Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիեւը մասնակցում է բոլոր միջոցառումներին, բայց իր երկրում ավտորիտարիզմն է զարգացնում`ադրբեջանցիների օգուտը ո՞րն է». Թեւան Պողոսյան

Մայիս 14,2019 22:40

Այսօր, մայիսի 14-ին Բրյուսելում կայացած ԱլԳ տասնամյակի գագաթաժողովին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի չմասնակցելը, Մարդկային զարգացման կենտրոնի ղեկավար Թեւան Պողոսյանը դիվանագիտական էթիկայի խախտում չի համարում: Aravot.am-ի հետ զրույցում Թեւան Պողոսյանն ասաց, որ նման հանդիպումների ժամկետները, մասնակցությունները եւ այլ հարցեր, նախօրոք են համաձայնեցվում եւ գագաթաժողովի կազմակերպիչները նախապես իմացել են, որ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն չի ունենալու մասնակցել այդ միջոցառմանը:

Թեեւ համամիտ է, որ ՀՀ վարչապետի չմասնակցելն այդ միջոցառմանը կարող է Հայաստանի նկատմամբ վերաբերմունք ձեւավորել: Միաժամանակ, նկատում է, որ շատ շուտով`մայիսի վերջին, Եվրոպական խորհրդարանի ընտրություններ են, ինչի արդյունքում եվրոպական իշխանությունների փոփոխություններ կլինեն. «Ես հույս ունեմ, որ Հայաստանը ապագայում կկարողանա ճիշտ աշխատանքային հարաբերություններ զարգացնել, որոնք կնպաստեն ստանձնած երկկողմ պարտավորությունների իրականացմանը եւ մենք մեր ներքին կյանքում կզգանք դրական փոփոխությունները»:

Նա կարեւոր է համարում, որ ՀՀ ԱԳ նախարարը ակտիվ մասնակցություն է ունենում գագաթաժողովին, ելույթ է ունեցել, երկկողմ հանդիպումներ են եղել, նաեւ միջազգային մամուլի հետ շփվելու հնարավորություններ:

Բայց Թեւան Պողոսյանն ավելի ուրախ կլիներ, որ այդ «պրոտոկոլային» խնդիրներից դուրս, Հայաստանում իրական աշխատանք գնար`ԵՄ-ՀՀ համաձայնագրի կիրարկման համար, ինչը մեր երկրին անընդհատ զարգանալու հնարավորություն կբերեր: «Օրինակ, եթե Ալիեւը մասնակցում է բոլոր միջոցառումներին, բայց իր երկրում ժողովրդավարության փոխարեն ավտորիտարիզմն է զարգացնում`ադրբեջանցիների օգուտը ո՞րն է»,- հարց է հնչեցնում մեր զրուցակիցը:

Նկատեցինք, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի մեծ մասը դեռ մեկ տարի առաջ է գործողության մեջ դրվել: Հարցն`իր կարծիքով այդ դրույթների լիարժեք կիրարկման համար այս ընթացքում նախնական բավարար քայլեր չե՞ն արվել: Թեւան Պողոսյանը պատասխանեց, որ այդքան էլ ճիշտ չի լինի`ասել, որ չեն արվել, բայց ինչ էլ որ արվել, է, մեր զրուցակցի կարծիքով բավարար չէ: Այժմ ճանապարհային քարտեզի շուրջ աշխատանքներն են ավարտվում, տարբեր հասարակական կազմակերպություններ են ներգրավվում տարբեր քննարկումներում: Նա հույս ունի, որ կառավարությունն առաջիկայում ավելի ակտիվ կդրսեւորվի համաձայնագրի կիրարկման գործում:

Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը, մայիսի 13-ի երեկոյան Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի անունից ԱլԳ վեց երկրների կառավարությունների ղեկավարների պատվին մատուցած տոնական ընթրիքից հետո, աշխատանքային այցով մեկնել է Չինաստան:

Պատասխանելով վարչապետի Չինաստան կատարած այցից ակնկալվող արդյունքներին էլ, մեր զրուցակիցն ասաց`ցանկալի էր, որ Հայաստանը նաեւ մասնակցեր մի քանի շաբաթ առաջ կայացած «Մեկ ճանապարհ» ծրագրերի աշխատանքներին: Հայ-չինական հարաբերությունները, Թեւան Պողոսյանի դիտարկմամբ, մինչ օրս դրական դինամիկայով են զարգացել եւ լավ կլինի, որ առաջիկայում էլ դրանք ավելի սերտ զարգանան, քանի որ Չինաստանն այս տարածաշրջանում դառնում գործոն, ինչի հետ պետք է հաշվի նստել եւ փոխշահավետ համագործակցել:

Չինական կողմն արդեն պատրաստակամություն է հայտնել`մասնակցել Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու եւ այլ ենթակառուցվածքների կառուցման աշխատանքներին, ինչը մեր զրուցակիցը դրական է գնահատում: Նա կարծում է, որ համագործակցության ոլորտները շատ են`տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ, զբոսաշրջություն եւ այլն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031