Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՏԱՐՎԱ ՇԵՄԻՆ

Հոկտեմբեր 26,2018 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ քառասունմեկերորդ

ՆՈՐ ՏԱՐՎԱ ՇԵՄԻՆ

Չնայած բոլորս ենք բողոքում ու տրտնջում, որ Հայաստանը դատարկվում է, շատերս մեր հոգիների խորքերում փափագում ենք, որ էդ դատարկողներից մեկն էլ անձամբ մենք լինենք, որովհետեւ շատերս ոչ թե հայրենասիրությունից մղված ենք մնացել  ու ապրում մեր հայրենիքում, այլ պարզապես ուրիշ տարբերակ չենք ունեցել ու չունենք եւ չենք էլ ունենալու, եւ հիմա, երբ էս ամենի մասին գրում եմ, մեր հայրենիքում մի նոր ու բացառիկ ճգնաժամ է սկսվել. ընդամենը մի շաբաթվա ընթացքում դրամը դոլարի համեմատ 400-ից 510-ի է հասել, եւ հայտնի չէ՝ առաջիկայում էլի ինչքան կընկնի, եւ դրամի կտրուկ անկման էս օրերին ամեն ինչի գները կտրուկ բարձրացել են, եւ Հայոց աշխարհում էս պահին 2014 թվականի դեկտեմբերի 16-ն է, այսինքն, նոր տարվա շեմին է էս հերթական ճգնաժամն ու աննախադեպ իրավիճակն ստեղծվել, եւ սպասելի է, որ էս իրավիճակը մեզանում նոր ու ծավալուն արտագաղթի պատճառ ու խթան հանդիսանա, բայց առայժմ, նոր ու ծավալուն արտագաղթ չի սկսվել՝ ոչ միայն էն պատճառով, որ դեմներս նոր տարի է, եւ նոր տարվա հոգսերով ու պարտավորություններով ենք տապակվում, այլեւ ու, ըստ ամենայնի, նաեւ էն պատճառով, որ էս պահին Ռուսաստանում էլ է տնտեսական ու ֆինանսական ահավոր ճգնաժամ, եւ դոլարի համեմատ էս վերջին շաբաթվա ընթացքում ռուսների ռուբլին ավելի է ընկել, քան նույնիսկ՝ մեր դրամը, եւ ամենասարսափելին էն է, որ դոլարի ու եվրոյի համեմատ դրամի ու ռուբլու կտրուկ վայրէջքն ավելի մեծ չափով է շարունակվում, եւ մինչ էս մի քանի տողը գրում էի, դոլարի համեմատ դրամը 580-ի հասավ, եւ ոչ ոք չգիտի՝ առաջիկայում ուր կհասնի, եւ նույնիսկ տնտեսագետները գլուխ չեն հանում ստեղծված վիճակից, եւ բոլորիս ենթադրությունն էն է, որ էս ամենն ԱՄՆ-ի ու Արեւմուտքի պատասխանն է Ռուսաստանին՝ Մաքսային միության նախաձեռնության առթիվ, եւ էս պահին, երբ էս բաներն եմ գրում, սկսվեց Վլադիմիր Պուտինի ասուլիսը, եւ ես, որ Պուտինի ու այլոց ասուլիսները երբեւէ ծայրեծայր չեմ դիտել, հիմա վազում եմ մեր ճաշասենյակ, որպեսզի Վլադիմիր Վլադիմիրովիչին լսեմ, որովհետեւ մեր էսօրվա վիճակն ուղղակիորեն է կախված Ռուսաստանից եւ անձամբ Պուտինից, եւ եթե Պուտինը կտրուկ միջոցներ չձեռնարկի, ռուբլու, դրամի եւ ամեն ինչի էս աննախադեպ անկումը նույն տեմպով եւ միգուցե առավել չափերով շարունակվելու է, եւ չնայած «աննախադեպ» եմ ասում, հիմա հիշեցի, որ  ռուբլու  ինֆլյացիան անցյալ դարի իննսունականների սկզբներին առավել կատաստրոֆիկ էր, գումարած ցուրտն ու մութը, գումարած պատերազմը, եւ գումարած լիքը այլ հանգամանքներ, բայց իննսունականների սկզբներին  ամենակարեւորը կար՝ հույսը, եւ էդ հույսը ոչ թե վերացական էր, այլ բաղկացած էր միանգամայն կոնկրետ բաղադրիչներից, եւ էդ բաղադրիչներից կարեւորագույնը մեր նորածին անկախությունն էր, եւ կոնկրետ իմ դեպքում կարեւորագույնը նաեւ իմ ջահել տարիքն էր, որն ամեն ինչի վրա լույս ու ծիծաղ էր սփռում:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել