Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանր քար պետության վզին

Սեպտեմբեր 25,2019 10:00
hayk harutyunyan

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանությունը (կամ սպանությունը) ինձ հիշեցրեց Արթուր Մկրտչյանին, Արծրուն Մարգարյանին, Հենրիկ Խաչատրյանին, Վահրամ Խորխոռունուն: (Առաջին երկու դեպքում նույնպես շրջանառվում էին թե՛ սպանության եւ թե՛ ինքնասպանության վարկածները): Հանցագործությունները չեն բացահայտվել, կասկածները շարունակում են կախված մնալ պետության վզին:

Չեմ կարող չհիշել նաեւ, որ «հոկտեմբերի 27-ի» գործի  հետ այսպես թե այնպես կապ ունեցող որքա~ն մարդ է մահացել կամ անհետացել՝ մարդիկ, որոնք (եթե քննությունը վարվեր ոչ «ուչաստկովիի» մակարդակով)  կարող էին լույս սփռել այդ գործի հանգամանքների վրա: Այդ տարօրինակ դեպքերից ամենացնցողն այն էր, որ այդ գործով դատապարտված, մասնագիտությամբ էլեկտրիկ Նորայր Եղիազարյանը մահացել էր բանտում… էլեկտրական սարքի հետ անզգույշ վարվելու պատճառով: Իհարկե, «Հոկտեմբեր 27-ի» գործն ավելի բարդ է, քան «մարտի 1-ը»՝ առաջինի դեպքում, վստահ եմ, ի թիվս այլոց, գործել են արտասահմանյան հատուկ ծառայությունների հմուտ պրոֆեսիոնալներ:  Բայց երկու դեպքերում էլ նախկին իշխանությունների շահագրգռությունը՝ գործը չբացահայտելու հարցում, համաձայնեք, կասկածելի է:

«Մարտի 1»-ը շատ ավելի պարզ գործ է: Թե ինչ է նշանակում տվյալ դեպքում «սահմանադրական կարգի տապալում», ես այնքան էլ լավ չեմ հասկանում: Ինձ համար «մարտի 1-ը» նախօրոք պլանավորված եւ կազմակերպած սպանդ էր: Ցուցարարներ-ոստիկանություն դիմակայության ժամանակ փոխանակ մարդկանց տարհանեին վտանգավոր վայրից, փոխանակ գոնե միջանցք տային հեռանալու, զինվորականները (մի մասը նախապես Արցախից բերված)  եւ օլիգարխների ավազակախմբերը (նախապես զինված եւ հանդերձանք ստացած) օղակի մեջ էին առել ոստիկաններին եւ քաղաքացիական անձանց եւ սկսել ջարդը: Ովքե՞ր պետք է ներկայացնեն այդ օպերացիայի մանրամասները: Իհարկե, այն ժամանակվա ռազմական եւ ոստիկանական ղեկավարները:

Քոչարյանի պաշտպանական թիմը մասնագիտական առումով ակնհայտորեն ավելի ուժեղ է, քան մեղադրող կողմը: Դրա ապացույցներից մեկն այն է, որ Երկրորդ նախագահի փաստաբաններին հաջողվում է անել այնպես, որ «մարտի 1-ի» դատաքննությունը ամիսներ շարունակ այդպես էլ չսկսվի: Այդ ընթացքում կրճատվում է պոտենցիալ վկայություն տվողների թիվը: Հուսով եմ, որ ներկայիս իշխանությունը գոնե այնքան արհեստավարժ կգտնվի, որ կկարողանա ապահովել մնացած վկաների անվտանգությունը:

…Երբ մարդու մահվանից րոպեներ անց սկսում են նախօրոք պատրաստված վարկած շրջանառել, դա ինձ հիշեցնում է 1930-ականների կեսերի մի պատմություն (չգիտեմ, թե որքանով է ճիշտ): Այդ շրջանում Մաքսիմ Գորկին սկսել էր խիստ նյարդայնացնել Ստալինին եւ նրա շրջապատին՝ համաշխարհային ճանաչում ունեցող գրողը կարող էր իրեն որոշակի ինքնուրույնություն թույլ տալ: Եվ  ահա, երբ հերթական անգամ անվտանգության այն ժամանակվա ղեկավար Հենրիխ Յագոդան բողոքում է Ստալինին գրողի ոչ հուսալի վարքից, «առաջնորդը» հարցնում է՝ «Լսիր, ի՞նչ Գորկի: Չէ՞ որ նա մահացել է»: «Ե՞րբ», – զարմանում է Յագոդան: Իսկ Ստալինը պատասխանում է՝ «Կարծում եմ, վաղը»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gagik says:

    Պարոն Աբրահամյան էս ձեզ հատուկ չէր։ Լևոնական ոճի պրոպագանդա։
    Ստացվումա որ Հայաստանում ինչ սպանություն եղելա բոլորը Քոչարյաննա կազմակերպել։ Ինքը կինոյի մեջի չար տղանա, մնացած բոլորը հրեշտակներ են։
    Հիշենք Վանոյի բանդաները, էտ սպանվածների զգալի մասի էտ բանդաների հետ անմիջական կապ են ունեցել։
    Ու ավելի հավանականա որ իրենք վրիժառության զոհ են դարձել կամ վերացվել են իրենց նախկին զինակիցներից կողմից որպես անցանկալի վկա։

    Եթե դուք անգամ բանտում գտնվող իշխանություն չունեցող Քոչարյանին մեղադրում եք սպանություն կազմակերպելու մեջ, դրանով դուք ավելի շատ Նիկոլին ու ընկերներ եք վիրավորում։
    Ստացվումա, որ ԱԱԾ, ոստիկանություն ամեն ինչ իրենց ձեռքում ունենալով մեկա մեխի գլուխ են, ոչնչի համար պատասխանատվություն չեն կրում։
    Աստված չանի վաղը մյուս օրը պատերազմ սկսվի ու լուրջ կորուստներ ունենանք էլի Քոչարյաննա մեղավոր։ Ինչի Նիկոլին ու իր կոլեգա դասալիքներին ԱՄՆ -ի բանակի պես բանակ չի ժառանգություն թողել։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30