Լրահոս
Օրվա լրահոսը

«Աստված չանի՝ սա նախադեպ դառնա». Ռուբեն Մելիքյանը՝ Մհեր Եղիազարյանի մահվան մասին

Հունվար 26,2019 21:50

Այսօր մամուլում եւ սոցցանցերում հրապարակումներ եղան այն մասին, որ հացադուլից հետո քրեակատարողական հիմնարկում մահացել է Haynews.am կայքի հիմնադիր-պատասխանատու, ազատամարտիկ Մհեր Եղիազարյանը, որը եղել է «Հայոց արծիվներ. միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահը:

Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ նա ձերբակալվել էր դեկտեմբերի 4-ին: «Բացա­հայտ­վել է կաշառք տալու պատրվակով առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք»,-ասվել էր ԱԱԾ հաղորդագրության մեջ:

Հաջորդ օրը Մհեր Եղիազարյանը հացադուլ էր հայտարարել՝ նշելով, որ չի վստահում նախաքննության ընթացքին:

«Տեղյակ չեմ եղել, որ նա տեւական ժամանակ գտնվել է հացադուլի մեջ: Առաջին դեպքն է կարծես, որ անձը երկարատեւ հացադուլի մեջ գտնվի: Նա տասը օր՝ դուրս էր եկել հացադուլից, այսինքն՝ հունվարի 17-ին: Աստված չանի՝ նման դեպքը նախադեպ դառնա»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Մհեր Եղիազարյանի մահվան փաստին՝ ասաց իրավապաշտպան, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Նա կատարվածի շուրջ մի շարք հարցադրումներ առանձնացրեց, որոնք, իր բնորոշմամբ, հանրությունը պետք է ներկայացնի եւ ակնկալի արագ պատասխաններ:

«Քննչական մարմինները, կարծում եմ, նման ցավալի եւ ողբերգական հետեւանքից հետո չեն կարող նախաքննական գաղտնիքի վրա հղում անելով՝ չտալ տեղեկատվություն Մհեր Եղիազարյանի գործի մասին: Պետք է հասկանալ՝ այդ ի՞նչ գործ էր, որ անձի հանդեպ քրեական հետապնդում իրականացվեց, ի՞նչ հանգամանքներ հիմք հանդիսացան, որպեսզի նա կալանավորվի, եւ ինչո՞ւ գրավ չի կիրառվել նրա խափանման միջոց կալանքը փոխելու համար: Պետք է նաեւ հասկանալ՝ պատկան մարմիների կողմից իրավաչափ վարքագիծ եղե՞լ է, թե ոչ: Մյուս կողմից, ի՞նչ միջոցներ է ձեռնարկել ՔԿՀ-ն՝ անձի կյանքի իրավունքը երաշխավորելու համար. օրինակ՝ առողջության նկատմամբ հսկողությունը պատշա՞ճ է եղել, հասարակական վերահսկող իրականացնող կառույցները տեղեկացվե՞լ են այդ մասին, թե ոչ»,-ընդգծեց Ռուբեն Մելիքյանը:

Նա նշեց, որ դեռ ամբողջական տեղեկություններ չի կարողանում գտնել այն մասին, թե ինչ պահանջներով էր Մհեր Եղիազարյանը հացադուլ սկսել եւ ինչ հանգամանքներում էր դադարեցրել այն. «Սա կարեւոր է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա կարծես թե ընդդիմադիր հայացքներ ուներ եւ հանրային գործունեություն էր իրականացնում»:

Հաշվի առնելով այն փաստը, որ սոցցանցերում հանրային գործիչներն ահազանգում են Մհեր Եղիազարյանի հացադուլի հանդեպ իրավապաշտպան հանրության լռության մասին, հետաքրքրվեցինք՝ նման մեղադրանքները հիմնավո՞ր են: Ռուբեն Մելիքյանը պատասխանեց. «Պետք է հասկանալ՝ իրավապաշտպան հանրությունը տեղեկացված եղե՞լ է, թե ոչ: Սա այն դեպքն էր, որ չպետք է վրիպեր իրավապաշտպան հանրության ուշադրությունից, բայց, ցավոք, չենք կարող ասել, որ չի վրիպել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031