Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ֆանտաստիկ կոլեկտիվ է». Կարմինե Լաուրի

Մարտ 19,2019 13:45

Ջութակահար, Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի առաջատար երաժիշտ Կարմինե Լաուրին մեկ տարի անհամբեր սպասել է հայաստանյան այցին: Մալթացի ամենահայտնի երաժիշտներից մեկն այս օրերին Երևանում է՝ «Հայաստանում Մալթայի երաժշտության օրեր» ծրագրի շրջանակում:

«Առաջին անգամ եմ Հայաստանում: Մեկ տարի անհամբեր սպասել եմ հայաստանյան այցիս: Նախորդ տարի Մալթայում որպես մենակատար երկու անգամ հասցրել եմ հանդես գալ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ: Շատ սիրեցի նվագախումբն ու հաճույք ստացա Սերգեյ Սմբատյանի հետ աշխատանքից: Նրանց ասացի, որ ցանկանում եմ նվագել Հայաստանում: Եվ ահա ցանկությունն իրականություն դարձավ»,- նշում է Կարմինե Լաուրին՝ հավելելով, որ կրկին Հայաստան կվերադառնա:

Ջութակահարը փաստում է՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ֆանտաստիկ կոլեկտիվ է, երաժիշտները շատ պրոֆեսիոնալ, հիանալի մարդիկ են: Սմբատյանն էլ հիանալի դիրիժոր է, ում հետ հաճելի է աշխատել:

Կարմինե Լաուրին նշում է՝ ժամանակակից երաժշտություն հաճախ է կատարում: Ծանոթ է նաև հայ կոմպոզիտորների գործերին, Խաչատրյանի ստեղծագործությունները ֆանտաստիկ է որակում: Դեռևս չի կատարել Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, բայց այն կատարելու մեծ ցանկություն ունի: Ասում է՝ Խաչատրյանը հայերի համար նույնն է, ինչ Չայկովսկին ռուսների համար:

Հայաստանյան համերգին ներկայացնելու է Էրիկ Վոլֆգանգ Քորնգոլդի Ջութակի կոնցերտը: Փաստում է՝ շատ գեղեցիկ կոնցերտ է, բայց այդքան էլ շատ չի կատարվում: Երաժիշտն այն արդեն երկրորդ անգամ է կատարում: Կոնցերտը համեմատում է կինոերաժշտության հետ, ինչը շատ հոգեհարազատ է իր համար, քանի որ Լաուրին ղեկավարել է Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը «Աստղային պատերազմներ», «Հարի Փոթեր», «Դանիացի աղջիկը», «Ջրի ձևը» և այլ ֆիլմերի համար գրված երաժշտության ձայնագրությունների ժամանակ:

Նշենք, որ Լաուրին ելույթներ է ունեցել ողջ աշխարհում: Նա 18 տարի եղել է Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի համաղեկավարը, Օքսֆորդի ֆիլհարմոնիկի կոնցերտմայստերը և Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հրավիրյալ դիրիժորը: Նա նաև այնպիսի նվագախմբերի հրավիրյալ դիրիժոր է եղել, ինչպիսիք են Լոնդոնի ֆիլհարմոնիկը, Ռոտերդամի ֆիլհարմոնիկը, Մանչեստեր Կամերատան, Հոնգ-Կոնգի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Քովենթ Գարդենի նվագախումբը և այլն: Ելույթներով հանդես է եկել նաև Լոնդոնի սիմֆոնիկ և ֆիլհարմոնիկ, Չեխիայի ֆիլհարմոնիկ, Օքսֆորդի ֆիլհարմոնիկ, ինչպես նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբերի հետ:

Հիշեցնենք, որ «Հայաստանում Մալթայի երաժշտության օրեր» ծրագիրը նախաձեռնել են Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը՝ նախագահ Կոնստանտին Իշխանովի գլխավորությամբ, և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը:

Անահիտ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031