«Չեմ կարծում, որ ոստիկանը կարող է ոստիկանի սպանել: Իմ ուղեղում դա չի տեղավորվում: Եթե կպարզվի, որ ոստիկաններն են եղել, ավելի դաժան կլինեմ նրանց հանդեպ»,-դատարանում այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊՊԾ գնդի գրավման օրերին զոհված ոստիկան Յուրի Տեփանոսյանի կինը՝ Արփինե Թումասյանը: Նա չցանկացավ մեկնաբանել իր սկեսրայրի այն պնդումը, թե Յուրի Տեփանոսյանին իրականում ոստիկաններն են սպանել:
Ինչ վերաբերում է Տեփանոսյանի հոր ակնարկին, որ հարսը ոստիկանությունում է աշխատում, ուստի գուցե կաշկանդված է իր հայտարարությունների մեջ, Արփինե Թումասյանը չհամաձայնեց. «Բայց դա ի՞նչ կապ ունի: Օդից չեմ ստացել լեյտենանտի կոչումը»:
Արփինե Թումասյանն անդրադարձավ նաեւ Տեփանոսյանի մահվան հանգամանքների շուրջ Ժիրայր Սեֆիլյանի հայտարարություններին ու շեշտեց. «Ժիրայր Սեֆիլյանին ասում եմ՝ թող որեւէ մեկի անունից չասի, թե ինձ որեւէ մեկը հորդորել է: Ով կասի, թե ինձ ինչ-որ մեկը հորդորել է, պատասխանատվության եմ ենթարկելու: Ինձ անգամ Օսիպյանը չի կարող ասել…ես մեծ կորուստ եմ ունեցել, պայքարելու եմ մինչեւ վերջ»:
Արփինե Թումասյանը, որը երեք երեխաների մայր է, հավելեց. «Եկան մեր տները քանդեցին, հիմա էլ դատարանում արդարություն են պահանջում: Մեր ամուսինների արյան գնով դուրս են եկել՝ քայլում են: Երկու տարի ձայն չեմ հանել, բայց հիմա մինչեւ վերջ պայքարելու եմ»:
Հիշեցնենք, որ Յուրի Տեփանոսյանը կրակոց էր ստացել ծառայողական մեքենայում նստած: Նրա սպանության համար մեղադրվում է «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը, մինչդեռ Տեփանոսյանի հայրը պնդում է, որ դա ոստիկանների ձեռքի գործն է: Կինն էլ համոզված է, որ «Սասնա ծռերն» են մեղավոր:
Այլ մանրամասները՝ տեսանյութերում:
https://www.facebook.com/aravot.am/videos/716005708784783/
https://www.facebook.com/aravot.am/videos/1739183429519681/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































