Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես Կոմիտաս հնչեցնել այսօրվա ունկնդրին հոգեհարազատ, հասկանալի, սրտամոտ ձեւաչափով

Նոյեմբեր 23,2019 12:00

Կոմիտասի ծննդյան 150-ամյակի առիթով հոբելյանական այս տարում շարունակվում են տարբեր ձեւաչափերով անցկացվող միջոցառումները: Լայն ունկնդրին, անշուշտ, հետաքրքրում է մատչելի երգարվեստի ժանրը: Գրականությունից գիտենք, որ Կոմիտասը՝ որպես երգիչ ու խմբավար, բազմաթիվ համերգներ է ունեցել նաեւ Եվրոպայում, Եգիպտոսում, Թուրքիայում, Վրաստանում եւ այլուր, նրա կատարումները մշտապես հիացական արձագանքի են արժանացել ունկնդրի կողմից: Նա հավաքել ու գրառել է ավելի քան 3000 հայկական ժողովրդական երաժշտության նմուշ, որից, ցավոք, ավելի քան կեսը հետագայում կորել է եւ միայն մոտ 1200-ն է պահպանվել:


Ստվեր չգցելով անցկացված որոշ միջոցառումների վրա, այնուամենայնիվ, նշենք, որ մասնագետների փոխանցմամբ՝ Վարդապետի՝ իբրեւ բանահավաքի, ձայնագրած ու մեզ հասած երգերի գերակշիռ մասը «ժամանակակից մատուցմամբ» անվան տակ մեկնաբանվում է աղավաղված: Այնուամենայնիվ, շարունակվում են կոմիտասյան ստեղծագործությունների նաեւ ժամանակակից ընթերցումները, բայց հազվադեպ դեպքերում՝ մասնագետների գիտությամբ: Չմոռանանք, որ հենց Կոմիտասի գիտական ու ստեղծագործական գործունեությունն էր, որ նոր էջ բացեց մեր երաժշտական մշակույթի պատմության մեջ:

Վերջին մտքի վկայությունն է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դահլիճում նոյեմբերի 19-ից մեկնարկած եւ մեկ շաբաթ տեւող Կոմիտասյան օրերը: Զարմանք չհարուցեց այն փաստը, որ պրոֆեսիոնալ մշակույթի օջախի կողմից անցկացվող այս միջոցառումն ունի կազմկոմիտե, նախագահությամբ կոնսերվատորիայի գիտական գծով պրոռեկտոր Ծովինար Մովսիսյանի, իսկ անդամների թվում հանդիպեցինք նաեւ մշակութային բուհերի՝ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի, Գեղարվեստի պետական ակադեմիայի դասախոսների անուններ:

Կոմիտասյան օրերի բացման միջոցառմանն արձագանքել էին նաեւ Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանների դասախոսներն ու ուսանողները: Իսկ մեկնարկած միջոցառման խորագիրն էր՝ «Մեր Կոմիտասը» համերգ-ցուցադրությունը: Երաժշտական համարներով հանդես եկան կոնսերվատորիայի, իսկ կոմիտասյան բանաստեղծություններով՝ թատերականի ուսանողները: Ճեմասրահում բացված էր Գեղարվեստի ակադեմիայի ուսանողների, շրջանավարտ Ռիմա Նանյանի եւ կոնսերվատորիայի ուսանողուհի Զոյա Սարգսյանի գեղանկարչական աշխատանքների ցուցադրությունը:
Կոնսերվատորիայի պրոռեկտոր Ծովինար Մովսիսյանը մեզ տեղեկացրեց, որ Կոմիտասյան օրերի ընթացքում իրենց մեկ-երկու դասախոսներ հանդես կգան արտագնա դասախոսություններով, կկայանա գիտաժողով մշակութային բուհերի եւ քոլեջների ուսանողների մասնակցությամբ, Մանկավարժական համալսարանում բանասիրական գիտությունների թեկնածու Քնարիկ Հակոբյանը կներկայացնի իր նոր գիրքը, իսկ գիտաստեղծագործական շաբաթը կեզրափակվի պրոֆեսորա-դասախոսական կազմի գիտաժողովով: Մեր զրուցակիցը հավելեց, որ այդ օրը հյուրերի համար անակնկալ է նախատեսված, բայց չբացեց փակագծերը:

Բացման համերգին ականատեսը եղանք կոմիտասյան հայտնի գործերի մեկ-երկու այնպիսի կատարումների, որոնք լայն ունկնդրին ներկայացնելու դեպքում «կապահովեին» բազմակարծություն, օրինակ՝ հենց կոնսերվատորիայի ասպիրանտ Վահագն Վարդանյանի կատարմամբ հնչած դաշնամուրի համար Վիլի Սարգսյանի կողմից արված մշակումները կամ կոնսերվատորիայի շրջանավարտ, շվիահար Հելբերտ Ասատրյանի մշակմամբ մատուցած հայտնի Մշո «Բինգյոլը»՝ շվիի եւ թավջութակի համար, կլարնետահար Հովհաննես Զիրոյանի եւ դաշնակահար Կարինե Հովհաննիսյանի ներկայացրած մշակումը: Իսկապես նորություն էին կոնսերվատորիայի դասախոս Էմմա Ասատրյանի ուսանողների մեկնաբանմամբ Վարդապետի երկերի ջազ-վոկալ «Հով արեք, սարեր» երգի մեկնաբանումն ու ֆլեյտայի, ջութակի, կիթառի անսովոր «Տիեզերք» անսամբլի մատուցած ստեղծագործությունը (մենակատար՝ ֆլեյտահար Լուսինե Գալստյան): Վերջինի դեպքում ջութակահարը իր գործիքը կիթառի էր վերածում, միաժամանակ երգում: Եվ ընդհանրապես, բացման համերգին երգերի մեկնաբանմամբ հանդես էին գալիս նաեւ դաշնամուրի, ջութակի բաժիններում սովորող ուսանողներ:

Դիտարկմանը, թե՝ պրոռեկտորն ինչ վերաբերմունք ունի կոմիտասյան նման փորձարարական մեկնաբանություններին,  Ծովինար Մոսիսյանը պատասխանեց. «Գուցե ակադեմիական ունկնդիրը նման մեկնաբանություններն ընդվզումով ընդունի, սակայն դուք ականատեսն էիք դահլիճում ներկա հանդիսատեսի, այդ թվում՝ պրոֆեսիոնալ երաժիշտների ջերմ արձագանքին: Ի վերջո, թեկուզեւ կոմիտասյան երաժշտությունը ապրեցնելու համար այն պետք է հաճախ հնչեցնել այսօրվա ունկնդրին հոգեհարազատ, հասկանալի եւ սրտամոտ ձեւերով ու միջոցներով»:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930