Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատուր Սուքիասյան. «Սերժ Սարգսյանը վատ ղեկավար էր, նաեւ շատ վատ ընկեր է, ինքը Ղարաբաղից եկավ, բոլոր իր հին ընկերներին մոռացավ»

Դեկտեմբեր 02,2019 16:46

Այսօր գործարար Խաչատուր Սուքիասյանը Աբովյանում «Էյ Դի Էլ Դայմոնդս» ադամանդագործական ընկերության բացման արարողությունից առաջ պատասխանելով՝ լրագրողների հարցերին, անդրադարձավ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԵԺԿ ամբիոնից ՀՀ իշխանությունների հասցեին արած քննադատություններին: Սուքիասյանի խոսքերով. «Ես հարգում եմ ցանկացած պաշտոնյայի, ով նախկինում գործել է: Եվ Սերժ Սարգսյանն է շատ դրական գործել, որովհետեւ ունեցել ենք Սահմանադրություն, ինչ-որ սահմաններ պահել է: Բայց Սերժ Սարգսյանը շատ վատ ղեկավար է եղել, ամեն ինչ արել է իր, իր փեսայի, իր չգիտեմ ում համար: Սերժ Սարգսյանին ես շատ լավ ճանաչում եմ, իր հետ շատ լավ զրույց եմ ունեցել տարբեր ժամանակներում»:

Լրագրողի դիտարկմանը՝ լավ հարաբերություններ եք ունեցել Սերժ Սարգսյանի հետ, գործարարը պատասխանեց. «Լավ հարաբերություններ ունենալը դուք եք ինձ ասում, դուք պետք է լսեք, թե ինչ եմ ասում ես: Եթե Սերժ Սարգսյանն ինձնից գործարան է խլել, ես չեմ կարծում, որ իր հետ լավ հարաբերություններ եմ ունեցել: Ես նախկինում ասել եմ՝ բարիդրացիական հարաբերություններ եմ ունեցել, չեմ ասել՝ լավ։ Սերժ Սարգսյանը նաեւ շատ վատ ընկեր է, որովհետեւ երբ երկիրը՝ Հայաստանի հանրապետությունը կառուցվում էր, երբ ինքը Ղարաբաղից եկավ, բոլոր իր հին ընկերներին մոռացավ: Մինչեւ անգամ նրան էլ մոռացավ, ումից ընդունեց նախագահությունը: Խաբելը շատ վատ բան է էս երկրում, եթե առաջին դեմքի մակարդակով մարդը կարա սուտ խոսի, կործանված է եւ այն մարդը, եւ այդ միջավայրը, որտեղ ինքն ապրում է»:

Սուքիասյանի խոսքերով. «Ես ուզում եմ հասկանալ Եվրոպայի պաշտոնյաներին, եվրոպացիները շատ լավ գիտեն, որ այս երկրում մեծ կոռուպցիա է եղել, եւ երբ այդ մարդուն ամբիոն են տալիս, որպեսզի նա Եվրոպայում խոսի, դա նշանակում է, որ եվրոպական երաշխիքներ են տալիս։ Ես պետք է հասկանամ՝ Եվրոպայում այդ պաշտոնյաները երկու ստանդարտ ունե՞ն, հասկանանք, ինչ ձեւով են իրենք առաջնորդվում, տրամաբանում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ». ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում պատասխանել է Խաչատուր Սուքիասյանին՝ մասնավորապես գրելով. «Ինչ-որ մեկի ընկեր լինելու մասին կարող են խոսել նրանք, ովքեր վերջինիս ընկերներն են: Հայտնի փաստ է, որ Սերժ Սարգսյանը թե մանկության, թե ուսանողական, թե մարտական եւ թե կուսակցական ընկերների հետ ընտանիքներով է ընկերություն անում՝ անկախ իր ընկերների սոցիալական դիրքից եւ գրպանի պարունակությունից, քաղաքական իրավիճակից: Թեեւ սույն անձը հեղափոխությունից առաջ պատմում էր, թե ինչպիսի բարիդրացիական հարաբերություններ ունի Նախագահ Սերժ Սարգսյանի հետ, բայց նա երբեւէ Սերժ Սարգսյանի ընկերը չի եղել»:

 

Լուսանկարում՝ 2016 թվականին Սերժ Սարգսյանը «Ռոսիա Մոլ» կենտրոնի բացմանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031