրաինայի «Եվրոմայդանին», որից հետո ապաստան տվեց նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին, բռնակցեց Ղրիմը և դարձավ հակամարտության մասնակից երկրի արևելքում:

Պուտինը Փաշինյանի հետ հանդիպեց Սոչիում ԵԱՏՄ-ի գագաթնաժողովի շրջանակում և ասաց, որ Ռուսաստանի և Հայաստանի համագործակցության «շատ լավ արդյունքները պետք է ոչ միայն պահպանել, այլ կրկնապատկել»: Ինչո՞վ է պայմանավորված նման բարեհաճությունը «թավշյա հեղափոխության» արդյունքի հանդեպ:

Ով բաց թողեց հեղափոխությունը

Նախագահի վարչակազմի նախկին աշխատակիցը, որը լիազորված չէ մեկնաբանություններ տալ ԶԼՄ-ներին, նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների գործառույթները համակարգել են միանգամից մի քանի պետական մարմիններ, հիմնականում արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերով զբաղվող նախագահի վարչությունը` Վլադիմիր Չերնովի գլխավորությամբ: «Նման իրավիճակներում, ինչպիսին ստեղծվել էր Հայաստանում, սովորաբար ուղարկում են գործակալներ: Չերնովի վարչության դեպքում սովորաբար մեկնում է նրա տեղակալը: Բայց նրանք հիմնականում հենվում են դեսպանատան կարծիքի վրա»,-ասել է BBC-ի զրուցակիցը:

Երկրորդ զրուցակցի խոսքով, որը ևս ծանոթ է Չերնովի վարչության աշխատանքի հետ, իրականում Հայաստանի մասին տեղեկատվության հավաքագրմամբ, համակարգմամբ, վերլուծությամբ վարչությունում զբաղվել է ընդամենը մեկ մարդ:

Մոսկվայի կողմից հայ-ռուսական հարաբերությունների հարցով հիմնական աշխատանքը տարվել է ՌԴ ԱԳՆ-ի գծով` ասել է BBC-ին հայտնել է մեկ այլ զրուցակից: Վերջինս խոսքով` այս ամենը զարմանալի է, քանի որ ԱՊՀ մյուս երկրների դեպքում միջազգային համագործակցության հարցով որոշումներ կայացրել է նախագահի աշխատակազմը:

Հայ-ռուսական հարաբերություններով զբաղվել է նաև Անվտանգության Դաշնային ծառայությունը, Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը` քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիևի գլխավորությամբ` պատմել է նախագահի աշխատակազմի նախկին աշխատակիցը: Նրա կարծիքով տեղի ունեցածի մասին տեղեկատվություն ունեցել է նաև Ռուսաստանի Գերագույն շտաբի գլխավոր վարչությունը` Գյումրիում ռուսական ռազմաբազայի պատճառով:

Հովանավոր-ենթակա

BBC-ի կողմից հարցված հայ փորձագետները, քաղաքական գործիչները միակարծիք են այն հարցում, որ Մոսկվայի և Երևանի հարաբերությունները մեծ հաշվով կառուցվել են Պուտինի և Հայաստանի նախկին ղեկավար Սերժ Սարգսյանի անձնական շփման միջոցով և պահպանվել են «հովանավոր-ենթակա» սկզբունքով: Նրանք կարծում են, որ դա էլ դարձավ հեղափոխության թեկուզ ոչ հիմնական, բայց կարևոր նախապայման: Ինչպես նշում է Telegram-ում «Բաղրամյան 26» ալիքի հեղինակը, Կրեմլը միշտ չէ, որ հաշվի է առել հայերի շահերը, վառ օրինակ է հանդիսանում ռուսական զենքի վաճառքը Ադրբեջանին: Երևանում կարծում են, որ գործարքը սպառնում է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի անվտանգությանը, բայց Սարգսյանը չկարողացավ համոզել Մոսկվային չկնքել այն: 2016թ. ապրիլին Ղարաբաղում գրանցվեց ռազմական բախում, որը «Բաղրամյան 26»-ի հեղինակի կարծիքով տեղի ունեցավ տարածաշրջանում ռազմական հեղաշրջման խախտման պատճառով:

Հետխորհրդային արտաքին քաղաքականությանը բնորոշ է, որ քաղաքականությունը վարում են ոչ թե ԱԳՆ-երի մակարդակով, այլ նախագահների: Պուտին և Սարգսյանը հաճախ էին հանդիպում՝ ասում է հայ քաղաքագետ, Երևանում Կովկասի ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանը:

Քաղաքագետ, Նիկոլ Փաշինյանի համախոհ, փողոցային ակցիանի համակարգող Արմեն Գրիգորյանը ևս կարծում է, որ Սարգսյանի օրոք Մոսկվայի և Երևան միջև փոխգործակցությունը կառուցվել է նախագահների մակարդակով:

Ինչ դեր է խաղացել բիզնեսը

Լրագրող, Հանրային ռադիոյի գլխավոր տնօրեն Մարկ Գրիգորյանը նշում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները պահվել են ինչպես պաշտոնական ալիքներով՝ ԱԳՆ, Սարգսյանի աշխատակազմ, այնպես էլ ոչ պաշտոնական միջնորդներով:

Քաղաքագետ Գրիգորյանը պնդում է, որ հայ գործարարները գտնվել են Սարգսյանի ենթակայության ներքո: Նրանց թվում է Սամվել Ալեքսանյանը՝ «Ալեքս Գրուպի» սեփականատերը, որը Հայաստան է ներմուծում շաքարավազ, բուսական յուղ, և Միհրան Պողոսյանը: Վերջինս հադիսանում է «Քեթրին Գրուպի» սեփականատերը, որը փաստացիորեն մենաշնորհ է սահմանել բանանի ներմուծման շուկայում: Պողոսյանը ԴԱՀԿ-ի նախկին ղեկավար է: Նա հերքում է, որ զբաղվում է բիզնեսով: Ե՛վ նա, և՛ Ալեքսանյանը Հանրապետական կուսակցության անդամ են, որին մինչ ցույցերը պատկանում էր երկրի իշխանությունը:

Ռուս նախագահի վարչակազմին մոտ կանգնած BBC-ի զրուցակիցը պնդում է՝ Հայաստանում ծավալվող իրադարձություններին մեծ դեր են խաղացել հայկական ծագում ունեցող ռուս գործարարները, մասնավորապես «Տաշիր» ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյանը և «Ավիլոն» ընկերության համասեփականատեր Կամո Ավագումյանը:

«Հարցը նրանց անձնական շահի մեջ չէ, պետք էր որոշակի լուծումներ ընդունել, իսկ Հայաստանում շատ բան արվում է մարդկանց ազդեցությամբ, որոնք գտնվում են Մոսկվայում, քանի որ Հայաստանի բյուջեն կապված է նրանց հետ, գումարած յուրաքանչյուրը բիզնես շահեր ունեն Հայաստանում, նրանց մասնակցում են էլիտայի կազմավորմանը, ազդում խորհրդարանական ընտրությունների վրա»,-ասել է նախագահի աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրը:

Նա կարծում է, որ մոսկվայաբնակ հայ միլիարդատերերն են համոզել Սարգսյանին հանձնել իշխանությունը:

Ինչու Սարգսյանին չպահեցին

Բողոքի ալիքների ճնշման տակ հրաժարական տված Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինի վաղեմի ընկերն է, Ռուսաստանի մոտ դաշնակիցը և ռազմավարական գործընկերը: Բայց Մոսկվան հրապարակավ չպաշտպանեց նրան:

Կրեմլը ճիշտ եզրահանգումներ արեց ոչ վաղ անցյալից, մասնավորապես, Ուկրաինայի իրադարձություններից՝ պնդում է ռուս աղբյուրը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը սպասողական դիրքում է: Նա նաև ասել է, որ Կրեմլում այդպես էլ չեն սովորել աշխատել ռազմավարական գործընկերների հետ հետխորհրդային տարածքում: Աղբյուրի խոսքով՝ Սարգսյանը այլ ելք չուներ, եթե հրաժարական չտար, արդյունքում ստիպված կլիներ մեկնել արտասահման: «Նրան դաժան կտապալեին»:

Իսկանդարյանն իր հերթին կարծում է, որ Կրեմլը հետաքրքրված չէ Հայաստանի ներքին քաղաքականությունը ղեկավարելու հարցով: «Աշխարհաքաղաքական իրողություններն այնպիսին են, որ կարևոր չէ՝ ով կլինի իշխանության ղեկին»: Իսկանդարյանը նման հանգամանքներ է համարում հայ-ադրբեջանական հակամարտության առկայությունը, Ադրբեջանին աջակցող Թուրքիան, Իրանի հետ ընդհանուր սահմանը: Նրա կարծիքով՝ վտանգ չկա, որ Հայաստանը կշարժվի դեպի Արևմուտք:

Պատրաստեց՝ ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031