Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ

Օգոստոս 03,2018 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ քսանիններորդ

ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ

Առաջ անհամեմատ համարձակ ու վստահ էի երթեւեկում էս վեպիս անվերջանալի ու անվերահսկելի տարածքում, բայց վերջերս, նկատած կլինեք, էս վեպիս տարածքը լավ էլ վերահսկվում է, ինչպես նաեւ՝ էս վեպիս հեղինակն է ամեն քայլափոխի վերահսկվում, ընդ որում՝ վերահսկվում է իր իսկ կողմից, առավել հայեցի ասած՝ ինքնավերահսկվում է, եւ չէի ասի թե՝ դրանից էս անվերջանալին շահում է. ընդհակառակը. էս ինքնազսպվածությունս ազատությանս հերն անիծում է, եւ, եթե ձեզանից  բացառիկներն էս վեպիս ընթերցանությունն  սկսել  ու առէսօր համբերությամբ շարունակում են, երեւի կհաստատեն, որ էս վեպիս հիմնական արժանիքն ավելորդ ինքնազսպվածության բացակայությունն էր. այսինքն, սկզբնական շրջանում  ինչ  ուզում՝ գրում էի, եւ ժամանակից ժամանակ ու մարդուց մարդ թռչկոտելով՝ մտքիս եկածը գրում էի, ու էն ժամանակ մտքովս էլ չէր անցնում, որ էս վեպս էսքան կշարունակվի ու էսքան կերկարի՝ էս տասնիններորդ հեռանկարային հատորին հասնելով, ու էս տասնիններորդս հեռանկարային եմ անվանում, որովհետեւ  էսքան ժամանակից ժամանակ ու մարդուց մարդ թռչկոտելուց հետո վերջապես որոշել եմ վերադառնալ անցյալ դարի  ութսունականների սկզբների «Ծիծեռնակ» ամսագիր, եւ ուզեմ թե չուզեմ՝ պիտի վերադառնամ, որովհետեւ էս վեպս ինքնակենսագրական վեպ է, ու ես իմ կենսագրությունը պատմելով՝ եկել ու հասել էի անցյալ դարի ութսունականների սկզբների «Ծիծեռնակ» մանկական ամսագիր, ուր աշխատում էի գլխավոր խմբագիր Ժենյա Ղուկասովնայի, գլխավոր նկարիչ Գյուլանյան Ֆելոյի, Տաթեւիկի, Կատյայի,Ասյայի, Դոնարայի ու մշակույթի ապագա նախարար Շառոյան Ռոլանդի հետ, եւ քանի որ անցյալ դարի յոթանասունականների վերջերին ու ութսունականների սկզբներին չգիտեի, որ Ռոլանդն ապագայում Մշակույթի նախարար է դառնալու, հավասար-հավասարի պես հետն ընկերություն էի անում, եւ անցյալ դարի յոթանասունականների վերջերին եւ ութսունականների սկզբներին վերադառնալով՝ տրամադրված եմ մի քանի հետաքրքիր պատմություններ պատմել իմ ու Ռոլանդի ընկերությունից, բայց, նախքան էդ պատմություններն սկսելս, ինձ պարտավորված եմ զգում ձեզ համար էլ պատմել Մուշեղ Գալշոյանի պատմած  էն պատմությունը, որ էդ գիշեր ներկաների ու հատկապես Խորեն Աբրահամյանի համար պատմեցի, եւ հենց հիմա հիշեցի, որ էն օրը, երբ Մուշեղ Գալշոյանն էդ պատմությունը պատմում էր, Շառոյան Ռոլանդն էլ էր ներկա, եւ հիմա չեմ պատկերացնում՝ էդ պատմությունն ինչքանով ձեզ կհետաքրքրի, եւ չնայած Խորեն Աբրահամյանը շատ էր պնդում, որ էդ պատմությունն իրենց համար պատմեմ, էն ժամանակ էլ չէի պատկերացնում՝ ինչքանով իրենց էդ պատմությունը կհետաքրքրի, եւ, որ ամենակարեւորն է, ես էդ գիշեր չէի պատկերացնում՝ կկաողանա՞մ էդ պատմությունն էնպես պատմել, որ այն հետաքրքրի էդ երեւելի անհատականություններին, որոնց հետ մի տարածքում ու մի սեղանի շուրջ հայտնվելն ինձ համար երազի պես բան էր:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031