Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԲԱՑԱՐՁԱԿ ԱՆԿԱԽ

Դեկտեմբեր 07,2018 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ քառասունյոթերորդ

ԲԱՑԱՐՁԱԿ ԱՆԿԱԽ

Որոշ  օրթախականներ նույնիսկ էս նոր՝ «Մարինո» սրճարանի ու հավաքատեղիի տեղը չգիտեն, եւ չնայած էդ որոշներն էս նոր հավաքատեղիից գաղափար անգամ չունեն, իրենց լիարժեք օրթախական են համարում եւ շատ էլ ճիշտ են անում, որովհետեւ օրթախականը ոչ թե ամեն օր գալով ու գնալով է, այլ՝ ամբողջական խառնվածք ու էություն, եւ Բարսեղը, ով նմանապես մաթեմատիկոս է ու միանգամայն հարգելի պատճառով ամենից շատն է բացակայում «Մարինոյից», էդ ասածիս ամենավառ օրինակն է, եւ իր ժամանակի մեծ մասն արտասահմաններում անցկացնելով՝ բնականաբար ու հարգելի պատճառով տեւականորեն բացակայում է «Մարինոյի» ամենօրյա հավաքներից, եւ որպեսզի ձեզ համար ավելի պարզ լինի, մանրամասնելով ասեմ, որ ազգայնական մաթեմատիկոս Բարսեղն իր ընտանիքը պահում է արտասահմաններում մաթեմատիկա դասավանդելով, ընդ որում՝ ազգայնական ու շրջիկ  մաթեմատիկոս Բարսեղը մաթեմատիկա դասավանդում է բացառապես առաջադեմ ու զարգացած երկրներում, եւ էս հանգամանքը շեշտում եմ, որպեսզի ձեզ համար էլ պարզ լինի, որ ազգայնական մաթեմատիկոս Բարսեղն ազգայնական լինելով՝ իբրեւ մաթեմատիկոս միանգամայն առաջադեմ ու հաջողակ է, ընդ որում՝ ոչ թե Հայաստանի սահմաններում է հաջողակ, այլ, ընդհակառակը, արտերկրներում, եւ չնայած ինքն արտերկրներում ու հատկապես եվրոպական երկրներում է հաջողակ, միանգամայն դեմ է Հայաստանի Եվրոինտեգրմանը, բայց, ի տարբերություն երդվյալ ու տիպիկ ռուսամետների, Բարսեղը նաեւ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցությանն է կատեգորիկ  դեմ եւ կողմ է Հայաստանի բացարձակ անկախությանը, ու էդ իմաստով ոչ միայն Օրթախ Աբոյի  ծիծաղն է հարուցում, այլեւ՝  ձեր խոնարհ ծառայինը, որովհետեւ, ինչպես Օրթախ Աբոն ու մարդկության մեծ մասը, ձեր խոնարհ ծառան էլ է գտնում, որ աշխարհում բացարձակ անկախ երկիր գոյություն չունի՝ ներառյալ Ամերիկան ու Ռուսաստանը, բայց Բարսեղն, ահա,  հակառակում է համոզված եւ հավատում է, որ եթե ողջ աշխարհի հայերը գաղափարապես միավորվեն, Հայաստանը կարող է բացարձակ անկախնաերի շարքը համալրել, եւ  չնայած ազգայնական մաթեմատիկոս Բարսեղը օրթախականների մեծ մասից ահագին տարբեր է մտածում, եւ չնայած հարգելի պատճառներով ամենից ավելի է բացակայում օրթախականների էդ  ամենօրյա իրիկնային  հավաքներից, այդուհանդերձ, ես ամենայն պատասխանատվությամբ իրեն էլ եմ բուն օրթախական համարում, եւ, ընդհակառակը, օրթախականների ամենօրյա իրիկնային հավաքներից գրեթե չբացակայող որոշներին ոչ մի կերպ չեմ կարող օրթախական համարել, ընդ որում՝ միանգամայն ինձ անհայտ պատճառներով, ավելի ճիշտ՝ երբեւէ էդ ուղղությամբ չեմ մտածել, եւ հիմա էդ ուղղությամբ մտածելով՝ էլի չեմ կարողանում գտնել պատճառները, այն է՝ ինչո՞ւ որոշները օրթախականների ամենօրյա իրիկնային հավաքներին գրեթե մշտապես ներկա գտնվելով՝ ոչ մի կերպ չեն կարողանում օրթախական դառնալ:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել