Լրահոս
Օրվա լրահոսը

Նախատեսվում է իրականացնել 797 հա անտառվերականգնման աշխատանքներ, 10 տոկոսով նվազեցնել որսագողությունը, 8 տոկոսով՝ ապօրինի ծառահատումները

Սեպտեմբեր 09,2019 10:05 Share

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 6-ին սկսել է «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ բնապահպանության ոլորտի ծրագրերի նախնական քննարկումը, ծանոթացել ոչ ֆինանսական ցուցանիշներին ու նախատեսված միջոցառումներին:

Համաձայն ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տվյալների՝ գալիք տարում նախատեսված է իրականացնել մի շարք ծրագրեր եւ միջոցառումներ՝ ուղղված բնության պահպանությանն ու շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցմանը:

Ի թիվս այլ բնապահպանական ծրագրերի՝ նախատեսվում է իրականացնել 797 հա անտառվերականգնման աշխատանքներ, 60 տոկոսով կանխարգելել մարդածին աղետները, 10 տոկոսով նվազեցնել որսագողությունը, 8 տոկոսով՝ ապօրինի ծառահատումները:

Նշվել է, որ նվազեցվել են վնասատուների դեմ պայքարի համար նախատեսված ֆինանսական միջոցները, ինչը նրանք լուրջ խնդիր են համարել:

Ըստ նախագծի՝ 2020 թվականին իրականացվելու են Սեւանա լճի մաքրման աշխատանքներ, ջրի որակի ստուգման նպատակով երեք անգամ կատարվելու է նմուշառում:

Հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը հետաքրքրվել է, թե արդյոք հնարավոր չէ ավելացնել նմուշառումը, որին ի պատասխան նշվել է, որ դա հնարավոր կլինի, եթե ավելացվեն ֆինանսական միջոցները: Այս համատեքստում Վարազդատ Կարապետյանը նկատել է, որ նախկինում եւս ֆինանսական միջոցներ են հատկացվել լճի մաքրման համար, սակայն եղել են տարիներ, երբ աշխատանքներ չեն իրականացվել, թեեւ ցույց է տրվել հակառակը:

Վարազդատ Կարապետյանը խնդրահարույց է համարել ծրագրերում որպես արդյունք ակնկալվող թվային ցուցանիշները, քանի որ չկան տվյալներ՝ նախորդ տարիներին կատարված նույն աշխատանքների վերաբերյալ:

Հանձնաժողովի նախագահն առաջարկել է վերանայել ներկայացված տվյալները եւ հաջորդ քննարկմանը ներկայացնել առավել հստակ եւ պարզ տեղեկություններ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30