Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում գունեղ տոնի են նախապատրաստվում․ այն հետաքրքրել  է նաև պատմական փողոցներով շրջող վարչապետին

Օգոստոս 11,2019 23:10

Գյումրիում  արդեն  5-րդ տարին է տարբեր  միջոցառումներով՝ գունային փառատոներով, կոնֆերանսներով ու համերգներով  նշվում  է երիտասարդների միջազգային օրը։ Հիշեցնենք, որ 1999 թվականի դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան որոշում է կայացրել օգոստոսի 12-ը հռչակել  երիտասարդների միջազգային օր։

Կարևորագույն այս տոնը հանրապետության երկրորդ քաղաքում մշտապես  կազմակերպվում է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի  կողմից։ Ի դեպ, նախապատրաստական աշխատանքներին այսօր հետևել  է նաև Գյումրու պատմական փողոցներով շրջող վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հետաքրքրվելով, թե  ի՞նչ միջոցառման են նախապատրաստվում։ Նրան տեղեկացրել են, որ վաղը նշում են երիտասարդների տոնը։

Երիտասարդների տոնը Գյումրիում վաղը  կնշվի կրթական համաժողովով․ տեղի կունենա  «Փոխակերպվող կրթություն» խորագիրը կրող համաժողովն ու  Հայաստանում պաշտոնապես կմեկնարկվի Եվրոպական Միության «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագիրը։  Իհարկե, երեկոյան նախատեսված է նաև տոնական համերգ։

Տոնին ընդառաջ այսօր Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանը երկու գործընկերների՝  ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի Հայաստանյան ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանի և  ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնի ղեկավար Անդրիյ Պավլովիչի հետ, որը Վարշավայից Հայաստան է եկել երիտասարդական օրվա միջոցառումների շրջանակում, մամուլի ասուլիս էին հրավիրել։

Aravot.am-ը  բանախոսներից հետաքրքրվեց, թե ո՞րն է երիտասարդների առջև ծառացած ամենամեծ խնդիրը Հայաստանի Հանրապետությունում ու մասնավորապես Շիրակի մարզում։

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանն ասաց․ «Սառցաբեկորի տեսանելի մասը զբաղվածությունն է, այն առանցքային հիմնախնդիր է, որը ծառացած է երիտասարդների առաջ։  Սակայն մեր փորձից ելնելով,  վերջին շրջանում սերտորեն համագործակցելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  համապատասխան բաժինների հետ՝ կարող եմ ասել, որ Հայաստանում այս պահի դրությամբ ունենք մեծ թվով թափուր աշխատատեղեր, բայց չունենք համապատասխան մասնագետներ, կամ որակավորված մասնագետներ, այսինքն՝  չկան պրոֆեսիոնալներ ոլորտում։

Այսօր մենք ունենք ֆորմալ կրթական համակարգ, որը կրթական համապատասխան ծրագրերով ապահովում է որոշակի մասնագիտացում, սակայն արդյունքում ստացվում է, որ այդ մասնագետը բուհն ավարտելուց հետո աշխատաշուկայում այդքան էլ մրցունակ չէ։ Այս մասին սկսել ենք բարձրաձայնել  դեռևս մի քանի տարի առաջ, բայց տարեցտարի  երիտասարդի՝ աշխատաշուկայում մրցունակ լինելն ավելի լուրջ խնդիր է դառնում։ Այն, ցավոք սրտի, պետական մակարդակով այնքան էլ աջակցություն չի ստանում, միջազգային ու տեղական որոշ կառույցներ փորձում են այլընտրանքային միջոցներով  երիտասարդների վերապատրաստումներ իրականացնել, որ աշխատաշուկայում կարողանան մրցունակ դառնալ»,-ասաց Արթուր Նաջարյանը։

Ըստ բանախոսի, խնդիրներից մեկը Հայաստանում երիտասարդների համար ապահով տարածքների բացակայությունն է․ դպրոցներից դուրս հայ երիտասարդների համար շատ քիչ տարածքներ կան ինքնակայացման ու ինքնազարգացման համար։  Ըստ բանախոսի, սա պատճառ է դառնում երիտասարդների շարժողունակության, իսկ գլոբալիզացիայի դարաշրջանում բավականին բարդ է երիտասարդին քողարկել ն ու փակ սահմանների հետևում պահելը։

«Վերջին տարիների մեր ուսումնասիրություններով կարմիր թելի նման գնում է, թե ինչի համար է երիտասարդը միգրացիայի ենթարկվում։ Միգրացիան գնալով ավելի է ակտիվանում երիտասարդների շրջանում, ավելի երիտասարդացող է դարձել։ Տարբեր շրջանակներում կատարված հարցումները ցույց են տվել մեկ պատկեր, ինչը մեզ համար բավականին ցավոտ է, խոսքը ոչ միայն աշխատատեղերի բացակայությունն է  կամ պարզապես տնտեսական ծանր վիճակը․ մենք ունենք մեծ թվով երիտասարդներ, որոնք ունեն բարձր աշխատավարձ, տարբեր կառույցներում ներգրավվածություն, ակտիվ կենսակերպ են վարում, սակայն ասում են՝ երկրում անվտանգ չզգալու , կենսապայմանները մեզ համապատասխան չլինելու պատճառով լքում ենք հայրենիքը։ Սկսել է աճել այդ խավի ներկայացուցիչների Հայաստանից արտահոսքը, մենք խոսում ենք ուղեղների արտահոսքից, հաճախ այդ ուղեղների արտահոսքը պայմանավորված չէ միայն աշխատավարձով, միջավայրն այնքան էլ բարենպաստ չէ»,-ասաց Արթուր Նաջարյանը։

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի Հայաստանյան ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանն էլ որպես երիտասարդների առջև ծառացած խնդիր առանձնացրեց ժողովրդագրական խնդիրը։ «Վերջերս մենք հետազոտություն կատարեցինք՝ հարցնելով, թե քանի՞ երեխա կցանկանաք ունենալ, պարզվեց, որ մեր երիտասարդները ցանկանում են ունենալ երեք երեխա, սակայն իրականում ունենում են մեկ կամ երկու երեխա։ Երբ հարցրեցինք՝ ի՞նչ միջամտություն եք ակնկալում պետությունից, որպեսզի հաջորդ երեխան ունենաք, պարզվեց աշխատատեղի բացակայությունն էր և բավարար աշխատավարձով աշխատանքով ապահովումը, սա շատ կարևոր է։ Այն միջավայրն է պետք ստեղծել, որը կօգնի երիտասարդին «կամ -կամ»-ը, կամ աշխատանք, կամ ընտանիքը փոխել «և -և» -ի, և՛ ընտանիք, և՛ աշխատանք։

Լուրջ խնդիր ունենք նաև մեր բնակչության սեռատարիքային կազմի մեջ, գիտեք, որ սելեկտիվ աբորտների պատճառով աղջիկներից որ ազատվում ենք, 1-19 տարեկանների մեր տղաների թիվը մեծ չափաբաժին է կազմում, բայց միգրացիայի պատճառով տղաների պակաս կա, հիմնականում երիտասարդ տղաներն են արտագաղթում։ Արդյունքում 22 տարեկանից հետո մեր հասարակությունում գերիշխում են աղջիկները։ Եթե վերցնում ենք 20-40 տարեկան խումբը, ապա տեսնում ենք, որ այստեղ 40 հազար քիչ տղամարդ ունենք։ Կարող ենք ասել, որ 40 հազար աղջիկ, կին, եթե ուզեն ընտանիք կազմել, սա լուրջ խոչընդոտ է, իսկ եթե  շրջանակը մեծացնենք, վերցնենք 15-40 տարեկանների շրջանակը, ապա 55 հազար 600 է այս տարբերությունը»,-ասաց Ծովինար Հարությունյանը։

Նա իր խոսքում նաև նշեց, որ Հայաստանում անկախությունից ի վեր նվազել է երիտասարդների թիվը․  900 հազարից հասել է մոտ 650 հազարի։

ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնի ղեկավար Անդրիյ Պավլովիչն էլ  ասաց, որ երիտասարդների հիմնախնդիրների մեծ մասն համընդհանուր են Արևելյան գործընկերության երկրների  ու ՌԴ-ի համար։ Ըստ բանախոսի, աշխատանքով ապահովումը ամենամեծ խնդիրն է, բայց  դա կախված է երիտասարդի ակտիվ ու հասարակական կյանքում ներգրավված լինելուց։

Գլխավոր խնդիրներից մեկը, ըստ բանախոսի , թե՛ Հայաստանում, թե՛ Արևելյան գործընկերության մյուս երկրներում երիտասարդների ներգրավված չլինելն է և՛ կրթական ոլորտում, և՛ աշխատաշուկայում,  և՛ նախապատրաստական աշխատանքներում։ Ըստ նրա,  այդպիսի երիտասարդները Հայաստանում 37 տոկոս են կազմում, նրանց գտնելը, Անդրիյ Պավլովիչի ասելով, դժվար չէ, դժվար է  ներգրավվելը։  Վերջինիս ասելով, շատ հաճախ երիտասարդը մտածում է, որ դա իր համար չէ, քանի որ ինքը չի տիրապետում լեզուների, ուրիշ մարդկանց համար է։

Անդրիյ Պավլովիչն այս առումով անչափ կարևորում է երիտասարդական կառույցների աշխատանքը, որոնք մեծ աշխատանք են կատարում երիտասարդների ներգրավվածության համար։

Վերջինս նաև ափսոսանք հայտնեց, որ Հայաստանում Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունը լուծարվեց՝ միավորվելով ու դառնալով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։ Ըստ բանախոսի, այս ոլորտները շատ են մի տեղ համատեղելու համար։ Նա ամեն դեպքում  հույս հայտնեց, որ նման միավորմամբ երիտասարդական ոլորտը չի մղվի երկրորդական պլան։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031