Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի գնացեք էլի էդ խոպան կոչվածը»․Գյումրիում մոտ 10 շինկազմակերպություններ առանց շինարարների են մնացել

Սեպտեմբեր 07,2018 17:39

Այսօր Գյումրու Թատերական հրապարակում աշխատանքի 11-րդ տոնավաճառի բացման արարողության ժամանակ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ուշագրավ փաստեր ներկայացրեց աշխատուշակայից։ Նա հորդորեց գյումրեցիներին ՝ «Չբռնել խոպանի ճանապարհը», մնալ ու աշխատել Գյումրիում։ Ըստ քաղաքապետի, այժմ Գյումրիում մոտ 10 շինկազմակերպություններ չունեն համապատասխան մասնագետներ՝ շինարարներ, բանվորներ։

«Ճիշտն ասած, զարմանալի է ինձ համար, նույնիսկ հայտարարություն եմ տալիս հեռուստաընկերություններով, հորդորում ենք, որ գան, ընդգրկվեն ընթացիկ շինարարության մեջ։ Տոնավաճառին մասնակցում է «Կոպշինը», մոտեցեք, հարցրեք, թե ինչքան բանվորներ են իրենց անհրաժեշտ»,- ասաց Սամվել Բալասանյանը։

Քաղաքապետն ասաց, որ թափուր աշխատատեղեր ունեն նաև թեթև արդյունաբերության ոլորտում, գործատուները մոտենում են իրեն ու դժգոհում, որ բանվոր չեն կարողանում ճարել։

«Ասեմ, որ այսօր ուսումնասիրել եմ, տեսնում եմ, որ մոտ 13 հազար գործազուրկ կա գրանցված, որից 70 տոկոսը կանայք են»,-հայտարարեց Գյումրու քաղաքապետը։

Լրագրողները քաղաքապետից խնդրեցին մանրամասնել թեման։ Սամվել Բալասանյանն ասաց, որ Գյումրիում ակտիվ փողոցաշինություն է ընթանում, մոտ 10 շինկազմակերպություններ մրցույթներ են շահել, շինարարներ են փնտրում, սակայն բանվոր անգամ չեն կարողանում գտնել։ Նրանք այս հարցով դիմել են Սամվել Բալասանյանին։

«Ես հորդորում եմ, չգնալ էդ խոպան կոչվածը, մնան իրենց տներում և իրենց քաղաքը շենացնեն»,-մեկ անգամ ևս ասաց Գյումրու քաղաքապետը։ Ըստ նրա՝ Գյումրիում բազմաթիվ փողոցաշինական ծրագրեր կան, և ինքը դեմ է, որ շինկազմակերպությունները մասնագետների, շինարարների, բանվորների բերեն դրսից։

«Ես միշտ հորդորել եմ, ասել եմ, որ տեղի բնակիչներին վերցրեք։ Եվ հիմա օգտվելով առիթից, որ լրատվությունը կարող է հրապարակել, հորդորում եմ՝ անպայման մոտեցեք շինկազմակերպություններին»։

Սամվել Բալասանյանն ասում է, որ միայն մի շինկազմակերպությանն անհրաժեշտ են մոտ 100 բանվորներ, մեկ այլ կազմակերպության՝ «Մերձմոսկովյան» ընկերությանն անհրաժեշտ են եզրաքարեր շարող առնվազն 20 բանվորներ։

«Վաղը մյուս օր հենասյուններն ենք փոխելու այդ փողոցների, մեզ էլեկտրիկներ են պետք, այսինքն՝ տարբեր տեսակի մասնագետներ են պետք։ Թեթև արդյունաբերության ոլորտում էլ մեզ աշխատողներ են պետք։ Ինձ մոտեցել էր «Տավրոս» ֆիրմայի տնօրենն, ասում էր, հայտարարություն ենք տալիս, մարդ չկա, որ գա, աշխատի, այսպիսին է վիճակը»։

Մեր հարցին՝ միգուցե աշխատավա՞րձն է ցածր, որ շինարարներն ու բանվորները ցանկություն չունեն աշխատելու, Սամվել Բալասանյանն ասաց, որ չի ուզում շինարարի փոխարեն պատասխանել այս հարցին, սակայն մինչև 150 հազար դրամ բանվորի աշխատավարձն է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ Գյումրու քաղաքապետարանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930