Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Յարութիւնեանի համար կէս միլիոն եւրոն մեծագոյն ներդրում է գիտութեան ոլորտում

Հունիս 26,2019 23:03

Երէկ ՀՀ կրթութեան եւ գիտութեան թիւ 1 պատասխանատուն բառացիօրէն «աւետեց» մի բան, որ յիրաւի դարակազմիկ էր. «Մեծ ներդրում` գիտութեան մէջ. նորագոյն ՄՄՌ (NMR) շուրջ 600.000 եւրո արժէքով … եւ պատահական չէ, որ վերջին 30 տարուայ ընթացքում առաջին անգամ նման մեծ գումար է հատկացուել մէկ գիտական սարքաւորում ձեռք բերելու համար»:

Սկզբում լիաթոք ծիծաղեցի, յետոյ անասելի վշտացայ: Ես երբեմն մտածում եմ՝ խիղճս կորցնեմ ու էս տեսակ զաւեշտալի լուրերը թարգմանեմ ու վաճառեմ արտասահմանեան հումորային ծրագրերին: Պատկերացնո՞ւմ էք 600.000 եւրոն անկախ Հայաստանի ամենամեծ ներդրումն է գիտութեան ասպարէզում: Ովքեր աշխատել են արտասահմանեան լաբորատորիաներում, լաւ գիտեն, որ բնագիտութեան համար այդ գումարը «գրպանի փող» է, իսկ Հայաստանում «վերջին 30 տարուայ ընթացքում առաջին անգամ նման մեծ գումար է հատկացուել մէկ գիտական սարքաւորում ձեռք բերելու համար» (ի դէպ, ինձ շատ հետաքրքրիր է, թէ այս տարիների ընթացքում ինչքա՞ն փող է ծախսուել եկեղեցիներ կառուցելու համար):

Ես ի սրտէ ուրախ եմ, որ մեր հայ գիտնականները նման արժէքաւոր սարքաւորում ունեն: Նրանք, աշխատելով սուղ պայմաններում, յիրաւի հերոսական գործ են անում, ու դա գնահատանքի է արժանի: Բայց ինձ զարմացնում ու զայրացնում է, որ այդ մասին ամենայն ցնծութեամբ յայտարարում է ոլորտի՝ ոչնչով աչքի չընկած պատասխանատուն: Նա հաւանաբար չգիտի, թէ աշխարհում ի՜նչ փողեր են շրջանառւում գիտութեան ոլորտում: Իմ ինստիտուտում այդ 600.000 եւրոն մեր խմբի միայն գիտաժողովների ու գործուղումների տարեկան փողն է: Ու տասնեակ այդպիսի խմբեր կան մեր ինստիտուտում, իսկ ողջ Գերմանիայում հարիւրաւոր ինստիտուտներ ու տասնեակ հազարաւոր գիտնականներ կան: Իմ սարքը, որով աշխատում եմ, 1 միլիոն եւրո արժէքով գերժամանակակից Մաս-Սպեկտրոմետր է: Միայն դրա «պահեստամասերի» ու նիւթերի վրայ ես ամսական 5000 եւրո եմ ծախսում: Ու ինձ նման հազարաւոր գիտնական կայ Գերմանիայում: Ասածս այն է, որ յանուն ֆեյսբուքեան մի երկու հաւանումի եւ վարկանիշ բարձրացնելու, չարժէ նման խայտառակ վիճակագրութիւնը հանրայնացնել, այն էլ այն դէպքում, երբ առ այսօր բարեփոխումների ողջամիտ ծրագիր չէք առաջարկել:

Վերջերս «Առաւօտի» էջերում գրել էի, որ Արայիկ Յարութիւնեանը բնաւ չի պատկերացնում իր ոլորտը: «Յեղափոխութիւնից» անցել է 14 ամիս, իսկ ԱԺ ընտրութիւններից՝ 7 ամիս, եւ առ այսօր ինձ համար պարզ չէ, թէ ինչ ուղղութեամբ է բարեփոխուելու մեր կրթութիւնը եւ յատկապէս՝ գիտութիւնը:

Մենք պէտք է յստակ գիտակցենք, որ մեր պետութեան զարգացման շարժիչ ուժը գիտութիւնն ու կրթութիւնն են: Բանակը, տնտեսութիւնը, առողջապահութիւնը եւ պետական միւս կարեւոր հիմնասիւները կրթութեան եւ գիտութեան ածանցեալներ են: Օր առաջ պէտք է մա՜ն-րա՜-կը՜ր-կի՜տ ծրագիր մշակել եւ գործի անցնել, որովհետեւ դրա պտուղները բազում տարիներ անց ենք տեսնելու: 14 ամիս անց սայլը տեղից չի՛ շարժուել: Աւելին, «Իմ քայլի» նախընտրական ծրագրում լղոզուած խոստումներ էին թէ՛ բովանդակային առումով, եւ թէ՛ ժամկէտների առումով: Դրա պատասխանատուն Արայիկ Յարութիւնեանն է:

 

Արթուր Լազարեան, կենսաբան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara Kirakosyan says:

    Լիովին կիսում եմ ձեր մտահոգությունները: Այո, սա այն ոլորտն է, որտեղ «պրոֆանների» օրոք լիովին ավերվեց մեր գիտության ապագան: Ինչ՞ կարելի է սպասել նման մոտեցումներից: Հայաստանում պատկերացում չունեն իսկական գիտության չափերի ու թռիչքների մասին: Զարմանալի չէ, որ որևէ մեկը եթե դառնում է որևէ «քոսոտ, Open access» տիպի փողահավաք ամսագրի «խմբագրական կոլեգիայի» անդամ, այնպիսի մի աղմուկ են բարձրացնում, կարծես ամենաքիչը՝ Նոբելյան մրցանակի են արժանացել …

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930