«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ Արթուր Հարությունյանը դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան՝ բեկանելու իրեն պատժի կրումից վաղաժամկետ ազատելու վերաքննիչ դատարանի որոշումը։ Վերաքննիչ ատյանի նախագահող դատավոր Սերգեյ Մարաբյանը բողոքը վարույթ չէր ընդունել։ Ըստ որոշման՝ բողոքաբերը «Չի պահպանել վերաքննիչ բողոքի ինչպես ձեւական, այնպես էլ բովանդակային պահանջները»:

«Վերաքննիչն էլ գլխառադ արեց, իբր չեմ նշել դատավարական այն խախտումները, որոնք ազդեցություն են ունեցել գործի ելքի վրա»,-նշեց խմբագրություն զանգահարած դատապարտյալը։ Նրա խոսքով, սա նորություն էր։«Իմ դատապարտյալ բոլոր ընկերները տենց են գրել բողոքը, վարույթ են ընդունել, գործը քննել, հիմա եկել հեծանիվ են հնարում»,-ասաց նա։
Դատապարտյալի խոսքով՝ ինքը չի կարող «իրավաբանորեն» գրել, ոնց կարողացել՝ բողոքը կազմել է։ «Սկի առաջին ատյանն էլ մի նորմալ բան չէր գրել, որ հասկանայի։ Վճարովի աշխատում եմ, տույժ չունեմ, էլ ինչ է պետք։ Չորս ամիս բան է մնում տակը»,-ասաց նա։
Կարդացեք նաև
Ի դեպ, առաջին ատյանի դատավորը, որը մերժեց դատապարտյալին վաղաժամկետ ազատել՝ Վահե Խալաթյանն է։ Հիշեցնենք, որ դատարանների մուտքերի արգելափակման ժամանակ Խալաթյանը ժամը 7.30 էր հասել դատարան ու ներս մտել։
Ավելացնենք, որ Արթուր Հարությունյանը դիմել էր Հանրային պաշտպանի գրասենյակ՝ աջակցության կարգով, որպեսզի ձեւակերպվի վճռաբեկ բողոքը։ Պաշտպանն այն արդեն ուղարկել է։
Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ


















































