Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես այդպես էլ չհասկացա՝ մենք ե՞րբ ենք նախատեսում ունենալ ազատականացված վիզայի ռեժիմ ԵՄ-ի հետ». Թանդիլյանը դժգոհեց, նախարարը խոստացավ պատը ճեղքել

Հունիս 06,2019 13:14 Share

Այսօր ԱԺ-ում 2018-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկումը շարունակվում է:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին հարցրեց. «Հայտնի խոսք կա՝ որքան շատ ես ներդնում դիվանագիտության մեջ, շատ ավելի քիչ անհրաժեշտություն կլինի ներդնել զենքի մեջ: Արդյոք համարո՞ւմ եք, որ մեր դիվանագիտությունը պատշաճ ձեւով ֆինանսավորվում է, հատկապես մեր դիվանագիտությունը աշխարհաքաղաքական կենտրոններում»:

Նախարարը պատասխանեց. «Երբեք բավարար չի լինելու: Դա մշտական բանավեճ է ցանկացած երկրում: Մենք պետք է գնահատենք ու հասկանանք, որ ունենք ֆինանսական կարողությունների ինչ-որ ծավալ, մեր ներքին բարեփոխումների գործընթացը շարունակական գործընթաց է, որի իմաստը մեկն է՝ ռեսուրսների արդյունավետ օգտագործում»:

Նախարարն ասաց, որ 2020-ի բյուջեի համար նոր ձեւաչափեր են գտնելու, որ գործառույթների տնտեսական մասը ուժեղացնեն ու ավելի արդյունավետ օգտագործեն եղած ռեսուրսները:

Մանե Թանդիլյանին չէր բավարարել նախարարի պատասխանը՝ կապված վիզաների ազատականացման ռեժիմի մեկնարկի ժամկետների հետ: Նա հարցրեց. «Ես այդպես էլ չհասկացա՝ մենք ե՞րբ ենք նախատեսում ունենալ ազատականացված վիզայի ռեժիմ ԵՄ-ի հետ: Իհարկե, հասկանում եմ, որ աշխատանքներ են տարվում, բայց հենց այդ աշխատանքների արդյունավետությունը գնահատելու համար մեզ պետք է ժամկետ»: Նա նաեւ հարցրեց, թե ե՞րբ են նախատեսում ԵՄ-ՀՀ համաձայնագրի վավերացման գործընթացը ԵՄ անդամ երկրների կողմից:

Մնացականյանը վիզաների ազատականացման հետ կապված պատասխանեց. «Շատ դժվար է ինձ պատասխանել, հարցը վերաբերում է ԵՄ անդամ պետություններին,, իրենց դիմադրությանը: Սա ընթացք է, որը մենք պետք է ճեղքենք: Ես չեմ կարող ասել՝ մեկ ամսվա ընթացքում, երեք, թե մեկ տարվա ընթացքում: Սա մեզ համար գերակա է: Չեմ ուզում այդ բառն օգտագործել՝ պայքար, սա գործընկերների միջեւ գործընթաց է, որտեղ մեր գերակա խնդիրն է ճեղքել այդ պատը: Չկա այդ ժամկետը: Իրենք իրենց հանձնառությունը տվել են փաստաթղթում, կա դա: Ունենք աջակցություն տարբեր անդամ երկրների կողմից: 28 անդամ պետությունների մեջ կան երկրներ, որ շատ ավելի պահպանողական են: Ոչ բոլորն են 28-ի մեջ այդ մոտեցումը կիսում: Հիմա այսպես է, շարունակելով՝ պիտի հասնենք մեր նպատակին»:

Ինչ վերաբերում է համաձայնագրի վավերացմանը՝ նախարարն ասաց, որ այդ գործընթացը որեւէ քաղաքական խոչընդոտներ չունի, սովորական ընթացակարգերով անցնում է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930