Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Մկրտչյան. «Սպասվում էին այդ իրադարձությունները եւ այն կարելի էր կանխել միայն բարձր քաղաքական մակարդակով»

Ապրիլ 20,2017 15:00

24 տարի առաջ ապրիլի 14-ին եղերական մահով հեռացավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը: Նա 33 տարեկան էր: Պաշտոնավարեց ընդամենը 97 օր: ՀՅԴ անդամ էր, պատմական գիտությունների թեկնածու: 1992թ. մայիսի 5-ին 10 000 տպաքանակով լույս տեսավ Արթուր Մկրտչյանի «Ի՞նչ է տեղի ունեցել Հադրութում» հոդվածն առանձին գրքույկով: Հրատարակիչն էր «Միքայէլ Վարանդեան» հ/պ փոքր ձեռնարկությունը: Ստորեւ տպագրում ենք գրքույկից մի հատված, որը 1991թ. հադրության ապրիլի մասին է:

Ես նպատակ չունեմ քաղաքական վերլուծություններ կատարելու եւ չեմ էլ հավակնում ողջ կատարվածը ներկայացնել ամենայն մանրամասնությամբ եւ ճշգրտությամբ, որովհետեւ ինքս էլ շատ բանից տեղյակ չեմ, կամ տեղյակ եմ երկրորդ, նույնիսկ երրորդ անձի միջոցով: Սակայն երկու հիմնական հարցի կարծում եմ՝ անհրաժեշտ է պատասխանել: Սպասելի՞ էին, արդյոք, այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան շրջանում, եւ հնարավո՞ր էր դրանք կանխել, թե՝ ոչ: Առաջ անցնելով միանգամից պատասխանեմ, որ ընդհանուր քաղաքական առումով եւ տեսականորեն սպասվում էին այդ իրադարձությունները եւ այն կարելի էր կանխել միայն բարձր քաղաքական մակարդակով: Գործնականում քչերն էին սպասում ու հավատում իրադարձությունների նման ընթացքին եւ փաստորեն ոչինչ կամ շատ քիչ բան ձեռնարկվեց: Պիտի ասել, որ համընդհանուր խուճապի ու շփոթվածության պայմաններում հնարավոր չէր ավելին անել՝ բռնագաղթը կանխելու համար: Սակայն բոլորն այսօր միանշանակ այն կարծիքին են, որ վճռական լինելու դեպքում հնարավոր էր գոնե գյուղերի բռնագաղթը, թալանը կանխել եւ որոշ տեղերում դա հաջողվեց:
Սակայն մյուս կողմից էլ վճռական լինելուն խանգարեցին ստույգ տեղեկությունների պակասը եւ կրկին ու կրկին խուճապն ու շփոթվածությունը: Եթե Ստեփանակերտում չանսալով Հադրութից գնացող ահազանգերին՝ մայիսի 13-ին կատարվածը համարեցին ընդամենը անձնագրային ռեժիմի ստուգում եւ հանգստացրին շրջանի ղեկավարությանը, իսկ 14-ին ու 15-ին էլ, փաստորեն, էական ոչինչ չձեռնարկվեց, չնայած ակնհայտ էր արդեն դեպորտացիայի ուղղությամբ կատարվող գործողությունները, ապա Հադրութում մայիսի 15-ին եւ 16-ին արդեն հոգեբանորեն շատ-շատերը հաշտվել էին դեպորտացիայի մտքի հետ ու չէին կասկածում՝ մեկ-երկու օրից հետո ալիքը կհասնի շրջկենտրոն: Ճիշտն ասած, ինձ համար էլ պարզ չէ մինչեւ վերջ, թե ինչը կանգնեցրեց դեպորտացիայի թափ առնող անիվը:


Իսկ այժմ ամեն ինչի մասին հերթականությամբ:

Ապրիլի կեսերին Հադրութում լուրեր տարածվեցին, թե սպասում են անձնագրային ռեժիմի մեծ մասշտաբի ստուգումներ, ամենայն հավանականությամբ՝ ադրբեջանական կողմի մասնակցությամբ եւ հնարավոր են ձերբակալություններ: Ստուգումները սկսվեցին ապրիլի 25-ին եւ երեք օրում անցնելով շրջանի հյուսիսային ենթաշրջանի համարյա բոլոր գյուղերով՝ ապրիլի 28-ին ալիքը հասավ Հադրութ: Իրականացնողը ներքին զորքերի ստորաբաժանումներն էին, որոնց ուղեկցում էին քաղաքացիական հագուստով ադրբեջանցիներ: Այդ օրերի ավարը մեծ չէր, մի քանի որսորդական հրացան եւ մի քանի ձերբակալվածներ, որոնց տեղափոխեցին Ֆիզուլի: Ժողովուրդը այս երկու տարում սովորել էր այդ ամենին եւ կատարվածը ընդունեց հանգիստ: Միեւնույն ժամանակ, իհարկե, շրջանի ղեկավարության եւ ձերբակալվածների հարազատների կողմից սկսվեցին միջոցներ ձեռնարկվել ձերբակալվածներին ազատելու համար: Այդ նպատակով դիմում էին առաջին հերթին պարետատուն ու նաեւ ադրբեջանական կողմին՝ այլ միջնորդների միջոցով: Առաջ անցնելով ասեմ, որ հիմնականում ձերբակալվածները ազատ էին արձակվում որոշակի գումար կորզելուց հետո միայն, ընդ որում՝ ոչ միայն նրանցից, ում նկատմամբ քրեական գործ էր հարուցվում, այլեւ նրանցից, ում առանց որեւէ պատճառի վարչական կալանքի էին ենթարկում:

Ապրիլի 29-ին օրը բացվեց տագնապով: Լուսադեմին Տող գյուղում ներքին զորքերի եւ այս անգամ արդեն ադրբեջանական կողմից ձերբակալվել էին 6 հոգի՝ սովխոզի դիրեկտորի գլխավորությամբ: Ձերբակալությունները կատարվել էին որոշակի սկզբունքներով, նախապես կազմված ցուցակով, որի մեջ գրանցվում էին սովորաբար, ինչպես ցույց տվեցին հետագա դեպքերը եւս, գյուղի ղեկավարներն ու շարժման ակտիվիստները: Տողի որոշ ակտիվիստներ նախապես հեռացել էին գյուղից եւ նրանց չհաջողվեց ձերբակալել: Նույն օրը որոշ մարդկանց ձերբակալության փորձ կատարվեց Հադրութում, բայց անհաջող: Ձերբակալվածներին նույնպես Ֆիզուլի տեղափոխեցին եւ միայն Աստծուն եւ իրենց է հայտնի, թե ինչ ծաղրուծանակի ու չարչարանքների են ենթարկվել նրանք: Այս դեպքերը օգտագործվեցին շրջանի որոշ ղեկավար աշխատողների կողմից՝ ավելի ակտիվորեն պրոպագանդելու ադրբեջանցիների հետ բանակցությունների անհրաժեշտությունը, քանի դեռ «բանը բանից չի անցել»: Պետք է ասել, որ այդ նույն օրերին համառորեն լուրեր էին պտտվում, որոնց ստուգությանը դժվար էր հավատալ, որ Հադրութի հարեւան ադրբեջանական գյուղերում ադրբեջանական զորքերի կուտակումներ կան, որոնք գտնվում են անմիջապես Մութալիբովի կարգադրության տակ եւ որ իբր Գորբաչովը մայիսի 4-ից 15-ը ժամանակ է տվել Մութալիբովին՝ Ղարաբաղի հարցը իր ուզած ձեւով լուծելու համար: Այս եւ այլ լուրերն ավելի էին ուժեղացնում տագնապը եւ ամեն քիչ թե շատ նշանակալից իրադարձություն շրջանում մեծ խուճապի տեղիք տալիս: Այդպես, դեռեւս ապրիլի 25-ին ուղղաթիռներից ռմբակոծության ենթարկվեցին Հադրութի շրջակա անտառն ու այդ անտառով Հադրութ մտնող խճուղին, որի ընթացքում շարքից դուրս եկավ Հադրութում տեղակայված սահմանապահ զորամասի մեքենան, իսկ նրա ուղեււորները հրաշքով փրկվեցին: Այդ նույն հրաձգության ժամանակ վիրավորվեց ճանապարհի վրա հսկողություն իրագործող ներքին զորքերի զինվորներից մեկը: Այդպես էլ մնաց չպարզված, թե ինչ ուղղաթիռներ էին, որտեղից, ում հրամանով եւ ինչու էին գնդակոծում:

…Մայիսի մեկին Ֆիզուլի-Տող խճուղու վրա անհայտ հանգամանքներում պայթեց շրջանի ադրբեջանցի կոմունիստների բազայի վրա ստեղծված Հադրութի շրջկոմի քարտուղար, Տողի ինտերնացիոնալ եւ ապա առանձնացված ադրբեջանական դպրոցի նախկին տնօրեն Նիյազ Ջհանգիրովի ծառայողական մեքենան, որի ժամանակ սպանվեցին երեք հոգի…
Ահա այս պայմաններում շրջանից մի պատվիրակություն գնաց Ստեփանակերտի մարզի ղեկավարների կարծիքն իմանալու հետագա անելիքների մասին: Հանդիպելով առանձին-առանձին Ս. Բաբայանի, Ս.Դավթյանի, Հ. Պողոսյանի հետ, միասնական որեւէ կարծիք ու խորհուրդ չլսելով՝ նրանք վերադարձան Հադրութ եւ առաջնորդվելով Հ. Պողոսյանի հայտնած բանակցությունների մասին կարծիքով, շրջգործկոմում կազմակերպեցին շրջանի ղեկավար աշխատողների խորհրդակցություն, որի ընթացքում որոշվեց հիմնարկ-ձեռնարկություններում անցկացնել ժողովներ եւ բնակչության կարծիքն իմանալ բանակցությունների մասին: Սակայն, որովհետեւ այս ամենն ուղեկցվում էր ազատագրական շարժման եւ նրա ակտիվիստների վարկաբեկման, նրանց հասցեին մեղադրանքներ թափելու կոմպանիայով եւ, փաստորեն, մարզից անջատ, սեպարատ ձեւով, շարժման ակտիվիստների կողմից որոշ քայլեր ձեռնարկվեցին՝ կանխելու համար դեպքերի նման անցանկալի ընթացքը:

 

«Առավոտ»

19,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930