Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Ժողովրդի կամքը արտահայտվելուց հետո բոլորս լծվում ենք ժողովրդի կամքը իրագործելուն»

Դեկտեմբեր 10,2018 22:22

Քիչ առաջ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում ուղերձով դիմեց ժողովրդին:

«Սիրելի հայրենակիցներ: Երեկ Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում ժողովրդավարության եւ ժողովրդի իշխանության բացառիկ հաղթանակը դարձան: Այսօր ընտրություններին հետեւած միջազգային դիտորդները բացառիկ եւ աննախադեպ բարձր գնահատական են տվել մեր ընտրությունների արդյունքներին՝ ըստ էության արձանագրելով խորհրդարանական արտահերթ ընտրությունների ազատ, արդար, թափանցիկ եւ ժողովրդավարական լինելու փաստը: Եվ սա աննախադեպ իրադարձություն է Երրորդ Հանրապետության պատմության մեջ:

Եվ ես համարում եմ, որ սա իսկապես Հայաստանի կարեւորագույն նվաճումն է Հայաստանի ժողովրդի, Հայաստանի քաղաքացու կարեւորագույն նվաճումը: Իհարկե, այս ընտրությունները կարեւոր եւ բացառիկ էին ապրիլ-մայիսին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արդյունքները արձանագրելու առումով: Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր այս ընտրություններում կրկին վստահության քվե տվեցին մեզ, «Իմ քայլը» դաշինքին: Ես ուզում եմ ասել, որ այդ վստահության քվեն բացառիկ պարտավորեցնող է, եւ մենք գիտակցում ենք, որ ահա եկել է օր ու գիշեր աշխատելու եւ ժողովրդի վստահությունը արդարացնելու ժամանակը: Եվ որեւէ կասկած չկա, որ մենք ամբողջությամբ նվիրված ենք այդ առաքելությանը:

Առաջիկայում տեղի կունենա Ազգային Ժողովի, նրա մարմինների, կառավարության ձեւավորումը եւ ի վերջո նաեւ նոր թափով կսկսենք նախընտրական ծրագրերի իրագործումը, որոնցով հանդես ենք եկել այս ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում: Ես ուզում եմ շնորհավորել նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը ընտրություններում իրենց արձանագրած արդյունքների համար:

Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն քաղաքական ուժերին, ովքեր ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին խորհրդարանական այս ընտրություններում եւ ուզում եմ հավաստիացնել, որ «Իմ քայլը» դաշինքը կփորձի ներկայացնել նաեւ Հայաստանի այն քաղաքացիներին, որոնց նախընտրած ուժերը չեն հաղթահարել խորհրդարանում հայտնվելու համար անհրաժեշտ արգելքը:

Սիրելի հայրենակիցներ: Այս ընտրությունները, այս բացառիկ ժողովրդական եւ ժողովրդավարական ընտրությունները ազգային միասնության եւ ազգային համախմբման մի նոր առիթ պիտի դառնան: Ըստ էության, եկել է Հայաստանում արարման, ստեղծման, Հայաստանը ազատ եւ երջանիկ պետություն դարձնելու, Հայաստանում տնտեսական հեղափոխությանը նոր թափ ու նոր ուժ տալու ժամանակը: Եվ ես համոզված եմ, որ մենք իրար հետ միասին Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը, Սփյուռքը, հայ ժողովուրդը որպես մեկ ամբողջություն, մեկ միասնություն կհասնի այդ նպատակների եւ ազգային երազանքների իրականացմանը:

Եվ այս համատեքստում շատ կարեւոր է, որ մենք Հայաստանում ոչ միայն պահպանենք, այլեւ զարգացնենք ժողովրդավարության, քննարկման, բանավեճի մթնոլորտը եւ մեր գաղափարները, մեր մտքերը, մեր երազանքները իրար հետ կիսենք եւ այդ պրոցեսի արդյունքում դուրս բերենք իսկապես համազգայինը, որը միավորում է բոլորիս: Նախընտրական քարոզարշավը, նախընտրական արշավները, այո, նաեւ բուռն բանավեճերի եւ քննադատությունների ժամանակաշրջան են, բայց ահա այսպիսի ընտրությունների ամենամեծ եւ ամենակարեւոր առաքելությունը այն է, որ ժողովրդի կամքը արտահայտվելուց հետո բոլորս լծվում ենք ժողովրդի կամքը իրագործելուն:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ մեզ բոլորիս իսկապես ազատ, արդար, ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու կապակցությամբ, շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որ նրանք անշրջելիորեն իրենց իշխանությունը հաստատեցին Հայաստանի Հանրապետությունում: Եվ շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր քաղաքացիներին, ովքեր գնացին ընտրական տեղամաս եւ արտահայտեցին իրենց քաղաքական եւ քաղաքացիական կամքը: Եվ ի վերջո, այդ քաղաքական եւ քաղաքացիական կամքը արտահայտվեց ընտրությունների պաշտոնական արդյունքներում: Այս ամենի կապակցությամբ իսկապես շնորհավորում եմ բոլորիս, սիրելի հայրենակիցներ եւ ուզում եմ ասել, որ սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ եւ խոնահրվում եմ բոլորիդ առաջ: Եվ կեցցե ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցենք մենք եւ մեր երեխաները, որ ապրում ենք եւ ապրելու ենք ազատ եւ երջանիկ Հայաստանում:

Եվ ամենակարեւորը ժողովուրդ ջան՝ դուխով: Լավ եղեք:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31