Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

 «Մեզ տրվեց ուղիղ եթերի հնարավորություն, մենք երես առանք, տառապեցինք աստղային հիվանդությամբ ու պատրաստված չէինք գալիս ուղիղ եթերին». Էրիկ Անթառանյան

Ապրիլ 13,2019 23:00

Հեռուստահաղորդավար Էրիկ Անթառանյանի մանկության երազանքը օդաչու դառնալն էր, իրականացավ մասամբ:

«Ես օդանավ եմ ղեկավարել, Արցախում ինձ հնարավորություն տրվեց շատ փոքր օդանավ վարել»,-Aravot.am-ին պատմեց հաղորդավարը:

Էրիկ Անթառանյանը օդաչու չդարձավ, իսկ իր ապագա մասնագիտության ընտրության ճանապարհը կարծես նախանշված էր դեռ պատանի տարիքից. «7-րդ դասարանից սկսեցի մասնակցել մաթեմատիկայի հանրապետական ու միջազգային օլիմպիադաների , իսկ դպրոցն ավարտելով՝ այն ժամանակ ամենամոդայիկ մասնագիտություններից մեկն էի ուզում ընտրել՝ տնտեսագետի մասնագիտությունը, բայց եկավ քննությունների ժամանակը, մի քիչ ալարկոտություն արեցի, չսպասեցի քննություններին ու ներկայացրի միջազգային օլիմպիադաներից հաղթած դիպլոմներս ու դրանց հիման վրա միանգամից ընդունվեցի պետական համալսարանի ինֆորմատիկայի ու կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ»:

Ուսման վարձերը վճարելու հարցում մորն օգնելու համար Էրիկ Անթառանյանը տարբեր տեղեր է աշխատել՝ սկսած տոնավաճառում բաժակ վաճառելուց:

Հաղորդավարի առաջին քայլերը նա սկսել է ուսանողական տարիներից. երրորդ կուրսից մի քանի ընկերներով Hay FM ռադիոկայանին են դիմել՝սկզբում պարզապես սովորելու համար, հետո ստացել աշխատանքի առաջարկ. «1997-ին բացվեց նաեւ արդեն հանրային ռադիոյի գիշեր ալիք նախագիծը, կարելի է ասել, մեր լիարժեք աշխատանքային փուլը սկսվեց հենց այնտեղ. ես, Ժակը, Լուսինե Բադալյանը՝ Լուլուն, անցանք աշխատանքի»:

Հեռուստաընկերություն հաղորդավարը մտավ «Ռուբիկոն» հաղորդումից հայտնի հաղորդավարուհի Իզայի առաջարկով. «Ժամանակին մենք ընկերներով մեր էնտուզիազմով դիջեյների ակումբ էինք ստեղծել, Իզան եկավ մեր մոտից հաղորդավար ընտրելու, այդ ժամանակ իմ թեկնածությունն առաջարկեցի, ասացի՝ ես կլինեմ այդ հաղորդավարը, իսկ Տիգրան Նաղդալյանը (խմբ. այն ժամանակ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ) տեսավ ու հավատաց»:

Մեր զրուցակցի պատմելով՝ մի օր, երբ մոնտաժային սենյակում «Ռուբիկոնի» հերթական հաղորդման վրա էին աշխատում, Հայաստանի երգի պետական թատրոնի հիմնադիր Արթուր Գրիգորյանը անցնելիս կանգ առավ ու երկար նայեց մոնտաժային աշխատանքներին.  «Զարմացանք՝ ինչն է այդպես հետաքրքրել ու հարցրինք՝ ինչն է հետաքրքիր, ասաց հաղորդումից պարֆյումի հոտ է գալիս, սա դարձավ չափանիշ ինձ համար, որ ցանկացած հաղորդում անելիս պետք է պարֆյումի հոտ գա, եթե  չես լինելու առաջինը կամ  առաջիններից մեկը, ուրեմն սպառել ես քեզ ու պետք է դուրս գաս, իսկ այդպիսի փուլեր իմ կյանքում եղել են, բայց երբ կարողացել եմ անել լավը կամ լավագույնը, էլի հետ եմ եկել եթեր»:

«Ռուբիկոնին»  հաջորդեց  «Ռուբիկոն  պլյուս» շարքը, որի ընթացքում հաղորդմանը նոր շունչ բերեց ուղիղ եթերը, հեռուստադիտողի հետ ուղիղ կապը.  «Առաջին ուղիղ եթերները մեզ մոտ չհաջողեցին, ունեցանք ձախողումներ. պատրաստված չէինք գալիս, այսինքն մեզ տրվեց միանգամից ուղիղ եթերի հնարավորություն, մենք երես առանք, այդ ժամանակ տառապեցինք աստղային հիվանդությամբ ու պատրաստված չէինք գալիս ուղիղ եթերին, հեռուստադիտողի, հյուրի հետ զրույցը չէր ստացվում, բայց Տիգրան Նաղդալյանը մեզ ճիշտ ուղղորդեց, ասաց՝ եկեք սովորեք»:

Էրիկ Անթառանյանի խոսքով, աշխատանքի տեղավորվելու հարցում ինքը միջնորդ, բարեխոս, թիկունք չի ունեցել. «Ես ու մայրս ենք ապրել, տատիս հետ միասին: Իմ թիկունքը միշտ եղել է աշխատասիրությունը, ծանոթը եղել է լավ գաղափարը եւ երեւի թե միակ երջանիկ պատահականությունը՝ ճիշտ մարդկանց, ճիշտ տեղում ու ճիշտ ժամանակին եմ հանդիպել»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930