Լրահոս
Օրվա լրահոսը

«Համարեք, որ ես գյումրեցի եմ և ուզում եմ այստեղ մի հատ տուն առնել»․ նախագահ Արմեն Սարգսյանը՝ գյումրեցիներին

Դեկտեմբեր 07,2019 19:38

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը փորձում է մեր բոլոր հայրենակիցներին՝ Սփյուռքից մինչև մայրաքաղաքի բնակիչներին բացատրել, որ Հայաստանը միայն Երևանը չէ, Հայաստանը մեր ամբողջ երկիրն է։

«Իմ առաքելությունը սկսվում է նրանով, որ կյանքը, սերը, վերաբերմունքը վերադարձնենք Գյումրի, որպեսզի յուրաքանչյուր հայ փոխանակ գնա արտասահման կամ նույնիսկ կողքի երկիր գնա տոները՝  Նոր Տարին, կամ  ամառն անցկացնելու, գա Գյումրի։ Այս քաղաքն այնքան առաջարկելու  բան ունի՝ և՛ մշակույթ, և՛ համեղ ուտելիք, ամեն ինչ։

Ուրեմն կառուցողական եկեք մոտենանք, որ սրանից  ասենք ևս տաս տարի հետո շուռ չգանք ու չասենք՝ ինչո՞ւ չարեցինք, եկեք որոշենք, բոլորս միասին անենք, որ այդ հարցը երբեք չբարձրանա»,-ասաց նախագահը։

Արմեն Սարգսյանին հարցրեցին վարչապետ լինելու տարիներին հետերկրաշարժյան Գյումրի իր կատարած այցի մասին։

«Եթե անկեղծ ասեմ, երբ որ ես վարչապետ դարձա, երիտասարդ է և շատ փորձառու էի․ շատ բան էի տեսել, գուցե այսօր ավելի փորձառու եմ, քան այն ժամանակ, միաժամանակ կարծում էի՝ անելու բան շատ ունեմ և պարտականություններ։ Անկեղծ ասած, երբ որ Գյումրի եկա, որպես արդեն վարչապետ, սպասում էի, որ մարդիկ ինձ դժվար կընդունեն։ Գիտեք ինչ, երկար տարիներ մոռացված մարդիկ էին, այն օրերին, իհարկե, սարսափելի էր, մարդիկ որտեղ էին ապրում, ինչպես էին ապրում․․․  Ճիշտն ասած,  պատրաստ էի ամեն խոսքի, ամեն վերաբերմունքի, որը, որպես վարչապետ, պետք է կրեի իմ վրա, պատասխան պիտի տայի, սակայն լրիվ հակառակը եղավ, մարդիկ այնքան ջերմ ու բարի ինձ ընդունեցին։

Եվ այդ տնակի մասին որ խոսում եք, տատիկ էր, ուղղակի ասաց՝ արի գնանք իմ տունը, ոչ թե ասաց՝ արի գնանք իմ տնակը, որ տեսնես ինչ վատ եմ ապրում, տարավ տուն, որպեսզի հյուրասիրի։ Այսինքն գյումրեցին, որ իր այդ փոքրիկ տնակի մեջ չգիտեմ ինչպես էին տաքացնում, ինչպես էին ապրում այդ պայմաններում, իր սիրտը բացեց, իր ունեցածը կիսեց ինձ հետ։

Եվ, անկեղծ ասած, դրանից հետո ամեն տարի, հենց էդ է, որ գյումրեցիների արժանապատվությունը և սերը շատ ավելի մեծ բեռ դարձավ ինձ համար, և երբ ես առողջության պատճառով չկարողացա շարունակել  իմ գործը, երկար տարիներ մղձավանջներ ունեի, երազներ որ տեսնում էի, տեսնում էի Գյումրին։ Այնպես որ, ինձ համար պարտականություն է, համարեք, որ ես գյումրեցի եմ  և ուզում եմ այստեղ մի հատ տուն առնել»:

Նախագահը, դիմելով Հայաստանի հյուսիսի ժողովրդին՝ և՛  գյումրեցիներին, և՛ սպիտակցիներին,  և՛ վանաձորցիներին, որոնք ողբերգություն ապրելով, բայց համբերատար տանելով  իրենց դժվարությունը, բեռը, դժբախտությունն, ասաց՝ ժամանակը եկել է, որ իրենց հայացքն ուղղեն դեպի Հյուսիս։

«Այն սերը, որ մեր սրտում պահել ենք 30 տարի, այն ջերմությունը, այն հոգատարությունը և այն մեծ գնահատականը, որ ունենք ձեր համբերատարության համար, ձեր արժանապատվության համար, ժամանակը եկել է, որպեսզի վերադարձնենք ձեզ։ Վերադարձնենք ոչ միայն որպես գյումրեցինեի, սպիտակցիներ, ոչ միայն վանաձորցիներ, այլ որպես ողջ հայ ժողովուրդ և՛ Հայաստանում, և՛ Արցախում, և՛ ողջ Սփյուռքում։ Ժամանակը եկել է, որպեսզի բոլորս միասին վերականգնենք այս հոյակապ քաղաքը՝ Գյումրին, և՛ Սպիտակը, և՛ Վանաձորը և կյանք ու ուրախություն բերենք նորից։

Երեկ ես բախտ ունեցա մեր այսօրվա և ապագա երիտասարդ գյումրեցիներին լսելու և ուղղակի ամբողջ հոգով ուրախանալու, որ իսկապես կյանքը հաղթել է մահվան»,-ասաց Արմեն Սարգսյանը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031