Լրահոս
Օրվա լրահոսը

Marina Feshion-ը պահանջված է նաեւ միջազգային թատերական աշխարհում

Նոյեմբեր 15,2019 12:30

Թատրոնը միայն բեմն ու դերասանը չեն: Դերասանի հետեւում մի ամբողջ համակարգ է՝ ձայնային ու լուսային էֆեկտներ, տվյալ ժամանակաշրջանին համահունչ դեկորներ, զգեստներ ու դիմահարդարում, որոնց բարձրարվեստ կատարելու դեպքում ապահովված է ներկայացման հաջողությունը:

«Առավոտի» հանդիպման առիթը հագուստի դիզայներ Marina Feshion ստուդիոյի տնօրեն Մարինա Ավետիսյանի հետ, ռուսաստանյան մամուլում ճանաչված նկարիչ-դիզայներ, «Ոսկե դիմակ» մրցանակակիր Տատյանա Նոգինովայի հիացական արտահայտությունն էր երեւանյան նշյալ ստուդիոյի հասցեին:

Նշենք, որ զուտ թատերական հանդերձանք մեզ մոտ «արտադրում» են մեկ-երկու ստուդիոներ:

Եվ օրերս Ազգային օպերային թատրոնում կայացած «Բյուրեղապակյա դղյակ» բալետային ներկայացումից հետո հանդիսատեսը հիացած խոսում էր ոչ միայն ներկայացման, այլեւ դեկորների ու զգեստների մասին, առանձնացնելով Սիրամարգին, որի պոչը պարի ընթացքում բացվում էր ու փակվում:
  

«Մարդու հոգեւոր զարգացման համար նույնիսկ քաղաքաշինության եւ տեխնոլոգիական առաջընթացի  դարաշրջանում, համոզված եմ, թատերական արվեստի դերը դառնում է էլ ավելի արդիական»,- նշում է Մարինա Ավետիսյանը:
Marina Feshion ստուդիոյի մասին էլ ասաց, որ այն հիմնել է շուրջ 10 տարի առաջ, համագործակցում է թատրոնների, պարային անսամբլների եւ հատկապես, իր խոսքերով՝ զգեստներ է իրականացնում օպերային թատրոնի ներկայացումների համար:
  
Հիշատակեց շուրջ 20 բեմադրություն, այդ թվում՝ Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովա», Պուչինիի «Տոսկա», Դոնիցետիի «Պողիկտոս», Բաբաեւի «Արծվաբերդ» օպերաները, Մինկուսի «Դոն Կիխոտ», Խաչատրյանի «Դիմակահանդես», Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետ», Ազնավուրի երգերի թեմաներով «Բոհեմ» բալետները եւ այլն:
     

Հետաքրքրությանը, թե հագուստի դիզայնն է՞լ են իրենք անում, մեր զրուցակիցը հակիրճ պատասխանեց՝ «եւ-եւ»: Իսկ դիտարկմանը, թե արտիստների հետ հավանաբար ոչ թե բարդ, այլ շատ բարդ է աշխատելը, տիկին Ավետիսյանը պատասխանեց. «Ես ու աշխատակիցներս նախ իսկապես նվիրված ենք մեր գործին եւ երկրորդ՝ սիրում ենք մեր դերասաններին: Ինչ վերաբերում է արտիստներին, այո, յուրաքանչյուրի հետ անհատական աշխատանք է տարվում: Տեսեք, բարդ է «զգեստավորել» պարողին, հատկապես բալետի արտիստին: Օրինակ, վերջինի դեպքում այն պետք է լինի ոչ միայն ակնահաճո, շքեղ, այլեւ չափազանց հարմարավետ»:
Ռեպլիկին՝ դա մի՞շտ է հաջողվում, դիզայները ներողություն խնդրելով անհամեստության համար, ընդամենն ասաց՝ միշտ ու հավելեց. «Լինում են դեպքեր, երբ պրեմիերայից առաջ փոխվում է արտիստների կազմը. երգիչների մոտ կոկորդի հետ կապված խնդիրներ են, պարողների դեպքում՝ տրավմաները, եւ նման դեպքերում պահանջվում է իսկապես մեկ-երկու օր 24-ժամյա աշխատանք: Ավելին՝  այս պահին մեկ-երկու դեպք մտաբերեցի, որ ընդամենը մի քանի ժամում անհրաժեշտ էր զգեստ կարել: Այ, հենց նոր գիտակցեցի, որ փաստորեն փրկել ենք իրավիճակը՝ ապահովելով պրեմիերան»:
  

Բոլոր ժամանակներում նորաձեւությունն ասում է՝ թերությունները քողարկել, առավելությունները՝ ընդգծել: Համաձայնելով այս դիտարկմանը, մեր զրուցակիցը հաճոյանալով արտիստներին, ժպտալով նշեց. «Իմ արտիստները բոլորը հմայիչ են», հետո էլ կրկնեց արդեն ասված միտքը՝ «հմայքը՝ համայք, բայց յուրաքանչյուրի հետ աշխատանքն անհատական է տարվում»:
  

Զրույցի ընթացքում տիկին Ավետիսյանը հաստատեց, որ համագործակցել է ռուսաստանցի ճանաչված դիզայներ Տատյանա Նոգինովայի հետ, մանրամասնելով, որ 2018թ. Սանկտ Պետերբուրգում Հոֆմանի հեքիաթների հիման վրա բեմադրված բալետային ներկայուցումը շուրջ մեկ տարի է, ինչ «շրջագայում» է տարբեր հեղինակավոր բեմերում, հատկապես նշեց, որ դա FRANCECONCERT ընկերության հետ համատեղ աշխատանքի արդյունք է ու այս նախագծի հեղինակը հանրահայտ պրոդյուսեր Զելենսկին է:

Հայտնեց նաեւ, որ իր ստուդիոն «հանդերձավորել» է Լոս Անջելեսում եւ Չիկագոյում կայացած բալետային ներկայացումներ: Իսկ, ասենք՝ Կրասնոդարի հայկական պարային անսամբլներից մեկի համար էլ սեփական դիզայնով  զգեստներ է իրականացրել:
  

Պարային անսամբլների մասին խոսելիս նա հատկապես նշեց «Բարեկամություն» անսամբլի հետ իր որոշ աշխատանքների մասին, առանձնացրեց Արսեն Մեհրաբյանի խորեոգրաֆիայով եւ շվեյցարաբնակ դիզայներ Օտտո Գուբեյնիչեկի հետ «Արա Գեղեցիկը», զգեստների նկարիչ Ռուբինա Հովհաննիսյանի հետ համատեղ իրականացրած «Մարոն» եւ այլն:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
14.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930