Լրահոս
Օրվա լրահոսը

Չտեսավ իր գրքի հրատարակությունը

Դեկտեմբեր 20,2019 13:00

Գրախոսության փոխարեն 

Ավ. Իսահակյանի անվան գրադարանում տեղի ունեցավ ճանաչված մտավորական, ճարտարապետության, գրականության եւ արվեստի, այդ թվում եւ Հովհաննես Թումանյանի մասին բազմաթիվ գրքերի հեղինակ Գառնիկ Շախկյանի «Թումանյանական հանրագիտակ» աշխատության շնորհանդեսը: Գրքի տպագրությանը աջակցել են «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը եւ «Բեյզ Մետըլս» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արթուր Մկրտումյանը: Գիրքը տպագրության է պատրաստել «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը, որի խոսքն էլ նոր լույս տեսած գրքի մասին ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

«Ամենայն հայոց բանաստեղծի 150-ամյա հոբելյանից երկու տարի առաջ էր։ Մի օր առավոտյան զանգահարեց Գառնիկ Շախկյանը եւ ասաց, որ ուզում է շտապ հանդիպել եւ արագ անջատեց հեռախոսը։ Անհանգստացա՝ ինչ-որ բա՞ն է պատահել… Մինչ կփորձեի նրան գտնել, արդեն իմ աշխատասենյակում էր։ Լուռ մեկնեց մի նամակ եւ ասաց, որ կուզենար այն «Լոռվա ձոր» հայրենակցական միության անունից հասցեագրել երկրի ղեկավարությանը, որպեսզի ողջ 2019 թվականը նշվի որպես Թումանյանական: Ծավալուն նամակում հստակ գնահատանք էր եւ կոնկրետ առաջարկություններ։ Ինչպես եւ բնորոշ էր Գառնիկ Շախկյանին, ամեն ինչ հիմնավորված էր, կշռադատված, չափված ու ձեւված: Մեր հանդիպման վերջում ավելացրեց, որ նաեւ մի գիրք է պատրաստում՝ նվիրված Հովհաննես Թումանյանի կյանքին եւ ստեղծագործությանը, եւ այն երեւի հետաքրքիր թումանյանական հանրագիտակ կարող է դառնալ՝ մեծ բանաստեղծի գերդաստանի պատմությունից սկսած մինչեւ նրա 54-ամյա կյանքի ավարտը, ինչպես նաեւ հետաքրքիր եւ ինքնատիպ պատմություններ ու դիպվածներ, որոնք առնչվում են մեր մեծ հայրենակցին:

Լռեցի, քանի որ գիտեի այն մեծ աշխատասիրության ու նպատակամետության մասին, որ ուներ 80-ամյա տարիք, բայց եւ ստեղծագործական ակտիվ որոնումներ ունեցող ճանաչված գիտնական-ճարտարապետը՝ իր հիմնական մասնագիտությամբ բազմաթիվ գրքերի հեղինակը («Լոռի». պատմության քարակերտ էջեր», «Հայ ճարտարապետության յոթ հրաշալիքները», «Ոգի, գույն, կերպար» եւ այլն), հայրենագիտության եւ թումանյանագիտական աշխարհ մտած Գառնիկ Շախկյանը՝ Լոռվա Շնող գյուղից սերված, անհատնում իր հայրենի եզերքին նվիրված, բայց եւ իր մասնագիտական արժեքներից չբաժանված, Հայաստանի գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչմանն արժանացած, միշտ շարժուն ու անհագիստ մարդ-անհատականությունը։

Դրանից հետո այնպես ստացվեց, որ նա իր նոր գրքի մասին պարբերաբար տեղեկություններ էր տալիս կամ էլ խորհուրդներ հարցնում: Տեսնում էի, որ, չնայած դժվարություններին, գիրքը կամաց-կամաց ամբողջանում է։ Չէի հարցնում, բայց գիտեի, որ առողջական լուրջ խնդիրներ ուներ, որը խնամքով թաքցնում էր։ Երբեք չէր բողոքում կյանքից ու իր ապրած ժամանակից, այլ նախընտրում էր խոսել կատարված, ընթացիկ եւ սպասվելիք գործերից։

Մեր վերջին հանդիպումը 2018-ի աշնանամուտին էր, հետաքրքրվեց, թե ինչ արձագանք է ունեցել դեռեւս մեկուկես տարի առաջ երկրի ղեկավարությանը հասցեագրված նամակը եւ ասաց, որ իր խոստացած գրքի վերջին էջերն է գրում։ Այդ նույն ընթացքում հասցրել էր ընդհատել թումանյանական որոնումները եւ գրքույկ գրել Հովհան Օձնեցի կաթողիկոսի մասին՝ նրա գահակալության 1300-ամյակի առթիվ։ Այլ կերպ չէր կարող վարվել Գառնիկ Շախկյանը, որովհետեւ չէր կարող անտարբեր լինել իր մեծ հայրենակցի նկատմամբ։

Մեր այդ վերջին հանդիպման ժամանակ հարցրեց, թե արդյո՞ք հնարավոր կլինի Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանի շրջանակներում հրատարակել նաեւ իր գիրքը։ Ասացի, որ կոնկրետ որեւէ բան ասել չեմ կարող, բայց բարի գործերի համար Բարձրյալը միշտ էլ մի դուռ է բացում։

Ցավոք, շատ չանցած՝ 2018 թվականի նոյեմբերի 29-ին այս աշխարհից հեռացավ Գառնիկ Շախկյանը։ Մահվանից 10 օր կամ երկու շաբաթ առաջ էր՝ զանգահարեց, ասաց Ալավերդիում է, եղբոր տանը, մի փոքր անառողջ է, բայց հիմա ավելի շատ է մտածում իր գիրքը տպագրելու մասին, կուզենար իր հարգանքի տուրքը այդպես մատուցել Ամենայն հայոց բանաստեղծին: Ասացի, որ դիմել ենք տարբեր հասցեներով եւ երեւի ինչ-որ արդյունք շուտով կունենանք։

Լռեց եւ անջատեց հեռախոսը, իսկ օրեր անց տխուր լուր ստացանք նրա մահվան մասին. ուրեմն ինքը այդ ժամանակ ինչ-որ զգացում ուներ։ Նրա մահը ինձ համար պատգամ դարձավ՝ միջոցներ գտնել եւ տպագրել հայրենագիտության նվիրյալի թումանյանական վերջին գիրքը։

Այսպիսով, կատարվեց այլեւս մեր կողքին չգտնվող՝ Թումանյանին նվիրված մտավորականի երազանքը՝ մի կողմից, մյուս կողմից՝ ընթերցողը թումանյանական հոբելյանական տարում իր գրասեղանին կունենա «Թումանյանական հանրագիտակ», Գառնիկ Շախկյանի բծախնդիր աշխատասիրությամբ ու շարադրմամբ մի նոր ստեղծագործություն։ Այստեղ տեղին է ավելացնել, որ թումանյանական աշխարհ վաղուց էր մտել Գառնիկ Շախկյանը, ով ընթերցողի սեղանին է դրել «Հովհաննես Թումանյան. Հայրենագիտական համանվագներ», «Մեր Թումանյանը՝ ժպտադեմ, զվաճախոս ու զարմանահրաշ», «Թումանյանի ընտանեկան աշխարհը» խոր հայրենագիտական ակունքներ եւ վերլուծություններ ունեցող գրքերը: Գառնիկ Շախկյանը նաեւ նախաձեռնեց Թումանյանական հանրագիտարանը, որն այսօր պատրաստվում է տպագրության ՀՀ ԳԱԱ հանրագիտարանի խմբագրությունում»:

Կարինե ՏԻՏԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
19.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031