Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն սադրանքների, դիվերսիաների ու պատերազմ սանձազերծելու քարտ բլանշ է պահանջում

Հոկտեմբեր 25,2019 12:00

«Առարկայական բանակցությունների» կարոտ Ադրբեջանի ԱԳ նախարարը «փոքր-ինչ հիասթափված է»

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնել են մինչեւ այս տարեվերջ կրկին հանդիպել, անցյալ շաբաթ տարածած հայտարարությունում տեղեկացրեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ ամփոփելով տարածաշրջան՝ Հայաստան, Ադրբեջան եւ Արցախ կատարած իրենց այցը: Ըստ նշյալ հայտարարության՝ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը միջնորդներին տեղեկություններ են փոխանցել Աշխաբադում՝ ԱՊՀ խորհրդի նիստում տեղի ունեցած վերջին զրույցից, ինչպես նաեւ ներկայացրել են ղարաբաղյան խնդրի կարգավորումն առաջ տանելու իրենց գաղափարները: ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ ՌԴ-ի համանախագահները նաեւ ողջունել են հատուկ մարդասիրական եւ անվտանգության միջոցառումներ ներդնելու հեռանկարը՝ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու եւ լարվածությունը նվազեցնելու նպատակով:

Պարզվում է, պաշտոնական Բաքուն «փոքր-ինչ հիասթափված է» բանակցությունների ընթացքից: Մինչ համանախագահները տարածաշրջանային այցն էին ամփոփում՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ռուսաստանյան «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում շտապեց արձանագրել, թե «փոքր-ինչ հիասթափված է» սեպտեմբերին Նյու Յորքում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ ունեցած բանակցություններից: Մամեդյարովն ասել է, թե հայկական կողմի հետ վերջին հանդիպումները «առարկայական չէին», եւ դրանք «ոչ թե բանակցություններ են, այլ հանդիպումներ».  «Մենք դեռ արդյունքների ենք սպասում: Եթե մենք ուզում ենք շարժվել առաջ, պետք է սկսել այն, ինչը ես սիրում եմ անվանել սուբստանտիվ բանակցություններ, այսինքն՝ առարկայական բանակցություններ»:

Վերջին տարում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպել են յոթ անգամ, սակայն այդ հանդիպումները, ըստ Մամեդյարովի, դեռ բանակցություններ չեն. «Այո, մենք բանակցում էինք: Սակայն մի պահ Մինսկի խմբի համանախագահներն ասացին՝ հասկանո՞ւմ եք, ռազմական գործողություններ են ընթանում…»: Ապա Մամեդյարովը հակադարձելով համանախագահներին՝ ասել է, թե վերջին տարիներին իրավիճակը շփման գծում միշտ էլ լարված է եղել, ինչը, սակայն, «չէր խանգարում, որ կողմերը առարկայական բանակցություններ վարեն». «Նախկինում մենք կարողանում էինք առաջ գնալ, եւ ընթանում էին բավականին լուրջ բանակցություններ: Կետ առ կետ առաջ էինք շարժվում, թե ինչպես կարգավորել ընթացիկ հարցերը»: «Ընթացիկ հարցերի կարգավորումը» Ադրբեջանի ԱԳ նախարարն այսպես է հասկանում.  «Պետք է պայմանավորվել, որ զինվորականները վերադառնան իրենց խրամատները, իսկ մարդիկ վերադառնան իրենց բնակավայրերը: Սրանից հետո միայն կարելի կլինի կարգավորել մնացած հարցերը»:

Մամեդյարովը պնդել է, թե այս սկզբունքները դրված են այսօր բանակցությունների սեղանին առկա փաստաթղթում. «Մենք բանակցությունները սկսել ենք Պրահայում, հետո հայտնվել է մադրիդյան փաստաթուղթը, որը փոքր-ինչ ձեւափոխվել էր: Հետո ի հայտ եղավ կազանյան փաստաթուղթը: Մադրիդյան փաստաթուղթը պարբերաբար վերաձեւավորվում է, սակայն մնում է այն հիմքը, որի շուրջ էլ ընթանում են բանակցությունները: Եվ մենք պարբերաբար ասում ենք համանախագահներին, որ մեզ այլ բան չի մնում, քան բանակցել: Պետք է նստել եւ շարունակել բանակցությունները Երեւանի հետ այն փաստաթղթի շուրջ, որն այսօր սեղանին է»:

Ստացվում է, պաշտոնական Բաքուն դժգոհ է, երբ միջնորդներն առաջ են քաշում սահմանին լարվածության, ռազմական գործողությունների դադարեցման հարցը: Այսինքն, Ալիեւի իշխանության պատկերացմամբ՝ պետք է շարունակվեն «առարկայական բանակցություններ», բայց դրան զուգահեռ Ադրբեջանը, երբ հարմար գտնի՝ սահմանին եւ շփման գծում իրավունք պետք է ունենա սադրանքների դիմել, լարել իրավիճակը, դիվերսիաներ կազմակերպել, եւ այդ ամենը՝ «առարկայական բանակցություններին» զուգահեռ:

Ըստ ամենայնի, Ադրբեջանը դժգոհ է, որ հայկական կողմը չի մտնում «առարկայական բանակցությունների» դաշտ, քանի դեռ Ադրբեջանը չի ստանձնում պատասխանատվություն սահմանային իրավիճակը չլարելու հարցում:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 16-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Նրանք քննարկել էին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախի ու Ադրբեջանի սահմաններում տիրող իրավիճակին առնչվող հարցեր: «Նախագահ Սահակյանը վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի հավատարմությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ վերստին շեշտելով բանակցային լիարժեք ձեւաչափի վերականգնման եւ հակամարտության կարգավորման բոլոր փուլերին Արցախի մասնակցության անհրաժեշտությունը»,- ասվում էր Արցախի նախագահի աշխատակազմի տարածած մամլո հաղորդագրությունում:

Ի դեպ, Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը նշել է, թե հանդիպմանը ներկայացրել ենք մեր մոտեցումներն ու տեսլականը` հումանիտար օգնության այն հարցերի շուրջ, որոնք քննարկվել են ՀՀ վարչապետի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահի միջեւ` Վիեննայում կայացած վերջին հանդիպման ժամանակ: «Անդրադարձել ենք մասնավորապես` լրագրողների փոխանակման, ինչպես նաեւ երկկողմ ազատազրկվածների խնդիրներին վերաբերող հարցերի: Այդ առումով ունենք մի քանի մտահղացումներ, որոնց շուրջ աշխատանքները շարունակվում են: Վերջերս մեր եռյակը եղել է նաեւ Ժնեւում, որտեղ հանդիպել ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Փիթեր Մաուերին, ում հետ այդ թեմայով զրույց ենք ունեցել: Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, ապա երկու երկրների ԱԳ նախարարի համաձայնության դեպքում, նախատեսում ենք. այն կարող է կայանալ դեկտեմբերին` Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կայանալիք համաժողովի շրջանակում: Ցանկության դեպքում մենք պատրաստակամ ենք՝ կազմակերպելու այդ հանդիպումը», – ասել է Ի. Պոպովը: Լրագրողի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Սոչիում կայացած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն հայտարարությունը, որ Արցախը` Ադրբեջան է, Պոպովն ասել է, որ այդ հարցին արդեն իսկ գնահատական է տվել ՌԴ ԱԳՆ-ն:

Բաքուն, այսպիսով, կրկին քննարկման թեմա է դարձնում ադրբեջանական պատկերացումը, թե ինչպես պետք է բանակցություններն ընթանան, այսինքն, ինչ քայլերից հետո կբարեհաճեն բանակցել: Պաշտոնական Բաքվի մոտեցումը հետեւյալն է՝ «փախստականները վերադառնան իրենց հողերը», «հայկական զորքերը հետ քաշվեն», զուգահեռ դրանց՝ «ունենանք սադրանքների, ռազմական գործողություններ սկսելու քարտ բլանշ»…

Ահա, Ադրբեջանի իշխանությունների պատկերացրած «առարկայական բանակցությունների» դետալները, որոնց շուրջ նրանք ակնկալում են քննարկումներ հայկական կողմի հետ: Իսկ օրինակ՝ Արցախի կարգավիճակն ու անվտանգությունը, նման հարցերի մասին նրանք որեւէ բառ անգամ չեն ցանկանում հիշատակել:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 24.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031