Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Կենդանաբանական այգում ուսումնասիրությունների արդյունքներն ամբողջությամբ կներկայացվեն հանրությանը». Տիգրան Վիրաբյան

Դեկտեմբեր 13,2018 23:35

Կենդանիների հաճախակի անկում, մի շարք աշխատակիցների դժգոհություններ և հատուկ ուսումնասիրություններ: Երևանի կենդանաբանական այգու շուրջ վերջին շրջանում հնչող անհանգստությունները և առկա խնդիրներն ուսումնասիրելու նպատակով Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբն արդեն գործի է անցել: Զուգահեռաբար ձևավորված հանձնաժողովն էլ ուսումնասիրում է այգու նախորդ 3 տարվա ֆինանսատնտեսական գործունեությունը:

Կենդանաբանական այգու խնդիրներին և իրականացվող ուսումնասիրությունների ընթացքին տեղում ծանոթացել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:

Փոխքաղաքապետը նախ շրջեց այգու տարածքում, հետաքրքրվեց  երկու օր առաջ բեզոարյան այծի անկման մանրամասներով: Կենդանին նախ փախուստի էր դիմել, ապա հայտնաբերվել աշխատակիցների կողմից և տեղափոխվել ազատավանդակ, սակայն որոշ ժամանակ անց կենդանու մոտ սրտի կանգ է արձանագրվել:

«Կենդանու փախչելու համար պետք է կոնկրետ պատճառ լիներ: Ի դեպ, սա երկրորդ փորձն էր: Նշեմ, որ կենդանին 2013 թվականին ծնվել էր հենց այգու տարածքում»,-  նշել է այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

Անասնաբույժը նշում է,  որ կենդանու փախուստը կարող է կապված լինել հիվանդության, կենդանիների միջև ընդհարման կամ երրորդ անձանց միջամտության ու միտումնավոր վախեցնելու հետ: Դեպքի իրական պատճառները հայտնի կդառնան հանգամանալից ուսումնասիրություններից հետո միայն: Մինչ այդ պատասխանատուներին հանձնարարվեց ուշադրությունն ու հետևողականությունը կրկնապատկել:

«Կենդանիների հաճախակի դարձած անկումներն անհանգստության առիթ են տալիս: Մեր խնդիրն է ոչ թե ստուգել, գտնել ու պատժել, այլ կարողանանք օր առաջ կենդանաբանական այգին վերադարձնել իր բնականոն գործունեության» ,- նկատել է փոխքաղաքապետը:

Այցի ընթացքում Տիգրան Վիրաբյանը ծանոթացավ նաև այգու մյուս խնդիրներին՝ մասնավորապես ցանկապատերի ու պարիսպների կառուցման անհրաժեշտության ու իրականացված  շինարարական աշխատանքների թերություններին:

Փոխքաղաքապետը հանդիպեց նաև Կենդանաբանական այգում ուսումնասիրություններ կատարող հանձնաժողովի անդամներին: Համակողմանի ուսումնասիրությունների արդյունքներն ամբողջությամբ ներկայացվելու են հանրությանը:

«Կխնդրեմ խոշորացույցի տակ պահել հիմնական այն խնդիրները, որոնք բարձրացվել են հասարակական հատվածի կողմից և կապված են ֆինանսական շարժի հետ: Առավել քան վստահ եմ, որ ուսումնասիրությունները լույս կսփռեն այս պատմության վրա: Դրանք պետք է լինեն այնքան հավաստի, որ հետագայում այգու գործունեության հետ կապված որևէ կասկած չլինի: Սա ընդունեք որպես խիստ հանձնարարական», – հատկանշեց քաղաքապետի տեղակալը՝ փոխադարձ համաձայնություն ստանալով նաև տնօրեն Ռուբեն Խաչատրյանից:

Տիգրան Վիրաբյանը հանդիպեց նաև այգու այն աշխատակիցների հետ, որոնք տնօրենի աշխատանքին առնչվող բողոքներ ունեն և պահանջում են վերջինիս հրաժարականը: Հանդիպմանը բարձրացված հիմնական հարցերը վերաբերում էին աշխատանքային պայմաններին և պահանջներին, նաև չկատարված խոստումներին: Փոխքաղաքապետի առաջարկով հանդիպումը շարունակվեց կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի ներկայությամբ:

Տիգրան Վիրաբյանն առաջարկեց կողմերին ընդմիջել բանավեճը՝ մինչև ուսումնասիրությունների ավարտը:

«Այսօր այցելության նպատակն էր նաև աշխատակիցներին բերել մի սեղանի շուրջ և աչքերի մեջ նայելով բարձրաձայնել խնդիրները: Նույն սեղանի շուրջ նստել և քննարկելը բխում է կենդանաբանական այգու շահերից: Պետք է թուլացնել այս լարվածությունը, քանի որ  աշխատանքային նման անառողջ մթնոլորտը ուղղակի ազդում է կենդանաբանական այգու բնականոն գործունեության վրա: Այստեղ չկան հովանավորյալներ, իսկ  ցանկացած անօրինականություն պատժվելու է ամենախիստ ձևով»,- նշեց քաղաքապետի տեղակալը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31