Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 1-ի բացահայտման մեջ խիստ շահագրգիռ եմ նաեւ ես ինքս. Արթուր Բաղդասարյան

Հունիս 20,2018 20:44

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը որոշել է ֆեյսբուքում ուղիղ եթերում պարբերաբար պատասխանել օգտատերերի հարցերին: Այսօր նա պատասխանեց մի քանի հարցերի, որոնք նախապես ընտրել էր:

Համաներման մասին հարցին ի պատասխան՝ Արթուր Բաղդասարյանն ասաց, որ այն քաղաքական անհրաժեշտություն է. «Նախորդ իշխանությունը՝ Սերժ Սարգսյանը այդպես էլ այդ համաներումը չարեց, որը ճիշտ չէր, դա կապված էր նաեւ «Սասնա ծռերի՞ հետ, այլ քաղաքական դրդապատճառներով, բայց այս լուսավոր հեղափոխությունից հետո մենք գտնում ենք, որ առաջիկայում անպայման պետք է նոր իշխանությունը ձեռնարկի համաներում»:

Ըստ Բաղդասարյանի, դեռեւս շատ մարդիկ կան, որոնք հանիրավի են դատապարտվել, քաղաքական հայացքների համար գտնվում են կալանավայրերում. «Հայաստանում կալանքի կիրառումը դարձել է ամենօրյա անընդունելի գործիք»:

Արթուր Բաղդասարյանը սկսեց բողոքել նախկին իշխանություններից, որ վերջին տարիներին ոչ թոշակ են բարձրացրել, ոչ աշխատավարձ. «Կեղծ վիճակագրական թվեր են հրամցրել ազգին, որ այսքան տոկոսի աճ կա, բայց ոչ մի աճ էլ չկա»: Նա ասաց, որ այդ աճը գնացել է մի քանի հոգու գրպանը, որը դատապարտելի է:

Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի, ապրիլյան պատերազմի հետ կապված հարցին Արթուր Բաղդասարյանը պատասխանեց. «ՀՀ-ում բոլոր քրեական այլանդակությունները պետք է բացահայտվեն, այդ թվում՝ Հոկտեմբերի 27-ը, Մարտի 1-ը: Մարտի 1-ի բացահայտման մեջ խիստ շահագրգիռ եմ նաեւ ես ինքս, որովհետեւ շատ կեղտոտ լրատվական հակաքարոզչություն իմ դեմ իրականացվեց:

Նայում ես, youtube-ում գրված է՝ փետրվարի 29-ին Արթուր Բաղդասարյանը նշանակվեց Անվտանգության խորհրդի քարտուղար եւ հետո եղավ Մարտի 1: Ժողովուրդ ջան, ես Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակվել եմ մայիսի 5-ին, գուցե իմ որոշումը ճիշտ չի հասկացվել, բայց ես դա արել եմ մի բանի համար, որ ավելի շատ մարդու արյուն չթափվի»:

Արթուր Բաղդասարյանը այսօր արդեն բացահայտ հայտարարում է, որ ինքը նպատակ է ունեցել, որ մարտի 1-յան հավաքին քիչ մարդ գա. «Փետրվարի 25-ին Երեւանը հեղեղված էր ոստիկաններով: Փետրվարի 26, 27-ին, արդեն համաձայն ՊՆ նախարարի գաղտնի հրամանի, զորքը մոտեցել էր Երեւան, այդ բախումը, ցավոք, անխուսափելի էր: Իմ այդ քայլի նպատակն էր, որպեսզի ավելի քիչ մարդ գա այդ օրերին, որովհետեւ էդ որոշումը, էդ անօրեն հրամանը ընդունված էր զորքի օգտագործման, զինուժի օգտագործման եւ կարող էին ավելի շատ զոհեր լինեին»:

Նա ասաց, որ շնորհակալ է Փաշինյանից, որ հետեւողական է, որ Մարտի 1-ը բացահայտվի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռուբեն says:

    Ասացվածք կա այն մասին. որ կատվին ինչ դիրքով էլ ցած գցես, միևնույնն է, գետնին հասնելիս նա չորս ոտի վրա է կանգնում:
    Արթուր Բաղդասարյանին երևի թվում է, որ ժողովուրդը իրեն և իր նման քաղաքական գործիչներին կարող է նորի՞ց հավատալ: Խորհուրդ եմ տալիս բոլոր այն քաղաքակական գործիչներին, որոնք նախկինում բազմիցս` տապալվող քաղաքական ճամբարից ճարպկորեն տեղափոխվել են իշխանության եկած քաղաքական ճամբար և այնտեղ յուղոտ պաշտոն են ստացել, այս անգամ չփորձեն նոր սցենարներ հորինեն և իրենց անցյալի պատեհապաշտության ու պաշտոնամոլության քայլերը գեղեցիկ գույներով ներկայացնեն ու բացատրեն, թե իբր դա արել են ոչ թե իրենց շահի համար, այլ հանուն ժողովրդի:
    Պարոն Բաղդասարյան, ժողովուրդն այդքան միամիտ չէ, խնդրում ենք արդարացումներ չհորինել: Ճիշտ կլինի քաղաքական դաշտից հեռանաք և նորից չպղտորեք այն: Մեր երկիրը շատ պրոբլեմներ ունի լուծելու, մի փորձեք նոր շիլաշփոթ ստեղծել: Ժողովուրդն ուզում է առաջիկայում մաքուր ու արդար ընտրություններ անցկացնել, գոնե այս անգամ մի խանգարեք, որ այն նորմալ անցնի, ինտրիգներ մի ստեղծեք:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930