Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊԼՀ-ն Վանաձորում ներկայացավ բազմակողմանիորեն

Ապրիլ 11,2019 23:23

Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցում ապրիլի 10-ին անսովոր եռուզեռ էր. դպրոցում անցկացվում էր «Մասնագիտությունների օր Վանաձորում-2019» միջոցառումը: Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի «Մասնագիտությունների օր-2019» ծրագրի հերթական կանգառը Վանաձորում էր, որի շրջանակներում այսօրվա աշակերտը, վաղվա դիմորդը հնարավորություն ունեցավ ծանոթանալու համալսարանի բակալավրական և մագիստրոսական ծրագրերին, առաջարկվող կրթական հնարավորություններին:

Դպրոցի աշակերտներին ներկայացվեցին ԵՊԼՀ-ում դասավանդվող բոլոր օտար լեզուները, որպեսզի դիմորդները և բոլոր ապագա ուսանողները տեղեկանան այդ ծրագրերի մասին և ցանկության դեպքում դիմեն և մասնակցեն ծրագրերին: Միջոցառման նպատակն էր օգնել Վանաձորի և հարակից քաղաքների ավագ և հիմնական դպրոցների աշակերտներին և շրջանավարտներին մասնագիտության հարցում կատարել գիտակցված ընտրություն` նրանց մեջ ձևավորելով անձի զարգացման, կարիերայի պլանավորման կարողություններ:

Բուհի աշխատակիցները և կամավորները այցելուներին ներկայացնում էին իրականացվող տեղական և միջազգային ծրագրերը` նախատեսված ուսանողների և բուհի շրջանավարտների համար: ԵՊԼՀ կարիերայի կենտրոնի ղեկավար Լևոն Բաբամյանը հենց մուտքի մոտ բոլոր աշակերտներին ներկայացնում էր գիտակցված մասնագիտական ընտրություն կատարելու առավելությունները և նրանց համար մանրամասնում էր աշխատաշուկայի այսօրվա պահանջները.

Միջոցառման ժամանակ ԵՊԼՀ-ն ներկայացավ առանձին տաղավարներով։ ԵՊԼՀ տարբեր ամբիոնների ներկայացուցիչները աշակերտներին ներկայացրեցին բուհի բոլոր կրթական ծրագրերը՝ ներառյալ բակալավրական և մագիստրոսական ծրագրերը, բարձրագույն կրթության զարգացման ընդհանուր և միջազգային միտումները։ Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանը ևս ներկա էր միջոցառմանը և ասաց, որ սա շատ գովելի միջոցառում է.

«Կարևոր է, որ երեխաները տեղեկանան բուհերի մասնագիտությունների ու հնարավորությունների մասին և հնարավորինս ճիշտ ընտրություն կատարեն ապագա մասնագիտության հարցում: Իսկապես, ավագ սերունդը այլևս չի կարող օգնել երեխաներին իրենց մասնագիտության ընտրության հարցում: Հիմա երեխաները իրենք են որոշում, թե ինչն է իրենց համար ավելի օգտակար, սակայն դրա համար պետք է ներկայացվեն այն ծառայությունները, որոնք շուկայում առկա են: Բրյուսովը, հանդիսանալով հանրապետության առաջատար բուհ լեզվի և կրթության որակով,շատ լավ է, որ իրազեկում է աշակերտներին համալսարանում առկա մասնագիտությունների մասին: Ցանկանում եմ, որ այս միտումը վարակիչ լինի մյուս բուհերի համար և բացի ԵՊԼՀ-ից ուրիշ համալսարաններ էլ ներկայացնեն իրենց առաջարկը»:

Մեր մյուս զրուցակիցը՝ Վանաձորի քաղաքապետարանի հանրային կապերի և արարողակարգի պետ Էդիկ Հովսեփյանն էլ մեզ հետ զրույցում հավելեց.

«Այստեղ քայլելիս ինձ մոտ տպավորություն էր, թե շրջում եմ ամբողջ աշխարհի քարտեզով՝Չինաստան, Իտալիա, Իսպանիա, Գերմանիա և այսպես շարունակ, գրեթե բոլոր լեզուները ներկայացված են տարբեր տաղավարներով:Այսօրվա մեր քաղաքացու համար ես շատ եմ կարևորում մի քանի լեզուների իմացությունը, որովհետև տնտեսության մեջ այսօր հնարավոր չէ որևէ բիզնես կամ գործընթաց անել՝ առանց մի քանի լեզուների տիրապետելու: Սա կյանքի պահանջն է, և շատ կարևոր է, որ աշակերտը ինքը ներքուստ ընտրի իր մասնագիտությունը, քանի որ մեր կենսագրության մեջ հաճախ մենք ընտրել ենք մասնագիտություն ըստ ուղղորդումների: Եթե իրենք կարողանան իրենց համոզել մասնագիտության ընտրության հարցում, ապա կողմնակի կարծիքների կարիք չի լինի այլևս»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930