Այսօր քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյը, նույն ինքը՝ Արտյոմ Հարությունովը հրաժարվեց դատարանում ցուցմունք տալ:
Հիշեցնենք, որ նրա գործը քննվում է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Կենտրոն նստավայրում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:
Արտյոմ Հարությունովին մեղադրանք է առաջադրված ապօրինի զենք, զինամթերք պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով: Նրա խափանման միջոցը չհեռանալու մասին ստորագրությունն է: Ըստ մեղադրանքի՝ Արտյոմ Հարությունովն իր կողմից օգտագործվող զրահապատ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի մեջ ապօրինի պահել է մեկ այլ անձի` Մյասնիկ Մատինյանի անվամբ հաշվառված, կրակոցներ կատարելու համար պիտանի, ակոսափող հրազեն հանդիսացող որսորդական ինքնալից կարաբին՝ պահեստատուփով լիցքավորված, ինչպես նաև՝ կրակելու համար պիտանի, որսորդական ակոսափող զենքերի համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող թվով 30 հատ գործարանային արտադրության փամփուշտներ ու մեկ հատ պահեստատուփ՝ լիցքավորված՝ կրակելու համար պիտանի, որսորդական ակոսափող զենքերի համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող թվով 20 հատ գործարանային արտադրության փամփուշտներով: Թվարկված զենքն ու զինամթերքը հայտնաբերվել են Արտյոմ Հարությունովի՝ հիշյալ ավտոմեքենայի զննությամբ Հարությունովին բերման ենթարկելու օրը՝ 2019 թվականի հունվարի 12-ին:
Կանեւսկոյը երկմտում էր, մե՛կ ասաց, որ ցուցմունք կտա, բայց ոչ այսօր, հետո էլ ասաց, որ հրաժարվում է, չի տա: Այս դեպքում դատարանում կհրապարակվեն նախաքննական մարմնին տված նրա ցուցմունքները:
Կարդացեք նաև
Պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց լրացուցիչ վկաներ ներգրավելու եւ դատարանում հարցաքննելու: Խոսքը 7 անձի մասին է: Նրանցից 6-ը Հարությունովի հետ բերման են ենթարկվել ու բացատրություններ են տվել: Նրանք են՝ Տիգրան Բորիսի Թամրազյանը, Աշոտ Գուրգենի Գեւորգյանը, Ռոման Վյաչեսլավի Միրզոյանը, Վահագն Գեւորգյանը, Արթուր Մադոյանը, Արման Սահակի Գրիգորյանը: Պաշտպանի խոսքով՝ «Բոլորով միասին են եղել բերման ենթարկվելիս եւ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչությունում են պահվել: Մեքենայի խուզարկություն է տեղի ունեցել, որը փաստաթղթերում ձեւակերպվել է՝ որպես զննություն, կա նաեւ դեպքի վայրի զննություն, կատարվել են գործողություններ, որոնք պայմանավորած են Արտյոմ Հարությունովի անձով, հանրային ցանցերում այն ներկայացրել են դետալացված: Այն անձինք, որոնք բերման են ենթարկվել, միջնորդում ենք, որ հրավիրվեն դատարան եւ հարցաքննվեն: Որովհետեւ վարույթը սկսվել էր, խուզարկություն էր տեղի ունեցել, քրեադատավարական խախտումներ են եղել: Վկաների հարցաքննությամբ կներկայացվի այն թերությունները, դատավարական խախտումները, որոնք եղել են»:
Հաջորդ միջնորդությունը վերաբերում էր գործով անցնող եւ որպես թարգմանիչ ներգրավված Արթուր Սամվելի Մովսիսյանին դատարան հրավիրելուն եւ հարցաքննելուն: Պաշտպանական կողմը կասկածներ ունի թարգմանչի՝ որպես հետաքննության մարմնի թաքնված աշխատակից հանդիսանալու վերաբերյալ: Պաշտպանի խոսքով՝ «Հարությունովը պահանջել է, որ բերման ենթարկվելուց հետո գան իր փաստաբանները, սակայն հնարավորություն չի տրվել Հարությունովին տեսակցելու, ավելին՝ ոստիկանության մուտքում թարգմանիչը մեր հետ կանգնած է եղել, 24-ից հետո է դա եղել, մինչդեռ արձանագրությունը 23-ի սահմաններում է եղել, երբ թարգմանիչը ֆիզիկապես չէր կարող ներկա գտնվել այնտեղ, բեռնախցիկում թաքնված վիճակում նրան ամենայն հավանականությամբ մտցրել են ոստիկանության բակ, որովհետեւ մեր հետ բազմաթիվ մարդիկ են եղել ու չեն տեսել, թե այդ թարգմանիչը ոնց հայտնվեց: Խախտվել է Հարությունովի իրավունքը»:
Դատավորը որոշեց բավարարել միջնորդությունը, հաջորդ դատական նիստին կհարցաքննեն 7 վկաներին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































