Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես շնորհավորում եմ իշխանությանը, որ մի տարի առաջ հրապարակ հանում էր 500-600 հազար մարդ, երեկ հանեց ընդամենը 1100 մարդ». Նաիրա Զոհրաբյան

Մայիս 21,2019 13:44

«Երբ մենք խոսում ենք, որ վերջապես ոստիկանը մերն է, ինձ զարմացնում է մի բան՝ երբ դատավորին թույլ չէին տալիս մտնել իր աշխատասենյակ եւ դատավորի հրեցին,  ոստիկանները կանգնած էին, կանգնած այնպես, ինչպես մի ժամանակ ՀՀԿ-ականներն էին ծեծում-ջարդում ժողովրդին եւ չէին միջամտում, իրենք որեւէ կերպ չմիջամտեցին: Այնպես որ ես ասում եմ՝ Վալերի՛ Օսիպյան, դուք ձեր տեղում չեք, ինչպես նախկինում դուք կատարել եք նախորդ ռեժիմի հանձնարարականները, հիմա էլ կատարում եք այս իշխանության հանձնարարականները»,- դիմելով ոստիկանապետին՝ ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Խոսելով Նիկոլ Փաշինյանին կոչի մասին՝ նա ասաց. «Կարելի էր սկսել միանգամից երկրորդ արարից, այսինքն, այն, ինչ ուներ ասելու վարչապետն իր նստավայրում դատավորների հետ կապված եւ ընդհանրապես դատական համակարգի հետ կապված, որտեղ շատ ռացիոնալ մտքեր կային, այն, ինչի մասին խոսել է նաեւ ԲՀԿ-ն, դա ընդունելի էր: Իսկ այն կոչը, որ արվեց՝ շրջափակել դատարանները, դա հակասահմանադրական կոչ էր, մենք դա համարում ենք ՀՀ միջազգային հեղինակությանը մեջքից ուղիղ հարված եւ պատահական չէ, որ նաեւ միջազգային որոշ կազմակերպություններ բավականին կոշտ գնահատական տվեցին տեղի ունեցածին… Երեկ եղավ այն, ինչը ուղղակիորեն թիկունքից դանակով, դաշույնով հարված էր տնտեսական հեղափոխությանը»:

Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով ՀՀ նախագահին, ասաց. «Նա, որը Սահմանադրությամբ երկրի անվտանգության երաշխավորն է, երեկ ուղղակի անդեմ, ավելի կոպիտ բառ չասեմ, հայտարարություն արեց: Ցավոք, դա ՀՀ նախագահի հայտարարություն չէր՝ զգուշավոր, վախվորած, որեւէ ողնաշար չունեցող հայտարարություն էր եւ ես շատ ցավում եմ, որ ՀՀ նախագահը եւս ինչ-ինչ բաներով կաշկանդված չկատարեց երկրի սահմանադրությամբ երաշխավորված իր պարտականությունները»:

Թե ի՞նչ պետք է աներ Արմեն Սարգսյանը, որ չի արել՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Շատ հստակ պիտի հայտարարվեր, որ կատարվել է հակասահմանադրական քայլ: Որեւէ իշխանություն իրավունք չունի գրոհի հրաման տալու անկախ իշխանության որեւէ թեւի վրա»:

Հարցին՝ այն, որ «Իմ քայլի» 88 պատգամավորները երեկ գնացել եւ դատարանների դուռ են փակել, սրա իրավական հետեւանքը ո՞րն է լինելու՝ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Իհարկե, իրավունք չունեն, երբ որ «Իմ քայլի» պատգամավորներն ասում էին՝ մենք այնտեղ էինք, որ բախումներ չլինեին, ես հարց եմ տալիս՝ դուք ընդհանրապես ինչի՞ էիք էնտեղ, ինչի՞ էիք մասնակցում հակասահմանադրական գործընթացին: Այն, ինչ օրվա երկրորդ արարում ասեց Նիկոլ Փաշինյանը բացարձակապես օրինական էր, լեգիտիմ էր, արդար էր: Ես ինքս բազմիցս ասել եմ, որ մեր դատական համակարգը լրջագույն ռեֆորմների կարիք ունի, բազմիցս հայտարարել եմ, որ չեմ հավատում դատավորների ռեստարտին: Բայց դա չի նշանակում, որ պիտի արվեն հակասահմանադրական գործողություններ եւ մարդուն պիտի թույլ չտան մտնել իր աշխատասենյակ…Քանի անմեղ մարդիկ երեկ տուժեցին այդ հակասահմանադրական կոչերի պատճառով»:

Մեր դիտարկմանը, որ ստացվում է՝ ապրիլյան հեղափոխության օրերին, երբ փակվում էին մի շարք պետական հիմնարկների դռները, նույնպես հակասահմանադրական վիճակ էր եւ այդ ցույցերին դուք էլ էիք մասնակցում, Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց. «Ոչ, բացարձակապես նույն իրավիճակը չէ, որովհետեւ այն ժամանակ իշխանությունը ուղղակի թույլ չէր տալիս, որ մարդիկ իրենց ընդվզումը, իրենց բողոքը արտահայտեն: Իսկ այս դեպքում իշխանությունն ինքն է սա կազմակերպել, իշխանությունն է պատասխանատու սահմանադրական կարգի պահպանման համար, դրանք բացարձակապես տարբեր քաղաքական իրավիճակներ են»:

Մեր դիտարկմանը, որ հեղափոխության հաջորդ փուլն է, դատական իշխանությունը ի վերջո պիտի՞ արդար գործի, մեզ պե՞տք է «պատուհանից մտնող» արդարադատությունը՝ Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց. «Ես բացարձակապես համաձայն չեմ ձեր հետ: Հեղափոխության երկրորդ փուլին մենք տեսանք, որ մասնակցեց 1100 մարդ: Հիմա եթե իրենք են ժողովուրդ եւ իրենք են հեղափոխության երկրորդ փուլի առաջամարտիկները, ապա ես շնորհավորում եմ իշխանությանը, որ մի տարի առաջ հրապարակ հանում էր 500-600 հազար մարդ, երեկ հանեց ընդամենը 1100 մարդ՝ որպես հեղափոխության երկրորդ փուլի կրողներ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. henri says:

    Այս օրերեւն ,նման արտայայտութիւններ
    մէկ նպատակ կրնան ունենալ
    ՛՛ իւղ լեցնել կրակին վրայ ՛՛ և հաճելի երեւնալ ՛՛Շէֆ՛՛-ին,
    կարծեմ վայել չէ գիտակից պատգամաւորի մը կողմէ ;

  2. Սյուզաննա says:

    Սիրելի տիկին Նաիրա, եթե պետք լինի, հազարավորներով դուրս կգանք փողոց: Պարզապես ամեն ինչ իր ժամանակն ու տեղն ունի: Այս պահին այդքանն էր պետք: Օրինակ՝ ես այս անգամ դուրս չեկա փողոց, որովհետեւ անհրաժեշտություն չկար: Բայց ամբողջովին պաշտպանում եմ վարչապետի ու հեղափոխության գաղափարներն ու գործընթացները, իսկ հեղափոխությունը շարունակվում է:

    Հ.Գ. Ի սեր Աստծա, հրեշտակի տեղ մի դրեք ձեզ: Լավ էլ գիտեք՝ ինչ է կատարվում:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031