Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Ես կարծում եմ, Գեորգի Կուտոյանի դեպքը չպետք է դնել լայն կոնտեքստում, սա առանձին դեպք պետք է դիտարկել». Արմեն Գրիգորյան

Հունվար 19,2020 20:42

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր մասնակցում էր ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությանը:

Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ բոլորը հետաքրքրված են, որ հետաքննությունը հնարավորինս բաց լինի եւ հանրությունն ամբողջովին տեղյակ լինի եւ եթե կա անվտանգության հետ կապված որեւիցե սպառնալիք, ամբողջությամբ պետք է դեպքը հետաքննել ու հանրությանը ներկայացնել. «Քննչական մարմինը այս պահին ինչ անհրաժեշտ է՝ տեղեկացնում է: Կարող եմ ասել, որ այս իշխանությունը ամբողջովին հետաքրքրված է, որ հետաքննությունը բաց լինի»:

Հարցին՝ անձամբ ճանաչե՞լ եք նրան՝ Արմեն Գրիգորյանը պատասխանեց, որ երբեւէ շփում չի ունեցել Կուտոյանի հետ, ուղղակի ճանաչել է նրան՝ որպես պաշտոնյա:

Հարցին՝ մտահոգություն չե՞ք տեսնում՝ ուժային կառույցների ղեկավար մարմնից արդեն երրորդ պաշտոնյան է այսպես մահանում՝ Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Մարդը, պետական համակարգը եւ մտածողությունն այդպիսի հատկություն ունի ընդհանուր կոնտեքստի մեջ դնելու, բայց էս պահին հետաքննությունով կատարված նախնական ձեռք բերված տվյալների շրջանակներում, ես կարծում եմ, չպետք է սա դնել լայն կոնտեքստում, սա առանձին դեպք պետք է դիտարկել ու ըստ դրա էլ տրամաբանությունը կառուցել: Բնականաբար, բոլոր վարկածները սեղանին են, այս պահին եզրահանգման չենք եկել, բայց հետաքննությունը կպարզի»:

Հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում այն, որ վարչապետի կողմից ցավակցություն չեղավ՝ Արմեն Գրիգորյանը պատասխանեց, որ կառավարության աշխատակազմի ցավակցությունը հենց դիտարկվում է, որ վարչապետը ցավակցություն ուղարկել է. «Այս առումով ցավակցություն կա, բոլորիս համար ողբերգական դեպք է ու սա քննարկելու հարց չի»:

Հարցին՝ ատելության մթնոլորտը չի՞ մտահոգում, սոցցանցերում ասում են, թե հաջորդը ՀՀԿ-ականներից ով պետք է լինի՝ Արմեն Գրիգորյանը պատասխանեց.«Բնականաբար, մտահոգություն կա: Ես կոչ կանեի, որ բոլորս զսպվածություն ցուցադրեինք, սա պատասխանատու պահ է ու բռնության կոչն անընդունելի է: Ողբերգության դեպքում շատերը երբեմն հաշվի չեն առնում, որ իրենց գրառումները կարդում են նաեւ ընտանիքի անդամներ: Սա ողբերգական դեպք է, ես բոլորին կոչ կանեի զսպվածություն ցուցաբերել»:

Հռիփիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031