Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Քոչարյան. Օրինագիծը գաղտնալսումների իրականացումը հնարավոր է դարձնում ոչ թե ԱԱԾ կապուղիներով, այլ հենց՝ ոստիկանության

Դեկտեմբեր 12,2019 12:12 Share

Համացանցում ակտիվորեն քննարկվում է ոստիկանությանը գաղտնալսման իրավունք տալու հարցը, այսինքն` պատգամավորական նախաձեռնության կարգով Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օրինագիծը: Դատելով առանձին հուզառատ գրառումների բովանդակությունից ՝ մեր քաղաքացիներին խնդրի էությունը լրատվամիջոցներով ճիշտ չի պարզաբանվում:

Օրինագիծը ոստիկանությանը գաղտնալսման իրավունք չի վերապահում, այլ՝ գաղտնալսումների իրականացումը հնարավոր է դարձնում ոչ թե Ազգային անվտանգության ծառայության կապուղիներով, այլ հենց՝ ոստիկանության: Ոստիկանությունը գաղտնալսումներ իրականացրել և իրականացնում է, սակայն ներկայումս այս միջոցառումն ապահովում է ազգային անվտանգության ծառայությունը, այսինքն՝ կատարվում է միջնորդավորված կարգով: Օրինագծի ընդունման դեպքում կրճատվելու է բյուրոկրատիան, հետևաբար այն դրական ազդեցություն է թողնելու ոստիկանության կողմից հանցագործությունների բացահայտման աշխատանքների վրա, հատկապես բնակարանային գողությունների, բռնի , քողարկված, այդ թվում կազմակերպված հանցագործությունների բացահայտման ու կանխարգելման: Ժամանակակից որևէ պետությունում օպերատիվ ծառայությունները միմյանց գաղտնի աշխատանքների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավունք չունեն, այն հետախուզական գործունեության կոնսպիրատիվության սկզբունքի կոպիտ խախտում է: Վերահսկողություն պետք է իրականացնեն դատախազությունը, դատարանները և քաղաքական իշխանության մարմինները: Ընդունված օրինագիծը հենց այս տրամաբանությունն է զարգացնում:

Այլ խնդիր է, որ պետք է բացառել կամայական գաղտնալսումների հնարավորությունը , բայց սա արդեն ոչ թե առանձին պատգամավորների, այլ կառավարության և պառլամենտի տնօրինման հարցն է: Գործող օրենսդրությամբ գաղտնալսումների օրինականության երաշխավորման մեխանիզմները, մեղմ ասած, անկատար են: «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքն այլևս «արխայիկ» իրավական ակտ է, չի արտացոլում հատուկ օպերացիաների վերաբերյալ միջազգային ստանդարտներն ու միջազգային լավագույն փորձը: Արդյունքում ՝ մեզնից շատերն,առանց հիմնավոր պատճառների, իրենց ընտանիքի անդամների հետ խոսում են whatsapp, viber և այլ ինտերնետային հավելվածներով: Սա անընդունելի իրողություն է. բարոյահոգեբանական և իրավական երանգներին չեմ անդրադառնում:

Օրինագիծը մերժելով՝ այս կարևոր խնդիրը լուծում չի ստանալու, իսկ օպերատիվ աշխատանքները հնարավոր չէ դադարեցնել: Նույնիսկ միայն մեկ իրավապահ մարմնի վերահսկողության ներքո գաղտնալսման պրակտիկայի շարունակությունը, այսինքն իրավիճակն անփոփող թողնելը, չի լուծելու կամայական լսումների բացառման հարցը, քանի որ այդ մեկ մարմինն էլ է գործում առկա անկատար իրավակարգավորումների տիրույթում: Հետևաբար, առաջարկում եմ դադարեցնել օրինագծի ընդունման դեմ նկատվող քարոզչությունը, քանի որ այն շեղում է հանրության ուշադրությունը գլխավոր հիմնահարցից և գործի դնել ժողովրդավարական բոլոր մեխանիզմները կամայական գաղտնալսումների բացառումը երաշխավորող նոր և որակյալ օրենսդրական ակտեր արագ ընդունելու ուղղությամբ:

Հովհաննես ՔՈՉԱՐՅԱՆ

Նախկին փոխոստիկանապետ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031