Լրահոս
Օրվա լրահոսը

«Պաշտպանում եմ Նիկոլ Փաշինյանի տեսակետը, սա ուլտիմատում չէ, հավասարազոր գործընկերների արժանապատիվ խոսակցություն է». Նաիրա Զոհրաբյան

Հուլիս 22,2018 17:20

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս կայացած իր ասուլիսում խոսելով բրյուսելյան այցի, մասին՝ ասաց, որ ԵՄ-ն երկար տարիներ ասել է, որ արեւելյան գործընկերության երկրների հետ «ավելին՝ ավելիի դիմաց» բանաձեւով է աշխատելու, իսկ այդ «ավելին» վերաբերում է, ըստ վարչապետի, արժեքներին՝ օրենքի գերակայություն, կոռուպցիայի դեմ պայքար, թափանցիկություն եւ այլն. «Ես իմ տարակուսանքն եմ արտահայտել, որ ԵՄ առաջարկած բանաձեւը չի աշխատում հենց ԵՄ քաղաքականության համար: Ինձ համար տարակուսելի է, որ ԵՄ մի շարք գործընկերներ ինձ հետ հանդիպումներում ասում են, որ ինչպես նախկինում, այսօր էլ նրանք Հայաստանում ակնկալում են փոփոխություններ: Ինձ համար զարմանալի է, որ ԵՄ-ում դեռ կան պաշտոնյաներ, ովքեր չեն նկատում ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխությունները»:

Այս առնչությամբ Aravot.am-ը զրուցեց ԱԺ Եվրոինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ: Հարցին՝ այստեղ չկա՞ խորհրդարանական աշխատանքի խնդիրը նաեւ, ինչի՞ց է, որ ԵՄ պաշտոնյաները լավ տեղյակ չեն, թե ինչ փոփոխություններ են կատարվել մեր երկրում եւ «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքը չեն կիրառում մեր նկատմամբ՝ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Իհարկե, փորձ արվեց տարատեսակ մեկնաբանություններ տալ բրյուսելյան այցին, ես այստեղ պաշտպանում եմ Նիկոլ Փաշինյանի տեսակետը, որովհետեւ եթե ԵՄ-ն հստակ ֆորմուլա է դնում՝ «ավելին՝ ավելիի դիմաց», ապա Հայաստանը թավշյա հեղափոխությամբ արեց առավելագույն ավելին, քան արեւելյան գործընկերության որեւէ երկիր եւ բնականաբար, մեր ակնկալիքները պետք է լինեին ավելին, քան արեւելյան գործընկերության որեւէ երկրի:

Ես մշտապես ասել եմ, որ ԵՄ-ն չպետք է դիտարկենք՝ որպես բանկոմատ, բայց մենք պիտի հասկանանք, որ եթե ԵՄ-ն ձեւավորում է օրակարգ եւ դնում է խնդիրներ՝ ժողովրդավարական բարեփոխումներ, կոռուպցիայի դեմ պայքար, այսօր թող որեւէ մեկն ասի, որ որեւէ այլ երկրում այս փուլում գոնե կոռուպցիայի դեմ տարվում է այնպիսի պայքար, ինչպիսին Հայաստանում, ես ներողություն կխնդրեմ: Ո՛չ, չկա նման երկիր, ուստի ես միանշանակ կիսում եմ Նիկոլ Փաշինյանի տեսակետը, որ եթե ձեր ֆորմուլան, կարգախոսը «ավելին՝ ավելիի դիմաց»-ն է, ապա այդ ողջույնի խոսքերը, ծափահարությունները OK, հրաշալի են, բայց դրանք բավարար չեն: Նաեւ գործնական իրական աջակցություն պիտի տեսնել»:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ մեր երկիրը կկարողանա ճիշտ հարաբերվել, ճիշտ աշխատելու ճանապարհային քարտեզը մշակել ԵՄ-ի հետ. «Ես վստահ եմ, որ մենք հաջողելու ենք»:

Ինչ վերաբերում է խորհրդարանական աշխատանքին, տիկին Զոհրաբյանն ասաց, որ այն գործիքները, որոնք ունեն, հաջողությամբ կիրառվում են. «ԵՄ-ի մեր գործընկերների առջեւ դնում ենք խնդիրներ, հրավիրում ենք նրանց ուշադրությունը, որ կոռուպցիայի դեմ հիմա արդեն իսկապես լուրջ պայքար է մղվում, արդարադատության համակարգի բարեփոխումներ, մարդու իրավունքների ողբալի վիճակը…խնդիրները մենք ԵՄ մեր գործընկերների հետ մշտապես քննարկում ենք: Ինչ ասում է Նիկոլ Փաշինյանը, այլ բան նկատի ուներ, եւ ես միանշանակ կիսում եմ Նիկոլ Փաշինյանի մոտեցումը: Տարբեր վերլուծաբաններ փորձեցին սա ներկայացնել, թե ուլտիմատում է՝ ԵՄ-ին, ոչ, սա ուլտիմատում չէ, սա ընդամենը հավասարազոր գործընկերների արժանապատիվ խոսակցություն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031