«Այն, որ ասում են՝ Չինարին այլևս չի կարող գնդակոծվել, դա չափազանցեցված է: Առավել ևս պաշտոնական մակարդակով նման հայտարարություններ անելը, ընդ որում որոշ ռիսկեր պարունակող, սխալ եմ համարում»,- Aravot.am-ի հարցին՝ իրակա՞ն են այն պնդումները, թե Տավուշի հյուսիսային հատվածում հայկական դիրքերի առաջխաղացման արդյունքում Չինարին այլեւս չի գնդակոծվի, այսպիսի կարծիք հայտնեց քարոզչական ոլորտի հետազոտող Կարեն Վրթանեսյանը:
Հիշեցնենք՝ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը գրել էր. «Չինարին այլևս չի կարող գնդակոծվել։ Հայաստան մտնող գազամուղի անվտանգությունը ևս ապահովված է։ Փառք հայ զինվորին։ Փառք Հայոց բանակին»:
Ըստ Կարեն Վրթանեսյանի՝ գազատարն ու Չինարին իրար հետ բացարձակապես որևէ կապ չունեն: Իրարից տասնյակ կիլոմետրերով հեռու են:

Կարդացեք նաև
Մեր հարցին՝ եթե նման առաջխաղացում ունենք, արդյոք ճի՞շտ է դրա մասին բարձրաձայնելը, թե՞ դա ռիսկային է, Կարեն Վրթանեսյանը պատասխանեց. «Որոշ չափով իհարկե ճիշտ է, արժի ինչ-որ բաներ ասել, իրազեկել հանրությանը, բայց դա արդեն զինվորականները թող որոշեն, թե երբ է պետք իրազեկել, ինչ ծավալով և ինչ փաթեթավորմամբ, որ առանց այդ էլ ռիսկային աշխատանք անող մեր զինվորները, սպաները, սերժանտները լրիվ անիմաստ, ավելորդ ռիսկերի չենթարկվեն»:
Այն հայտարարությունները, թե Ադրբեջանը փոքր տարածք է զավթել այս օրերին Վրաստանից, Կարեն Վրթանեսյանը ևս պարզաբանեց. «Նման բան չկա: Ադրբեջանը հենց իր տարածքում լրացուցիչ աշխատանքներ է արել, ինժեներական ինչ-որ բաներ բարելավել, միաժամանակ հայկական կողմն էլ ձեռքերը ծալած չի նստել, և դա մեզ տակտիկական լրացուցիչ առավելություն է տալիս: Դա զինված ուժերի ամենօրյա աշխատանքն է, որը մասամբ լուսաբանվում է, բայց հաստատ չարժի առանց ՊՆ-ի սանկցիայի այդ թեմայով ամպագորգոռ, կատեգորիկ հայտարարություններ անել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հ. Գ. «Ռազմինֆո»-ի ներկայացրած լուսանկարներից ակնհայտ է, որ հայկական կողմը կառուցել և ամրապնդել է միջդիրքային ճանապարհներ, ինչպես նաև առաջապահ դիրք:




















































Ծայրից ծայր ճիշտ է ասում:
Թէ՛ Չինարիում եւ թէ՛ Վազաշէն – Պառաւաքար արանքում պիտի դիրք գրաւես, որ կրակոցներն ի սպառ վերանան:
Յ.Գ. Իսկ Միրզոյեանի անպատասխանատու արարքը վկայում է, որ մեր պաշտպանական ռազմավարութիւնում լուրջ բացեր ունենք: Լաւ կը լինէր նրան մի թեթեւ բացատրէին՝ որը որից յետոյ է:
Եւ առհասարակ, կրթուել է պէտք, թէ ինչը կարելի է ասել, ինչը չպէտք է ասել: Ասելիս էլ՝ ինչքան, ինչպէս եւ երբ ասել: