Գերմանաբնակ սոպրանո, հեղինակավոր օպերային թատրոնների ցանկալի հյուր Կարինե Բաբաջանյանի արվեստին առաջին անգամ ծանոթացանք 2017թ. դեկտեմբերին, Երեւանի օպերային թատրոնում՝ Տոսկայի դերերգով, Պուչինիի համանուն օպերայում (ռեժիսոր՝ Նաիրե Ստեփանյան), թեեւ երգչուհին մեկ-երկու անգամ՝ 2008, 2015 թվականներին, Էդուարդ Թոփչյանի հրավերով, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ բեմ էր բարձրացել վոկալ-սիմֆոնիկ երկերի կատարմամբ:
Վերջերս արվեստագետը կրկին Երեւանում է ու մասնակցում է թատրոնում ընթացող Բիզեի «Կարմեն» օպերայի փորձերին, ընդ որում՝ հենց Կարմենի դերերգով: Այս հանգամանքը երաժշտական շրջանակներում փոքր-ինչ զարմանք է առաջացրել. բանն այն է, որ Կարմենի դերերգը մեցցո սոպրանոյի համար է, թեեւ աշխարհահռչակ որոշ սոպրանոներ ունենալով լայն դիապազոն, անդրադարձել են այս դերերգին:
Կարինե Բաբաջանյանի հետ հանդիպումը սկսեցինք հենց այս հարցի շուրջ: «Նախընտրում եմ խարակտերային կերպարներ: Կարմենը հենց այդպիսին է: Այս դերերգով հանդես եմ եկել համերգային կատարումով՝ Շտուտգարդի օպերայում, Գերմանիայի մյուս քաղաքներում նույնպես: Երեւանյան հրավերը ստացել եմ ռեժիսոր Նաիրե Ստեփանյանից, որը տեսանյութով ծանոթ էր իմ Կարմենին»,- հայտնեց մեր զրուցակիցը: Հետո ժպիտով հավելեց. «Երեւանյան Կարմենի պատճառով երկու կարեւոր համերգ ու ներկայացում եմ զոհել՝ բառի իսկական իմաստով: Առաջինը կայացավ հուլիսի 5-ին, Դետմոլդ քաղաքի 15 հազար ունկնդրի համար նախատեսված բացօթյա համերգին, որը հեռարձակվելու էր Եվրոպայում եւ ներկա էին գտնվելու բարձրաստիճան շատ հյուրեր»: Ռեպլիկին՝ ձեր իմպրեսարիոն ի՞նչ վերաբերմունք ցուցաբերեց այդ առիթով, երգչուհին պատասխանեց. «Տիկին Շտայնհաուզը թեեւ օժտված է գերմանացուն հատուկ կարգապահությամբ ու խստությամբ, բայց ընդառաջեց, մանավանդ որ խնդրեցի ինձ փոխարինի հայրենակիցս՝ ճանաչված ավստրիաբնակ սոպրանո Լիանա Ալեքսանյանը»:
«Առավոտը» 23.12.2017թ. անդրադարձել է Կարինե Բաբաջանյանի մասնակցությամբ «Տոսկա» ներկայացմանը, բայց քանի որ երգչուհու «երեւանյան ժամերը» հաշված էին, չէր կարողացել հանդիպել նրա հետ:
Խնդրեցինք նրան՝ պարզաբանել, թե ինչպես հայրենիքում ոչ մի դերերգով հանդես չեկած երգչուհին ժամանակին հայտնվեց Գերմանիայում, հիմա արդեն դառնալով հանրաճանաչ: «Համբուրգում 1998թ. մասնակցեցի միջազգային մրցույթի, որտեղ ինձ նկատեց գերմանացի իմպրեսարիո պարոն Շմիդտը, իսկ 1999-ից հիմնվեցի այդ երկրում: Այսօր Գերմանիայում գործող 75 թատրոններում բեմ եմ բարձրացել տարբեր դերերգերով, իհարկե, մինչեւ 2008թ. Գերմանիայում գործում էին մոտ 200 օպերային թատրոններ: Բայց ֆինանսական ճգնաժամի պատճառով դրանց մի մասը փակվեց, եղան այնպիսիները, որոնք միավորվեցին: Պարոն Շմիդտի հետ համագործակցության արդյունքն էր, որ բեմ եմ բարձրացել եվրոպաներում, ամերիկաներում, ճապոնիաներում եւ այլն»,- հայտնեց արվեստագետը: Ռեպլիկին՝ ինչու Շմիդտին փոխարինեց այլ իմպրեսարիո, մեր զրուցակիցն ընդամենն ասաց. «Պարոնը, եթե կարելի է այսպես ասել՝ համերգային ագենտ էր, ոչ օպերային»: Խնդրեցինք ներկայացնել վերջին շրջանի իր գործունեությունը: «Հաննովերի Շտատս օպերայում հանդես եմ եկել Աիդայի դերերգով՝ Վերդիի համանուն օպերայում, Փարիզում տեղի ֆիլհարմոնիկի հետ դիրիժոր Էնրիկե Մացցոլլայի ղեկավարությամբ մասնակցել եմ Վերդիի Ռեքվիեմի կատարմանը, Բաստիլ օպերայում բեմ եմ բարձրացել դարձյալ Վերդիի մեկ այլ ստեղծագործությամբ, «Պարահանդես-դիմակահանդես» օպերայում հանդես եմ եկել հայազգի գործընկերներիս՝ մոսկվաբնակ սոպրանո Նինա Մինասյանի, փարիզաբնակ մեցցո սոպրանո Վարդուհի Աբրահամյանի եւ այլ երգիչների հետ: Տարբեր բեմերում համագործակցել եմ այնպիսի անունների հետ, ինչպիսիք են, օրինակ՝ տենոր Պյոտր Բեչալլան, բարիտոն Թոմաս Պուրսիոն եւ այլն»,- տեղեկացրեց երգչուհին: Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ ասաց. «Երեւանից հետո կմեկնեմ Լայպցիգ, կմարմնավորեմ Միմիի կերպարը Պուչինիի «Բոհեմ» օպերայում: Ի դեպ, սա իմ թվով 7-րդ Պուչինիի օպերան է, ապա Շանհայի Գրանդ օպերայում հանդես կգամ Լեհարի «Ժպիտի աշխարհը» ներկայացման մեջ եւ այլն»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Գլխավոր լուսանկարում` Մադամ Բաթերֆլայի կերպարում:
«Առավոտ»
06.07.2018





















































