Լրահոս
Օրվա լրահոսը

Թատրոնի նախկին բեմադրիչը դիմել է դատարան

Ապրիլ 01,2019 11:15

Տնօրենը եւ գեղղեկը հայտնել են, որ իրենց հաստիքային բեմադրիչ պետք չէ

Բեմադրիչ, արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Գասպարյանի անունը Մայր թատրոնի ցուցանակներից չի իջել երեսուն եւ ավելի տարիներ: Նրա անվան հետ են կապվում մի շարք ներկայացումներ. Պերճ Զեյթունցյան՝ «Ոտքի, դատարանն է գալիս», Ալբեր Քամյու՝ «Կալիգուլա», Ֆեոդոր Դոստոեւսկի՝ «Ոճիր եւ պատիժ», Վարդան Պետրոսյան՝ «Կրակի մեջ», Շեքսպիր՝ «Ջոն արքա», Իոնեսկո՝ «Ռնգեղջյուր»: Շարքային հանդիսատեսս հիշեց այս ամենը, երբ տեղեկացավ, որ նա հայցով դիմել է դատարան:

Սունդուկյանցիներից մի քանիսի դատական գործընթացների մասին վերջին շրջանում աճ ենք նկատում: Մասնավորապես, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցներից մեկի՝ թատրոնի անձնակազմի կառավարման բաժնի պետ Վ. Մովսիսյանի հայցի քննությունը օրերս է ավարտվել, վերաքննիչ քաղաքացիական դատարանն էլ անփոփոխ է թողել ընդհանուր իրավասության դատարանի վճիռը եւ նա դատարանի որոշմամբ վերականգնվել է աշխատանքում:

Դատարանի վարույթում այս պահին Մայր թատրոնի նախկին բեմադրիչ, 2012-2015թթ. գլխավոր ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Գասպարյանի՝ իրեն աշխատանքի վերականգնելու հայցապահանջն է:

Մինչ ընդհանուր իրավասության դատարան դիմելը նա նամակ էր ուղարկել ՀՀ մշակույթի փոխնախարար Ն. Ղարիբյանին, տեղեկացնելով՝ իրեն եւ մի քանի դերասանների աշխատանքից ազատելու, թատրոնում առկա վիճակի, դրդապատճառների մասին:

Տ. Գասպարյանն ամիսներ առաջ ԶԼՄ-ներում հանդես էր եկել թատրոնի ղեկավար զույգին (Ա. Էլբակյանին, Վ. Մկրտչյանին) ուղղված քննադատությամբ, նշել էր, որ «թատրոնն էլբակյանացվել է» այն ժամանակվանից, երբ ռեժիսորի աշխատասենյակից հանվեցին Գաբրիել Սունդուկյանի, Վարդան Աճեմյանի ու Արմեն Գուլակյանի նկարները, որ թատրոնը կործանվում է, որ թատրոնում վախի մթնոլորտ է տիրում, որ մարդկանց անտեղի ազատում են աշխատանքից, անհիմն նկատողություններ ձեւակերպում եւ այլն: Դրան հետեւել էր թատրոնի վարչակազմի ծայրահեղ քայլը:

«2018թ. դեկտեմբերի վերջին աշխատանքային օրը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի մի քանի աշխատակիցներս հեռախոսազանգով տեղեկացվեցինք, որ ծանուցում ունենք ստանալու: Ծանուցումը փոստով ստացանք հունվարի 8-ին: Այնտեղ նշված էր մեր հաստիքների կրճատման մասին»,-ասվում էր նամակում:

Տ.Գասպարյանն իր հետ կատարվածը համարում է «աշխատանքային հետապնդում». «Ա. Էլբակյանն իր գալով նպատակ էր դրել ազատվել ինձնից, սկզբում առանց ծանուցման գլխավոր ռեժիսորից՝ ռեժիսոր դարձնելով, ինչի մասին երկար ժամանակ տեղյակ չէին, ապա հեռացրեց թատրոնին կից ստուդիայից (որն իմ օրոք էր վերաբացվել), ապա խաղացանկից հանվեցին ներկայացումներս»:

Սունդուկյանամերձ շրջանակներում վաղուց ասվում է, որ 2015թ.-ից ի վեր թատրոնը ոչ մի փառատոնի չի մասնակցել, ոչ մի հյուրախաղ չի ունեցել երկրի սահմանից դուրս, Հայաստանում էլ մասնակցել է մեկ փառատոնի Աբովյանում, որի ավարտին գեղղեկի եւ դերասանների միջեւ մեծ վեճ է սկսվել այն հողի վրա, որ գեղղեկը միայն իր եւ դստեր ներկայացումներն է առաջ տանում: Այսօր տոմսարկղի պատերին հանդիսատեսը տեսնում է բացառապես Էլբակյանների ներկայացումների պաստառները:

Ազատման հիմքում թատրոնի ղեկավարությունը դրել էր օպտիմալացման խնդիրը: «Մեր ղեկավար զույգը հայտարարում է, թե իբր սրանք ստիպված կրճատումներ են՝ գումար տնտեսելու խնդիր կա: Եթե դա այդպես է, նրանք պիտի սկսեին տասնյակ մեռած հոգիներից, որոնցով լցված է թատրոնը, դրանք են եւ տարիներով բեմ չբարձրացող դերասանները, եւ ոչինչ չանող աշխատակիցները, որոնց տնօրենը բերել է թատրոն, գրանցել եւ նրանք օդից գումար են ստանում, այլ ոչ թե սկսեին թատրոնի բեմադրիչից եւ նրա ուսանողներից, որոնք 2012թ.-ից լինելով թատրոնում, դարձել են լիարժեք սունդուկյանցիներ: Մենք համոզված ենք, որ այսպես կոչված՝ հարկադիր կրճատումներից հետո տնօրենը եւ գեղղեկը շարունակելու են իրենց մերձավոր շրջապատից մարդիկ բերել թատրոն ու վճարել գումար՝ մեր աշխատավարձից էլ բարձր»,-բարձրաձայնում են զրուցակից դերասաններից եւս երկուսը, որոնք մտադիր են նույնպես դիմել դատարան:

Թատրոնի տնօրեն Վ. Մկրտչյանը հարցազրույցների ժամանակ անդրադարձել էր Տ. Գասպարյանի բարձր աշխատավարձին, սակայն չէր խոսել այն մասին, որ ընտանիքին մեկ օրում զրկել են աշխատանքից, ազատել էին նաեւ Գասպարյանի կնոջը՝ Է. Ավետիսյանին:

Վ. Մկրտչյանը նախկին նախարար Ա. Ամիրյանին ասել է, որ թատրոնին հաստիքային բեմադրիչ պետք չէ եւ որ Ա. Ամիրյանը ներքին պայմանավորվածություն է ունեցել:

Տ. Գասպարյանը երբեք չի իմացել, որ թատրոնի բեմադրիչի հաստիքը վտանգված է:

Տ. Գասպարյանը ժողով կազմակերպելելու պահանջով մի քանի անգամ դիմել է դերասան Ա. Մարությանին, որը նաեւ թատրոնի Արհմիութենական կազմակերպության տնօրենն է, սակայն ժողով այդպես էլ չի հրավիրվել:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

30.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930