Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Լուսաւոր Հայաստան» կուսակցութեան խորհրդարանական խմբակցութեանը

Դեկտեմբեր 16,2018 13:08

Դեկտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Լուսաւոր Հայաստան» կուսակցութեան խորհրդարանական խմբակցութեան անդամներին:

Հանդիպմանը կուսակցութեան առաջնորդ Էդմոն Մարուքեանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց 7-րդ գումարման Խորհրդարանում «Լուսաւոր Հայաստան»-ի խմբակցութեան անդամներին, անդրադարձաւ կուսակցութեան քաղաքական հայեացքներին ու դաւանած աւանդական քրիստոնէական արժէքներին` նշելով, որ առջեւում կան շատ անելիքներ եւ այդ իմաստով մեծ պատասխանատուութիւն է դրուած նորընտիր Ազգային ժողովի ուսերին: Տիար Մարուքեանը այս առաքելութեան համար կարեւորեց Հայոց Հայրապետի օրհնութիւնը` ընդգծելով, որ խմբակցութեան գործունէութեան մէջ նաեւ կարեւոր տեղ պէտք է յատկացուի ինչպէս Հայաստանում, այնպէս եւ նրա սահմաններից դուրս գտնուող հարուստ քրիստոնէական ժառանգութեան պահպանութեան խնդիրներին:

Այնուհետեւ «Լուսաւոր Հայաստան» կուսակցութեան անդամներին ողջունեց եւ իր բարեմաղթանքերը փոխանցեց Նորին Սրբութիւն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետը շնորհաւորեց խորհրդարանականներին ձեռք բերած վստահութեան քուէի համար, որը հնարաւորութիւն է ընծայելու նրանց օրէնսդրական գործունէութեամբ իրականացնել իրենց բոլոր ծրագրերը, ամուր հիմերի վրայ հաստատել հայոց պետականութիւնը, նպաստել հզօր եւ ապահով հայրենիքի կերտմանը:

Երկրի առջեւ ծառացած մարտահրաւէրների,  դժուարութիւնների եւ խնդիրների յաղթահարման գործում, որոշումների կայացման մէջ իբրեւ զօրութեան եւ ներշնչման ոգու աղբիւր Հայոց Հայրապետը նկատեց անցեալի հետ հաղորդակցութիւնը, կարեւորեց ազգային ժառանգութեան ճանաչողութիւնը եւ կապը պատմութեան հետ: Նորին Սրբութիւնը վստահութիւն յայտնեց, որ օրինաստեղծ գործունէութիւնը կխարսխուի այն աւանդների եւ արժեհամակարգի վրայ, որոնք դարեր շարունակ ուժ են տուել մեր ժողովրդին` յաղթանակելու, դիմագրաւելու դարերի փորձութիւնները եւ վերապրելու պատմութեան բոլոր օրհասական պահերը:

Նորին Սրբութիւնը պատասխանեց նաեւ ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին եկեղեցական կեանքի մարտահրաւէրներին, հոգեւոր ժառանգութեան պահպանութեան խնդիրներին եւ Եկեղեցի-պետութիւն յարաբերութիւններին: Վերջինիս առնչութեամբ Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ Հայոց Եկեղեցին ինչպէս պատմութեան ընթացքում, այնպէս եւ այսօր շարունակելու է սատարել հայրենի պետութեանը, որպէսզի հայոց ողջ ներուժի համախմբմամբ, սիրոյ եւ միաբանութեան մէջ, նուիրեալ եւ ազգաշէն ծառայութեամբ կեանքի կոչուի աշխարհասփիւռ մեր ժողովրդի` լուսաւոր Հայրենիք ունենալու տեսլականը:

Տեղեկատվական համակարգ

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31