Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր Եսայի. «Կարծրատիպը, թե կրակի ավանդույթը հեթանոսական է, սխալ է»

Փետրվար 12,2020 16:01

«Տյառնընդառաջը 40 օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնն է։ Ավետարանական այս պատմությունը, որը ընկած է տոնի հիմքում, իր մեջ ներառում է մեզ համար շատ կարևոր, հոգևոր պատգամ և խորհուրդ։ Ինչպես տոնի անունն է՝ «տիրոջն ընդառաջ գնալ», սա պարզապես ձևակերպում չէ, որը մենք կապում ենք միայն տոնի անվան հետ, տոնի բովանդակությունը հենց տյառնընդառաջն է, այսինքն՝ քրիստոնյայի համար Քրիստոսին ընդառաջ գնալը, դա իր հոգևոր կյանքի պայքարն է, իսկ Քրիստոսին ընդառաջ գնալու խորհուրդը յուրաքանչյուր հավատացյալի, յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքի առաքելությունն է», – փետրվարի 12-ին «Բլից ինֆո» մամուլի ակումբում ասաց Առաջնորդանիստ Ս․ Սարգիս եկեղեցու քահանա Տեր Եսայի քահանա Արթենյանը։

Լրագրողի հարցին, թե որոնք են տյառնընդառաջի ավանդույթները, Տեր Եսայի քահանա Արթեյանը պատասխանեց, որ հիմնականում ժողովրդի մեջ կրակն է ընդգծվում և կարևորվում, կրակի ավանդույթը կատարվում է 13-ի երեկոյան, ժամերգությունից հետո։ Նա նաև նշեց, որ այդ ժամը հաստատվում է ըստ եկեղեցու տոնացույցի (ըստ որի օրը փոխվում է), որն էլ հաճախ մարդկանց մոտ թյուրիմացություն է առաջացնում, շատերը կարծում են, որ եթե ծիսակարգը կատարվում է 13-ի երեկոյան, ապա տոնը այդ օրն է, սակայն նա ավելացրեց, որ տյառընընդառաջի օրը չի կարող փոխվել, Քրիստոսի ծնունդը՝ հունվարի 6-ը անշարժ է, 40 օր հետո փետրվարի 14-ն է, պարզապես կրակի այդ ավանդույթը, որը կա, կատարվում է ըստ եկեղեցու տոնացույցի և համարվում է տյառընդըդառաջի նախատոնակ։

«Կրակի ավանդույթը մարդիկ շատ հաճախ կապում են նորապսակների հետ, թեև այս տոնը՝ տյառընըդառաջը, որպես հոգևոր տոն, տերունական խորհրդի հետ կապված տոն, դա բոլորիս տոնն է։ Իրականում եկեղեցին կրակ վառելու ավանդույթին վերաբերվում է որպես պարզ և գեղեցիկ ավանդույթ, և դրա մեջ, բացի Քրիստոսի լույսի խորհրդից, ուրիշ խորհուրդ չի տեսնում, և եկեղեցին խրախուսում ու հորդորում է՝ որևէ գուշակություն կրակի հետ չկապել, կամ որևէ կերպ այդ կրակի խորհրդի մեջ փրկության խորհուրդը չտեսնել, դա ընդամենը ավանդույթ է, ինչպես որ եկեղեցում մենք մոմ ենք վառում, որպես Քրիստոսի լույսի խորհրդանիշ, մոմ վառել-չվառելով մեր հոգին չի փրկվում և դրանով չէ պայմանավորված մեր փրկությունը, մեր փրկությունը պայմանավորված է մեր հավատքով։ Նույնն էլ տյառընընդառաջի լույսը, դա ընդամենը Քրիստոսի լույսն է խորհրդանշում, և մարդու փրկության խորհրդի հետ ուղղակի որևէ առնչություն չունի»․ – ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը։

Նա նաև նշեց, որ այն կարծրատիպը թե կրակի ավանդույթը հեթանոսական է, միանշանակ սխալ է, քանի որ կրակը ոչ մի կրոնի չի պատկանում, ինչպես նաև ջուրը և այդպես շարունակ, սրանք Աստծո արարչության տարրերն են, որոնք օգտագործվում են բոլոր կրոններում էլ։

Ասուլիսի մյուս մասնակիցը՝ «Ավանդական տոների վերածնունդ» կրթամշակութային կենտրոնի ՀԿ նախագահ Հասմիկ Բաղրամյանը, այն հարցին թե ավանդական ծեսերի պահպանումը, որքանով է նպաստում ազգային արժեքների պահպանմանը, պատասխանեց. «Նրանք միմյանց վրա ազդում են անմիջականորեն։ Ավանդական տոները, ինչպես եղել են ժողովրդի ստեղծումից մինչև այսօր, պահում են ժողովրդի ինքնությունը և 21-րդ դարում, երբ թվում է թե այդ ամենը շատ երկար տարիներ առաջ է եղել և պետք է վերանար, կամ վերացման եզրին լիներ, ի զարմանս մեզ այդ բոլոր տոներին յուրահատուկ նշանակություն է տրվում, որպես ազգապահպանման մի գործ»։

Էլինա ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829