Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ ճակատագիր է սպասվում Մարալիկի ծննդատանը․ առողջապահության նախարարի պատասխանը՝ պատգամավորին

Հունվար 16,2020 22:15

Շիրակի մարզից ընտրված «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը  Մարալիկիում տեղի ունեցած բողոքի ակցիաներից անմիջապես հետո՝ հունվարի 9-ին հարցում էր ուղարկել  ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ հետաքրքրվելով  «Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲԸ-ի ճակատագրով։

«Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲԸ-ն փակելու վերաբերյալ պատգամավորի հարցադրմանը նախարարը պատասխանել  է, որ իր կողմից ստեղծված բժշկական օգնության և սպասարկման պետական պատվեր տեղադրող հանձնաժողովի N3.28 որոշմամբ մասնակի մերժվել  է «Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲԸ-ի կողմից ներկայացված պետական պատվերի հայտը՝ մանկաբարձական և գինեկոլոգիական տեսակների մասով։

«Հիմք ընդունելով առողջապահության նախարարի 17․09․2015թ․ N 49-ը հրամանով հաստատված բժշկական օգնության և սպասարկման պետական պատվերի տեղադրման կարգի N6 հավելվածի 14-րդ կետի 3-րդ ենթակետը՝ «Հանձնաժողովի կարծիքով բացակայում է հայտատուի մոտ բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակի գծով պետական պատվեր տեղադրելու հիմնավորվածությունը՝հաշվի առնելով տվյալ տարածաշրջանում  պետական պատվերով իրականացվող  նմանատիպ այլ  ծառայությունների առկայությունը և դրանց ծանրաբեռնվածության մակարդակը, ինչպես նաև նշված ծառայության գծով բնակչության շրջանում առկա պահանջարկը։

2020 թվականին «Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲԸ-ն շարունակելու է պետական պատվերի շրջանակներում  բժշկական օգնություն և սպասարկում իրականացնել  մանկաբարձագինեկոլոգիական ընդհանուր պրակտիկա բժշկական օգնություն և սպասարկում տեսակով՝ այդ թվում հղիների նախածննդյան հսկողություն», -մասնավորապես նշված է նախարարի պատասխանի մեջ։

Նախարարն այնուհետ հիշեցնում է, որ «Մարալիկի առողջության կենտրոն»-ի մանկաբարձագինեկոլոգիական ծառայության մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքների վերլուծությունը ցույց է տվել, որ բազմաթիվ չափանիշներով ծառայությունը չի համապատասխանում  մանկաբարձական բուժօգնության նվազագույն առաջին մակարդակին, մասնավորապես ծնունդների թիվը, որն առնվազն պետք է լինի 150, վերջին չորս տարիներին տատանվում է 100-126-ի շրջանակներում։

Արսեն Թորոսյանի պատասխանի մեջ նշվում է նաև, որ ստացիոնար ծառայությունը չունի 1-ին մակարդակի համար սահմանված ենթակառուցվածքներ, կադրային ու սարքավորումային հագեցվածություն ( Տես նախարարի գրությունը):

Մանրամասն թվարկելով այս ամենը՝  նախարարը միաժամանակ նշում է, որ Մարալիկի առողջության կենտրոնի մանկաբարձական ծառայությունից հիմնականում օգտվում են ոչ թե 17, այլ 5-6 համայնքների՝ մասնավորապես Մարալիկի ավանի, Լանջիկի, Ձիթհանքովի, Քարաբերդի, Գուսանագյուղի, Սառնաղբյուրի  հղիները, իսկ մնացած համայնքների հղիները ծննդաբերում են Շիրակի մարզի այլ բժշկական կազմակերպություններում։

«Միաժամանակ հայտնում եմ, որ համայնքի ներկայացուցիչների հետ առողջապահության նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև սույն թվականի փետրվարի 15-ը բարելավել բուժհաստատության կադրային և լաբորատոր գործիքային հագեցվածությունը և համապատասխանեցնել առաջին մակարդակի չափանիշներին, որից հետո կրկին կիրականացվի մանկաբարձագինեկոլոգիական ծառայության վերագնահատում և համապատասխանության դեպքում  կտեղադրվի պետական պատվեր»,- նշված է նախարարի՝ պատգամավորին ուղղված գրության վերջում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031