Լրահոս
Օրվա լրահոսը

Գևորգ Սաֆարյանը կլինի՞ «Հիմնադիր խորհրդարանի» ցուցակում և նորից տոնածառ կդնի՞

Հունիս 13,2018 22:55

Այսօր ազատ արձակված «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանը դեռ չի մտածել՝ զբաղվելո՞ւ է քաղաքականությամբ, թե՝ ոչ:

Հիշեցնենք՝ այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշեց ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանի գործով անցնող բոլոր մեղադրյալներին՝ այդ թվում՝ Ժիրայր Սեֆիլյանին եւ Գեւորգ Սաֆարյանին:

Ազատ արձակվելուց հետո ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հարցին՝ ի վերջո հասկացա՞վ՝ որն էր պատճառը իր ազատազրկմանը, Գևորգ Սաֆարյանը պատասխանեց. «Պետք էր ինձ մեկուսացնել: Ռեժիմը շատ մտահոգված էր, որ երիտասարդները կարող են որևէ օրինակ տեսնել իրենց համար, և լինի այն, ինչ տեսաք»:

Հարցին՝ պաշտոններ առաջարկե՞լ են իրեն, Գևորգ Սաֆարյանը պատասխանեց, թե ինքը պայքարել է նրա համար, որ ուրիշները պաշտոն ունենան և ծառայեն ժողովրդին:

Հիշեցնենք՝ ժամեր առաջ Ժիրայր Սեֆիլյանի եղբայր Թորոս Թորոսյանը հայտարարեց,  թե «Հիմնադիր խորհրդարանն» այն ուժն է լինելու, որը մուտք է գործելու խորհրդարան, ուստի լրագրողները Գևորգ Սաֆարյանից հետաքրքրվեցին՝ կլինի՞ այդ ցուցակում, Գևորգ Սաֆարյանը պատասխանեց՝ դեռ նոր է դուրս եկել բանտից, ոչինչ չգիտի:

Գևորգ Սաֆարյանի վստահեցմամբ՝ դեռ հեղափոխությունը չի ավարտվել այն ընթացքի մեջ է.  «ՀՀ-ում դեռ ամբողջական հեղափոխություն տեղի չի ունեցել: Անգամ իշխանափոխությունն ամբողջությամբ տեղի չի ունեցել»:

Ըստ Գևորգ Սաֆարյանի՝ այսօր կայացված վճիռները շինծու էին, և անպայման գնալու է Վճռաբեկ դատարան, քանի որ իրենք դիմել են արդարացման համար. «Այն, ինչ այսօր դատարանը կայացրեց, միջանկյալ, կիսատ որոշում է, որն արդարադատության հետ կապ չունի»:

Կես կատակ կես լուրջ հարցին՝ այս տարի տոնածառ դնելո՞ւ է, վախեր չունի՞տոնածառից, Գևորգ Սաֆարյանն այսպես արձագանքեց. «Ես նաև հասարակական գործունեությունը սկսել եմ որպես բնապահպան և չեմ ուզում ամպագորգոռ հայտարարություններ անել: Սիրում եմ բոլոր ծառերը, այդ թվում նաև եղևնին, որը գերմանացիներից սկսած մենք համարում ենք տոնածառ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930