Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց Հունան Պողոսյանի նշանակումը. «Ինձ համար կարեւոր է ջարդել նարկոտրաֆիկի ողնաշարը»

Հոկտեմբեր 19,2018 19:50

Այսօր Կապանում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանի նշանակման վերաբերյալ հնչած քննադատություններին ասելով, որ նախ՝ դա աննախադեպ երեւույթ չէ, նախկինում էլ այդպիսի դեպքեր եղել են: Եվ, եթե Երեւանը կարող է կառավարել ոչ երեւանցին, եւ ինչու չենք ընդունում, որ Սյունիքն էլ կարող կառավարել ոչ սյունեցի: Ըստ նրա, եթե Երեւանը գլուխն է, ապա Սյունիքը Հայաստանի ողնաշարն է. «Սյունիքը ողջ հայության ողնաշարն է, Սյունիքի նշանակությունը չի սահմանափակվում մի մարզով, մի քաղաքով, մի գյուղով: Սյունիքը, գիտեք, նույնիսկ, Ղարաբաղի ողնաշարն է:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Սյունիքի վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս պետք է հստակ պատկերացնենք ինչ ենք ուզում, ինչ խնդիր ենք լուծում. «Սյունիքով է անցնում Հայաստանի հանրապետությունը Իրանի Իսլամական հանրապետությանը կապող միակ ճանապարհը: Միակ ճանապարհը, որը երկու օր առաջ հինգ հոգով որոշել էին որոշ մարդիկ փակել»:

Վարչապետի պաշտոնակատար Փաշինյանն ասաց, որ այդ թեմային դեռ կանդրադառնա: Նրա խոսքով, մենք ունենք երկու սահման Վրաստանի եւ Իրանի հետ, բայց Վրաստանի հետ երեք ճանապարհ կա կապող, իսկ Իրանի հետ Սյունիքի ճանապարհը միակն է եւ ստրատեգիական նշանակություն ունի. «Սյունիքն այսօր արդյունաբերական խոշոր կենտրոններից է, եթե ոչ՝ ամենախոշորը: Սա պատմում եմ մարզպետի նշանակման որոշման տրամաբանությունը ձեզ ներկայացնելու համար: Սյունիքում շատ հաճախ արձանագրվում են թմրամիջոցների խոշոր խմբաքանակների ներհոսք դեպի Հայաստանի Հանրապետություն եւ դրանց մի մասը դուրս է գալիս Հայաստանով վտանգելով մեր երկրի հեղինակությունը եւ մյուս մասը մնում է Հայաստանում՝ վտանգելով մեր երիտասարդությանը: Եվ ինձ համար կարեւոր է ջարդել այդ նարկոտրաֆիկի ողնաշարը»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, միամտություն է կարծել, որ դրանով միայն օտարերկրացիներն են զբաղվում, նրանք չեն կարող զբաղվել, եթե տեղում չունենան գործակիցներ:

Նա նաեւ ասաց, որ օլիգարխիայի իմաստով ամենառիսկային մարզը Սյունիքն է: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այսօր Կապանում զբոսանքի ժամանակ իրեն բազմաթիվ քաղաքացիներ են մոտեցել եւ ասել, որ այստեղ փորձ է արվում վերականգնել օլիգարխիական հին տրամաբանությունը. «Ինձ ահազանգում են մարդիկ ասում են, որ այստեղ շարունակում է ծանրակշիռ մնալ կրիմինալի ազդեցությունը»:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենք չեն կարող թույլ տալ, որ ազատագրված Սյունիքում այդպիսի երեւույթները զարգանան:

Եվ երբ, ըստ Փաշինյանի, մտածել է մարզպետի թեկնածուի մասին, ապա հասկացել է, որ այդ մարդը պետք է լինի զինվորական բարձրագույն կոչում ունեցող մարդ, որպեսզի կարողանա, ի վիճակի լինի ոտքերի վրա պինդ կանգնել. «Եվ ահա, այդ երեւույթների դեմ, պոտենցիալ ռիսկերի դեմ հստակ կանգնել եւ անհրաժեշտության դեպքում ձեռքը խփել սեղանին: Եվ այդ թեկնածության մասին մտածելիս ես կանգ եմ առել Հունան Պողոսյանի վրա, որն այստեղ ներկա է՝ Սյունիքի նորանշանակ մարզպետը»:

Փաշինյանն ասաց, որ ոչ մի գաղտնիք չկա ով է ինքը, ով է Հունան Պողոսյանը եւ վերջին անգամ երկուսով հանդիպել են փշալարերի մոտ, երբ ձեռքը վնասվելու ժամանակ պարոն Պողոսյանը իրեն շտապ օգնության մեքենա է նստեցրել՝ ուղարկել հիվանդանոց:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031