Լրահոս
Օրվա լրահոսը

«Անվտանգության բարձր ռիսկ կա». «Սասնա ծռերի» գործով նիստը կրկին չկայացավ

Մայիս 18,2018 12:14

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր «Սասնա ծռերի» գործով հերթական դատական նիստն էր: Խմբի անդամներից դատավոր Արշակ Վարդանյանի վարույթում գտնվող գործով անցնում են ամբաստանյալներ Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը, Թաթուլ Թամրազյանը, Արամ Հակոբյանը, Տիգրան Մանուկյանը, Արայիկ Հակոբյանը, Վարդան Գերավետյանը, Մարտիրոս Հակոբյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Գևորգ Իրիցյանը, Թորոս Թորոսյանը:

Դատավորը կողմերին տեղեկացրեց, որ ամբաստանյալներին հնարավոր չի եղել ՔԿՀ-ներից ներկայացնել դատարան՝ դատարանի շենքի արգելափակման պատճառով:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռերի» աջակիցները քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով նստացույց են անում դատարանի շենքի դիմաց, նրանք նստարաններով եւ ավտոմեքենաներով արգելափակել են շենքի ծառայողական մուտքերը:

Երրորդ օրն է՝ դատավոր Մեսրոպ Մակյանի վարույթում գտնվող մյուս ամբաստանյալները, այդ թվում՝ Պավել Մանուկյանը, Արայիկ Խանդոյանը, Սմբատ Բարսեղյանը, Արմեն Բիլյանը Շենգավիթի նստավայրի շենքի պահման խցերում են՝ կրկին շենքի արգելափակման պատճառով:

Դատավոր Արշակ Վարդանյանն ընթերցեց ամբաստանյալների պաշտպանների՝ ոստիկանության ուղեկցող գումարտակի ղեկավարությանն ուղղված գրության պատասխանը, որում ասվում է՝ «ամբաստանյալներին դատարան չեն ներկայացրել՝ գումարտակի ծառայողական ծանրաբեռնվածության եւ անվտանգության բարձի ռիսկի պատճառով, որի պայմաններում խոչընդոտվում է գումարտակի մեքենաների տեղաշարժը, եւ մշտապես սպասելի են անկանխատեսելի գործողություններ»:

Դատավոր Արշակ Վարդանյանը հայտարարեց՝ հաջորդ նիստում դատարանը միջոցներ կձեռնարկի՝ ոստիկանության ուղեկցող գումարտակի միջոցով ամբաստանյալների ներկայությունն ապահովելու նպատակով:

Մինչ նիստը կհետաձգվեր, ամբաստանյալների պաշտպաններից Հարություն Բաղդասարյանը հայտարարեց՝ դատարանի ոչ մասնագիտական գործունեության հետեւանքն է այն, որ ամբաստանյալներին դատարան չեն բերել: Նա առաջարկեց մեղադրող եւ պաշտպանող կողմերի ներկայացուցիչների հետ առանձին քննարկում կազմակերպել, որին կարող է մասնակցել նաեւ քաղաքական իշխանությունը. «Սա դատավորին աշխատելու հնարավորություն կտա, իսկ խնդրին՝ լուծման տարբերակներ»:

Դատավոր Արշակ Վարդանյանն էլ չհամաձայնեց պաշտպանի դիտարկման հետ ու պնդեց, որ դատարանը պատշաճ է կատարում իր պարտականությունները: «Ես միջնորդավորված չեմ շենքի արգելափակումը վերացնելու հարցում: Ես դատավոր եմ, գործն եմ քննում»,-նկատեց Արշակ Վարդանյանն ու առանց արձագանքելու փաստաբանի՝ իշխանության հետ հանդիպում կազմակերպելու առաջարկին, հետաձգեց նիստը: Այս գործով հաջորդ նիստը մեկ շաբաթ անց է՝ ժամը 11-ին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031