Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Վաղարշակ Հարությունյան. «Մենք այժմ մի ժամանակաշրջանում ենք ապրում, երբ կարելի է ակնկալել առանց արտաքին միջամտության, արդար ընտրություն»

Մայիս 13,2019 17:28

Մայիսի 14-ին կայանալու են Երևանի պետական կոնսերվատորիայի ռեկտորի ընտրությունները։ Առաջադրվել է երկու թեկնածու՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Հովհաննիսյանը և կոնսերվատորիայի նախկին պրոռեկտոր Վաղարշակ Հարությունյանը։ Մեր զրուցակիցը Վաղարշակ Հարությունյանն է, ում հետ խոսում ենք ռեկտորի ընտրությունից իր ակնկալիքների, կոնսերվատորիայի հետ կապված ծրագրերի մասին։

 

-Պարոն Հարությունյան, ինչո՞ւ որոշեցիք դիմել կոնսերվատորիայի ռեկտորի ընտրության մրցույթին։

-Ես երկար եմ մտածել առաջադրվելու մասին, պարզապես հանգամանքների բերումով միայն վերջին օրը կարողացա փաստաթղթերը ներկայացնել կրթության և գիտության նախարարությանը։ Իմ այս քայլի մասին սկսել եմ մտածել դեռևս սեպտեմբեր ամսից։ Դա բավականին լուրջ աշխատանք է։ Անկախ նրանից՝ ով կընտրվի մրցույթում, ես շատ լուրջ եմ վերաբերվում այս քայլին։ Ինքս 7 տարի աշխատել եմ որպես կոնսերվատորիայի ուսումնական գծով պրոռեկտոր և շատ լավ պատկերացնում եմ բուհի թե՜ դժվարությունները, թե՜ խնդիրները, թե՜ բացթողումները, թե՜ զարգացման ուղիները։ Այս օրերին գտնվում էի Մոսկվայում, իմ ուսանողուհին միջազգային հեղինակավոր մրցույթում զբաղեցրել է առաջին տեղը, Երևան եմ վերադարձել ապրիլի 30-ին և կարողացա փաստաթղթերս հանձնել միայն վերջին պահին։

-Արդեն 6 ամիս է՝ կոնսերվատորիայում ռեկտորի փոփոխություն է կատարվել։ Ինչպե՞ս կգնահատեք կոնսերվատորիայի ներկա վիճակն այդ փոփոխությունից հետո։

-Նախ՝ բոլոր գործընթացներին ներգրավված լինելու առաջարկ չկա, որպեսզի կարողանամ գնահատական տալ։ Անշուշտ, այս ընթացքում լավն էլ է եղել, վատն էլ։ Միակ բանը, որ ես նկատում եմ, կոնսերվատորիայում տիրող անորոշությունն է։ Գուցե սա սուբյեկտիվ կարծիք է, բայց քանի որ ինքս ամբողջ գործընթացներին ծանոթ չեմ, այս պահին չեմ կարող գնահատական տալ։

-Պարոն Հարությունյան, կոնսերվատորիայի զարգացման ի՞նչ ճանապարհներ եք տեսնում։

-Ես ներկայացրել եմ կոնսերվատորիայի զարգացման ծրագիրը։ Շեշտեմ, որ զարգացման ինչ ծրագիր էլ գրենք, նշված բոլոր քայլերը պետք է իրատեսական լինեն։ Պետք է հասկանանք՝ որ փուլում ենք այժմ, ինչ է արվել մինչ այժմ և ինչ կարելի է անել։ Ինչի մասին էլ խոսենք, հիմքում ֆինանսներն են։ Առանց ֆինանսների որևէ ծրագիր կյանքի կոչելը շատ դժվար է։ Իհարկե, կա պետության աջակցությունը, սակայն կոնսերվատորիան ինքը պետք է կարողանա գտնել իր ֆինանսական միջոցները. դրանք կարող են լինել դրամաշնորհներ, հովանավորների տրամադրած գումարներ և այլն։ Ես հավատում եմ, որ կլինեն մարդիկ, որոնք պատրաստ են օժանդակել։ Ես ինքս ունեմ շատ լավ կապեր թե՜ դրսում, թե՜ ներսում, որոնք եթե ոչ անմիջապես, ապա աստիճանաբար պատրաստ կլինեն աջակցել։ Պետք է աշխատենք բարձրացնել կոնսերվատորիայի միջազգային վարկանիշը։ Դրա համար պետք է ապահովել շենքային լավ պայմաններ, նորացնել երաժշտական գործիքները։ Շատ կարևոր է նաև ունենալ հանրակացարան, ինչը կնպաստի օտարերկրյա ուսանողների հոսքին կոնսերվատորիա։ Եվ ամենակարևորը՝ պետք է պահպանենք կոնսերվատորիայի ավանդույթները։ Եթե մի բան ավանդույթ է դարձել, ուրեմն դա արժեք ունի։ Միաժամանակ այդ ավանդույթները պետք է զուգորդել ներկա պահանջների, չափորոշիչների հետ։ Ամենակարևոր հարցերից մեկը կադրերն են։ Պետք է վարվի ճիշտ կադրային քաղաքականություն՝ պահպանելով, նորից եմ նշում, ավանդույթները, գնահատելով կոնսերվատորիայի ավագ սերնդի մասնագետների փորձը։ Ով անցյալ չի ճանաչում, ապագա չունի։ Ինձ համար կարևորագույն հարցերից մեկն էլ կոնսերվատորիայի կադրերի ճիշտ սերնդափոխությունն ապահովելն է։ Մենք ունենք շատ լավ ուժեր, որոնք ոչ միայն պետք է ներգրավված լինեն դասախոսական աշխատանքներում, այլև ղեկավարման համակարգում։ Նոր շունչ, նոր խոսք, անշուշտ, պետք է։ Իսկ դրա համար նախևառաջ անհրաժեշտ է բարիդրացիական, նորմալ մթնոլորտ։ Այս խնդիրները լուծելու համար պետք է ներգրավված լինեն բոլոր առողջ ուժերը։ Մենք միշտ խոսում ենք զարգացման ծրագրերից, ես իմ վաղվա ելույթում պատրաստվում եմ նշել, որ յուրաքանչյուր երևույթի հիմքում չպետք է մոռանանք մարդու գործոնը, մանավանդ արվեստի բուհում։ Շատ կարևոր է, որպեսզի ավանդ ունեցող մարդը գնահատված լինի, եթե ճիշտ է գնահատվում, ամեն ինչ կարող է հանգիստ ընթանալ։ Մի քանի տարի անց կոնսերվատորիան 100 տարեկան է դառնալու, և եթե հետադարձ հայացք ձգենք, կտեսնենք, որ ունենք անցած շատ լավ ուղի։ Ես ինքս հպարտանում եմ, որ կոնսերվատորիայի շրջանավարտ եմ։ Այնպես չէ, որ աշխարհում շատ ավելի լավ կոնսերվատորիաներ կան։ Այսօր դժվար ժամանակներ են, և բնականաբար, որոշ բացթողումներ կան, այդ բացթողումներն այսօր պետք է լրացվեն։

-Պարոն Հարությունյան, Ձեր խոսքում կարևորեցիք բուհում ավանդույթների պահպանումը, ավագ սերնդի մասնագետների գնահատումը, սակայն վերջին 6 ամիսներին ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի օրոք կոնսերվատորիայում շատ անվանի մասնագետներ հրաժեշտ տվեցին իրենց պաշտոններին։

-Կոնսերվատորիայի ռեկտորի ընտրության նախօրեին չեմ ուզում այդ հարցին գնահատական տալ։ Ես չեմ ցանկանում քննադատությամբ գալ պաշտոնի, դա իմ խառնվածքը չէ։ Դա ռեկտորի պաշտոնակատարի գործելաոճն է, գուցե նա առիթներ ուներ դա անելու, կամ գուցե անփորձությունն էր պատճառը։ Միայն կարող եմ ասել, որ ես այլ կերպ կվարվեի։ Յուրաքանչյուր մարդ իր գործելակերպն ունի։ Չեմ կարծում, որևէ մեկը չի ուզում, որպեսզի կոնսերվատորիան զարգանա, այդ իսկ պատճառով ձեռնպահ կմնամ գնահատականներ տալուց։ Բայց մեր ավագ սերնդի ներկայացուցիչների կողքով անցնելը, որոնք շատ լուրջ ներդրում ունեն կոնսերվատորիայում, ճիշտ չեմ համարում։

-Ի՞նչ ակնկալիք ունեք վաղվա ընտրությունից։

-Ես 32 տարի աշխատում եմ կոնսերվատորիայում և հույս ունեմ, որ կլինեն մարդիկ, որ ձայն կտան ինձ։ Ես նաև իրատես մարդ եմ։ Եթե ընտրվի Սոնա Հովհաննիսյանը, պատրաստ եմ շնորհավորել նրան ու առաջարկել իմ աջակցությունը։ Կընդունի, թե ոչ, հարցի մեկ այլ կողմն է։ Մի բանում վստահ եմ. մենք այժմ օբյեկտիվորեն մի ժամանակաշրջանում ենք ապրում, երբ կարելի է ակնկալել առանց արտաքին միջամտության, արդար ընտրություն։ Իսկ ընտրության ելքը որևէ մեկը չի կարող գուշակել։

 

Զրուցեց Անահիտ Զոհրաբյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031