Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Գեւորգյան. «Ես ողջունում եմ պարոն Ծառուկյանի ձգտումը»

Նոյեմբեր 11,2019 22:10

Օրերս ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը Կոտայքի մարզում «Չերամիզիա»՝ «Ceramisia» հայտնի բրենդը ներկայացնող իտալական «Իթելիան սթոունվեյր» հոլդինգի եւ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի» հետ համատեղ հիմնադրված գործարանի պաշտոնական բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում դժգոհել է Հայաստանում ներդրումային միջավայրից:

Ծառուկյանը մասնավորապես ասել է.«Ես վարչապետին շատ հարգում եմ, ինձ ճիշտ հասկացեք, ինքն ուզում է անել, ներդրումների համար այն պայմանները չկան: Ներդրումների համար լավ կլինի լինի 1 պատուհան, որ էն բնության պահպանությունից, «պաժարնիկից», էկոնոմիկայից օրգանից, հարկայինից, մարզպետարանից թղթեր են պետք, տեւում ա մի տարի: Օրինակ՝ «ցեմզավոդի» կողքը թագաժառանգը կառուցում ա սիլիցիումի գործարան, իմ հետ: Կառավարումն իրենք ենք անելու: Մի տարի դիմել ենք, հողը մերն ա, որ հողի բանը փոխվի, ասենք թե արոտավայրը դառնա արտադրական, ուղիղ մեկ տարի չի փոխվել: Վարչապետը իմացել ա, զանգել, բարկացել ա, մեկ ժամվա ընթացքում պատրաստել, տվել են»:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանն Aravot.am-ի հետ զրույցում Ծառուկյանի դժգոհությունների մասին ասաց՝ ուշագրավ է, որ Գագիկ Ծառուկյանը նման հայտարարություն է անում այն օրը, երբ գործարան է բացում. «Հատկանշական է նաեւ, որ Ծառուկյանի դժգոհությունից րոպեներ առաջ նույն գործարանի բացման արարողությանը իտալացի իր գործընկերը շատ դրական է արտահայտվել՝ հիշեցնելով Նիկոլ Փաշինյանի հրավերը»:

Հիշեցնենք, հայ-իտալական այդ գործարանի բացման արարողությանը Ծառուկյանի իտալացի գործընկերն ասել է. «Բնականաբար, այս ամենում որոշիչ դեր է ունեցել հեղափոխությունն ու Փաշինյանի հրավերը, առանց դրա հնարավոր չէր լինի: Իմ կարծիքով՝ այս նոր Հայաստանը շատ մեծ ապագա է ունենալու»:

Հայկ Գեւորգյանը ներդրումային իրավիճակի մասին ասաց, որ որոշակի մտահոգություններ կան, դրանք կապված են թղթաբանության, բյուրոկրատական քաշքշուկի հետ.«Նման խնդիրների վերաբերյալ մենք էլ ենք բողոքներ ստանում: Մի մասն օբյեկտիվ է, մի մասը՝ սուբյեկտիվ: Բայց ակնկալել, որ շատ արագ այդ ամենը կփոխվի, ցավոք, հնարավոր չէ: Օրինակ շինթույլտվությունը, հնարավոր չէ մի ստորագրությամբ լուծել, կան բազմաթիվ կարգավորումներ՝ ենթակառուցվածքների, անվտանգության եւ հարակից այլ ոլորտների հետ կապված, այս ամենը պետք է հաշվարկված լինի: Խնդիրն այն է, որ շինարարական թույլտվությունների կարգավորումները երկար տարիներ պայմանավորված են եղել կոնկրետ մարդկանց համար կոնկրետ արտոնյալ պայմաններ ստեղծելու մղումով: Բայց այդ խնդիրները ժամանակի ընթացքում կլուծվեն, ամեն ինչ կընկնի իր տեղն ու ամեն ինչ լավ կլինի: Պարոն Ծառուկյանը կարող է շատ չանհանգստանա ու շարունակի իր գործունեությունը՝ եթե ցանկություն լինի»:

Մեր դիտարկմանը՝ Ծառուկյանը, կարծես, ինքն է համոզել իտալացի ներդրողին այդ գործարանը բացել ոչ թե Վրաստանում, այլ՝ Հայաստանում, Գեւորգյանն այսպես պատասխանեց. «Գործարարին համոզել այս կամ այն երկրում ներդրում անել, ասենք՝ հմայքով, հնարավոր չէ: Գործարարն առաջնորդվում է առաջին հերթին շահույթ ստանալով, իր բիզնեսն իրականացնելու մղումներով: Եթե իտալացին գտել է, որ Հայաստանում ավելի հարմար է ներդրում անել, քան Վրաստանում, նշանակում է ներդրումային միջավայրն այնքան վատ չէ, որքան պարոն Ծառուկյանն ուզում է ներկայացնել: Բայց ես ողջունում եմ պարոն Ծառուկյանի այն ձգտումը, որ ներդրումային միջավայրն օրեցօր ավելի բարելավվի եւ իր գործընկեր-ներդրողներն էլ ավելի գրավիչ գտնեն Հայաստանը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930