Լրահոս
Օրվա լրահոսը

Արևելյան գործընկերության եվրոպական դպրոց. նոր հեռանկարներ ԱլԳ տարածաշրջանում երիտասարդների համար

Սեպտեմբեր 04,2018 10:09

Այս շաբաթ բազմաթիվ ընտանիքներ պատրաստվում են նոր ուսումնական տարվան: Ամբողջ Եվրոպայում լուսավոր, մոտիվացված աշակերտներն ու ուսանողները լի են նոր հմտություններ ձեռք բերելու վճռականությամբ, որպեսզի նպաստ բերեն ապագայում իրենց զբաղվածությանը: Այսօրվա ուսանողները վաղվա քաղաքացիներն, առաջնորդները, մասնագետներն ու գործարարներն են: Նրանց համար լավ կրթություն և ճիշտ հմտություններ ապահովելով՝ մենք ներդրում ենք կատարում մեր ապագայի ուղղությամբ:

Այս ուսումնական տարվա սկզբին ես, Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ միասին, հպարտորեն նշանավորում եմ նոր՝ Արևելյան գործընկերության եվրոպական դպրոցի բացումը: Սա խոշորագույն ձեռքբերում է Եվրոպական Միության համար և վերջինիս կողմից Արևելյան գործընկերության տարածաշրջանի (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա) երիտասարդներին ուղղված աջակցության լավագույն վկայումն է: Դպրոցն այսօր կբացի իր դռները Թբիլիսիում՝ 16-17 տարեկան իր առաջին 30 աշակերտի առջև, ովքեր հաջողել են ստանալ կրթաթոշակներ՝ խիստ և արժանիքների վրա հիմնված ընտրական գործընթացի արդյունքում: Եվրոպական Միության 28 անդամ պետությունների և նրա վեց արևելյան գործընկեր երկրների աջակցությամբ՝ ուսանողներին կառաջարկվի բարձրակարգ կրթություն` հնարավորություն ընձեռելով բազմալեզու և բազմամշակութային միջավայրում ներգրավվել եվրոպական ուսումնասիրությունների գործընթացում՝ ակադեմիական դասընթացների և արտաուսումնական միջոցառումների միջոցով:

Երիտասարդների ուղղությամբ ներդրումների իրականացումն իմ առաջնահերթություններից է: Ես՝ որպես ԵՄ հանձնակատար, ակտիվորեն աշխատել եմ վեց գործընկեր երկրների հետ միասին՝ տարածաշրջանում երիտասարդների համար ավելի մեծ հնարավորություններ ստեղծելու նպատակով: Հավատացած եմ, որ յուրաքանչյուր ոք ունի որակյալ և ներառական կրթություն ստանալու իրավունք: 2017թ. նոյեմբերին կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովը, ի թիվս «2020 թվականի համար 20 թիրախային արդյունքներ»-ի, հաստատեց 340 մլն եվրո արժողությամբ երիտասարդներին ուղղված աջակցության նոր փաթեթը: Այն կնպաստի անհրաժեշտ պայմանների ստեղծմանը ողջ տարածաշրջանի երիտասարդների համար, որպեսզի վերջիններս կարողանան սովորել, աշխատել, շփվել իրենց հասարակությունների հետ և լիարժեքորեն զարգացնել սեփական ներուժը:

Այս փաթեթի շրջանակներում Եվրոպական Միությունը կամրապնդի իր ամենահաջող նախաձեռնություններից մեկը` «Էրազմուս+»-ը: Մինչև 2020թ.-ը, մեր գնահատմամբ, Արևելյան գործընկերության տարածաշրջանից շուրջ 80,000 երիտասարդ, երիտասարդական ոլորտի աշխատող, ուսանող և դասախոս կստանա փոխանակման ծրագրերին մասնակցելու հնարավորություն:

Ես կրթությունը միշտ համարել եմ փոփոխությունների կարևորագույն շարժիչ ուժը: Այնուամենայնիվ, տեխնոլոգիաների և աշխատաշուկայի կառուցվածքներում տեղի ունեցող փոփոխությունները պահանջում են անընդհատ ճշգրտումներ: Երիտասարդներն ավելի հաճախ են կարիք զգում զարգացնելու իրենց հմտություններն ու մոտեցումները, որոնք կարող են իրենց ավելի ճկուն և նորարար դարձնել՝ մշտապես փոփոխվող միջավայրի հետ առերեսվելիս: Նախադպրոցականից մինչև միջնակարգ և բարձրագույն կրթություն ստանալու ընթացքում ձեռք բերված հիմնական և հարակից հմտությունները խիստ կարևոր նշանակություն ունեն:

Մենք նաև մեր փորձից գիտենք, որ աշխատաշուկայի պահանջարկի հետ հմտությունների լավագույն համադրումը առանցքային նշանակություն ունի երկարաժամկետ հեռանկարում մրցունակության և տնտեսական զարգացման բարելավման հարցում: Այդ իսկ պատճառով վեց երկրում շարունակական աջակցություն է ցուցաբերվում մասնագիտական կրթությանը և ուսուցմանը (ՄԿՈՒ): 80 միլիոն եվրո կազմող բյուջեն նպատակաուղղված է որակավորման համակարգերի արդիականացմանը և ՄԿՈՒ գրավչության բարձրացմանը:

ԵՄ-ն նաև վճռականորեն կիսում է վեց երկրների՝ ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանն աջակցելու և իրենց կրթական համակարգը հաջորդ մակարդակին հասցնելու ձգտումները: Այս համատեքստում ԵՄ-ի EU4Youth («ԵՄ-ն երիտասարդների համար») ծրագիրը նպատակ ունի բարելավել երիտասարդների զբաղվածության հեռանկարները, հատկապես (բայց՝ ոչ միայն) խոցելի և սահմանափակ հնարավորություններով երիտասարդների համար` նրանց ձեռնարկատիրական ներուժի խթանման, ինչպես նաև աշխատաշուկայի համար պիտանի հմտությունների զարգացման միջոցով: Սա արվում է գործարար ինկուբատորների և նորարարական կլաստերների, ինչպես նաև ձեռնարկատիրության և վաղ դպրոցական շրջանավարտների համար նախատեսված ոչ ֆորմալ ծրագրերի վրա կենտրոնացած մենթորային սխեմաների ստեղծման միջոցով:

Երիտասարդներին աջակցությունը մշտապես եղել և շարունակելու է մնալ Եվրոպական Միության օրակարգի ուշադրության կենտրոնում: Արևելյան գործընկերության եվրոպական դպրոցը կենտրոնանում է հենց այս նպատակի վրա. Երիտասարդների համար եվրոպական արժեքների վրա հիմնված գիտելիքների, հմտությունների և հնարավորությունների ճիշտ համախմբի ապահովում: Ես համոզված եմ, որ դա կնպաստի տարածաշրջանում ավելի լավ փոխանակմանն ու փոխըմբռնմանը:

Յոհանես Հանն

Եվրոպական հարևանության քաղաքականության և

ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930