Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ հարցեր են քննարկվել Սերժ Սարգսյանի հետ. Վիտալի Բալասանյանն անդրադարձել է Սամվել Բաբայանի հայտարարությանը

Փետրվար 06,2019 23:40

Փետրվարի 5-ին Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հարցազրույցի ժամանակ մեղադրել է Արցախի ներկայիս իշխանություններին տարածքային զիջումների մասին ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկներին ընդդիմացած չլինելու մեջ։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին պարզաբանում ստանալու նպատակով «Արցախպրեսը» մեկնաբանություն է խնդրել Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, Վիտալի Բալասանյանից։

«Սերժ Սարգսյանի հետ 2016 թ․ ապրիլյան կռիվներից հետո ունեցել ենք երկու հիմնական հանդիպում․ մեկը՝ ապրիլի վերջին, մյուսը՝ հուլիսի 16-ին՝ Թուրքիայում հեղաշրջման փորձից մեկ օր հետո և Երևանում ՊՊԾ գնդի և հարակից տարածքի գրավումից մեկ օր առաջ։ Առաջին հանդիպմանը մասնակցում էին զույգ նախագահները և Արցախի խորհրդարանական խմբակցությունները, իսկ երկրորդը հրավիրյալների ավելի ընդլայնված կազմ ուներ․ ներկա էին նաև շարժման և պատերազմի վետերանները, այդ թվում՝ առաջին ջոկատապետ Արկադի Կարապետյանը՝ «Դաշնակ Ագոն»»։

Մեր այն հարցին, թե ինչ է քննարկվել հանդիպումների ժամանակ, և արդյոք պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի կողմից եղել են ճնշումներ արցախյան կողմին զիջումների մղելու համար, անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանել է․ «Այդ հանդիպումների միակ օրակարգային հարցն այն էր, թե ինչպես ենք մենք՝ արցախյան վերնախավս, պատկերացնում հարցի լուծումը և Արցախի անվտանգության հետագա ամրացման հարցը։ Այս թեմայի շուրջ էլ ծավալվել է ազատ քննարկում։ Որևէ պարտադրանք, այն էլ՝ զիջումների մասով, չի եղել։ Մենք հստակ նշել ենք, որ Արցախի կարգավիճակի ու անվտանգության մասով որևէ բացասական փոփոխություն մերժելի է մեզ համար։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, որն այդ ժամանակ ակտիվորեն ներգրավված էր ադրբեջանական կողմի հետ բանակցային հանդիպումներում, ապա վերջինս, մեզ ականջալուր, շատ պարզ կերպով ամփոփման է եկել, որ «անկախ ամեն ինչից՝ մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի»»։

Վիտալի Բալասանյանի խոսքերով՝ այդ հանդիպումների ժամանակ համապատասխան հետևություններ են արվել նաև 2016 թ․ ապրիլյան կռիվների ժամանակ վերհանված սխալներից․ «Սերժ Սարգսյանը խոստացել է, որ շտկվելու են ապրիլյանի ժամանակ երևան եկած բացթողումները, և պետք է նշեմ, որ այդ խոստումը կատարվել է ինչպես սպառազինության մատակարարման, այնպես էլ ինժեներաշինարարական աշխատանքների մասով»,- եզրափակել է Վ․ Բալասանյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Ի՞նչ է նշանակում ապրիլյան կռիվների ժամանակ վերհանված սխալներ։ Ո՞վ է դրանք թույլ տվել։ Ի՞նչ պաշտոնյաներ են պատժվել տարիների հանցավոր անգործության համար։ Ո՞վ է ներողություն խնդրել զոհվածների և վիրավորների հարազատներից։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728